Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՊԱՅԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԿԱՅԱՑՈՒՄԸ



Սկիզբը՝ նախորդ համարներում

Հայաստանի խորհրդայնացումից հետո սպաների պատրաստման խնդիրը նույնպես չկորցրեց իր կարևորությունը: Այդ տարիներին ահա թե ինչպես է բնութագրել ազգային բանակը և հայ զինվորականին լեգենդար հրամանատար, Հայկական ԽՍՀ ռազմական գործերի ժողովրդական կոմիսար և 12-րդ կորպուսի հրամանատար Հայկ Բժշկյանցը. «Ճիշտ է, հին ազգային բանակները քայքայման ենթարկվեցին ու պարտություն կրեցին, բայց դրա մեջ ամենից քիչ հայ մարտիկն էր մեղավոր: Հայտնի է, որ հաղթելու համար անհրաժեշտ է ունենալ իր բարձրության վրա կանգնած հրամկազմ, անհրաժեշտ է պատերազմի պարզ նպատակ: Ահա այդ երկու նախապայմանները ազգային բանակներում և մասնավորապես՝ հայկականում, չեն եղել»:

Հայաստանի խորհրդայնացումից հետո հայկական կանոնավոր բանակի (հայկական դիվիզիայի) շարքերն անցան շատ նախկին սպաներ, ինչը, սակայն, բավարար չէր դիվիզիայի առջև դրված խնդիրները կատարելու համար, քանի որ ծագեցին հրամանատարական կադրեր պատրաստելու նոր խնդիրներ, որոնց լուծման համար 1921թ. հունիսի 19-ին ՀԽՍՀ հեղափոխական խորհրդի թիվ 64 հրամանով Երևանում հիմնադրվեցին առաջին հրամանատարական դասընթացները: Հուլիսի 8-ին ԽՍՀՄ հեղափոխական խորհրդի թիվ 484 հրամանով դասընթացները վերածվում են կանոնավոր եռամյա դպրոցի և կոչվում Հայկական ռազմական դպրոց: Նույն թվականի հոկտեմբերին դպրոցին տրվում է նոր անուն՝ Հայկական միացյալ ռազմական դպրոց: Հայկական միացյալ ռազմական դպրոցը հայկական հրաձգային դիվիզիայի համար հիմնականում կրթում էր միջին հրամանատարական կազմին (դասակի հրամանատարից մինչև առանձին վաշտի հրամանատար): Կրտսեր հրամանատարականը (ջոկի հրամանատարից մինչև ավագ) իր պատրաստությունը ստանում էր զորամասերին կից դպրոցներում: Բանակը դաստիարակվում էր ինտերնացիոնալի ոգով` ծառայելով, փաստորեն, անմիջականորեն ոչ թե ազգային, այլ «ինտերնացիոնալ» գաղափարներին: «Հայրենիքի պաշտպանություն» հասկացությունը կորցրեց իր բուն նշանակությունը:

ՄԵՐՕՐՅԱ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ

Խորհրդային Միության փլուզումից հետո՝ 1992թ., Ադրբեջանի հրահրած պատերազմի պայմաններում կազմավորվեց Հայաստանի Հանրապետության բանակը: Մինչ այդ, մոտ երկու տարի արցախյան ճակատում ընթանում էին մարտական գործողություններ, որոնց ողջ ծանրությունը կամավորական ջոկատների ուսերին էր: Եվ չէր կարող հետզհետե կյանքի չկոչվել կանոնավոր բանակի ստեղծման գաղափարը: Պատերազմի պայմաններում կազմակերպվեցին սպայական դասընթացներ, որոնցում հենց առաջինը կրթվեցին կամավորականները: Կանոնավոր բանակի ստեղծումը նշանավորվեց ոչ միայն ռազմաճակատում արձանագրված հաղթանակներով, այլև հստակեցրեց և ամրագրեց Հայաստանի դիրքերը միջազգային բանակցային գործընթացներում՝ որպես սեփական բանակ ունեցող, անկախ և պաշտպանական ներուժի տեր պետություն: Միաժամանակ նորաստեղծ բանակի շարքերն անցան հայրենիք եկող հայազգի սպաները՝ լրացնելով բարձրաստիճան հրամանատարության կազմը: Կամավորականի փորձին գումարվեցին կադրայինի հմտությունը, գիտելիքները, կարողությունները, որի արդյունքը եղավ մեր Հաղթանակը: 1993թ. նորանշանակ ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն այսպես է բնութագրել հայկական զինուժի հաջողությունները` ի պատասխան լրագրողի հարցադրման. «…Եթե 150 հազարանոց Արցախը կարող է յոթ ու կես միլիոնանոց պետության հանդեպ ագրեսորի դերում հանդես գալ, ապա նման որակումը, համենայն դեպս, մեզ չէ, որ պետք է մտահոգություն պատճառի: Անձամբ ես բարոյապես չեմ սրտնեղում»:

Իրավիճակը հիմնովին փոխվեց զինադադարի կնքումից հետո: Պատերազմով անցած զինծառայողների զորացրումով բանակում առաջացավ կադրային քաղց` հատկապես կրտսեր հրամկազմի: Առաջ եկավ տարօրինակ մի իրավիճակ. բանակում առկա էր պատերազմն անցած փորձառու ավագ սպայակազմ, և, սակայն, բացակայում էր զինվորի հետ անմիջական շփում ապահովող, ուսուցանող և դաստիարակող կրտսեր հրամկազմը, ինչը բերում էր միջանձնային հարաբերությունների վատթարացման:

Մ. Հ. Հարությունյանը, դեռևս 1994թ. սկզբներին «Հայ զինվոր» թերթին տված հարցազրույցում անդրադառնալով բանակում առկա «ծերուկներ-դեղնակտուցներ» հարաբերություններին, հիմնականում խնդրի առաջացման պատճառ է դիտում զինվորների զբաղվածության ոչ ճիշտ կազմակերպումը (մեծ մասամբ` ոչ մարտական զորամասերում) և, իհարկե, կրտսեր հրամկազմի անուշադրությունը. «Խորհրդային բանակին բնորոշ այս արատավոր երևույթը, ասես, մեքենայորեն «ժառանգեց» մեր բանակը: Կան զորամասեր, հատկապես սահմանային շրջանում, որտեղ զինվորների միջև գժտության դեպքերը եզակի են: Մերձսահմանային մեր զորամասերը մշտապես գտնվում են մարտական դիրքերում: Զինվորը ժամանակ չունի իր գերիշխանությունը ցույց տալու մյուսների նկատմամբ, նրա օրը «լիքն» է: Իսկ ահա շատ զորամասերում, որտեղ մակերեսորեն են զբաղվում զինծառայողի մարտական պատրաստությամբ, բնական է` գլուխ է բարձրացնում «ինքնատիպ երևալու» ոգին: Ոչ պակաս կարևոր հանգամանք է այն, թե ովքե՞ր են զբաղվում նրանցով, կրտսեր հրամանատարական անձնակազմին որքանո՞վ է հետաքրքրում նրանց ճակատագիրը: Ավելորդ չեմ համարում նկատել, թե մեր բանակում որքան կարևոր է կրտսեր սպայական կազմի, ինչպես նաև սերժանտների դերակատարությունը»:

Կրտսեր հրամկազմի պակասը լրացնելու համար դեռ պատերազմի տարիներին մտցվեց երկտարեցի սպաների ինստիտուտը: Լինելով տեխնիկական մտավորականության ներկայացուցիչներ` նրանք բանակ մտցրին իրենց մտավոր ունակությունները: Այնինչ միայն երկտարեցի սպաների ծառայություններով բանակը չէր կարող բավարարվել: Ելնելով զինված ուժերի համար սպայական կազմ պատրաստելու անհրաժեշտությունից` ընդունվեց պաշտպանության ու բարձրագույն կրթության նախարարությունների առաջարկը, և որոշվեց ստեղծել բազմաբնույթ ռազմական-հրամանատարական բարձրագույն մասնագիտական ուսումնարան՝ հաստատության կարգավիճակով: Պետք է գործեին հրամանատարական կազմի վերապատրաստման 3-4-ամսյա դասընթացներ, որոնցում բանակում գործող սպայական կազմը հնարավորություն կստանար համալրելու իր տեսական գիտելիքները և կատարելագործելու զինվորական ղեկավարման արվեստը:

1994թ. հոկտեմբերի 29-ին պաշտոնապես վավերացվեց հայկական Ռազմահրամանատարական բազմաբնույթ ուսումնարանի գոյության փաստը: Ստեղծվեց ռազմական ուսումնարան, որում ի մի էին բերվելու կամավորականների պատերազմական փորձը, կադրային սպայի մարտավարական գիտելիքներն ու տեխնիկական մտավորականության հմտությունները:

Այսօր Հայկական բանակը, պետք է ասել, թևակոխել է նոր մարտահրավերների փուլ` համաշխարհայնացման գործընթացի հոլովույթում, երբ գերիշխում է տեղեկույթը` որպես կարևոր ռազմաքաղաքական ռեսուրս: Ներկա աշխարհաքաղաքական զարգացումների ընթացքը, սառը պատերազմի փորձը ցույց են տալիս, որ զուտ ռազմական մարտավարական և ռազմավարական խնդիրներն այսօր, կարելի է ասել, երկրորդ պլան են մղվել, քանի որ ասպարեզ են հանվում և լայնորեն կիրառվում տեղեկատվական տեխնոլոգիաները: Զուտ ռազմական գործոնը ընդամենը հավելյալ, ամրագրող նշանակություն է ձեռք բերում: Տեղեկատվական պատերազմի զինանոցը օրեցօր համալրվում է նորանոր «զինատեսակներով»: Այս պայմաններում ՀՀ պաշտպանական համակարգի կարևորագույն խնդիրներից մեկը պետք է դառնա տեղեկատվական ոլորտի պաշտպանության խնդիրների լուծումը, ինչպես նաև զորքերում և հատկապես սպայականության շրջանում տեղեկատվական դաշտի մասին իրազեկման մակարդակի հնարավորինս բարձրացումը: Սա վերաբերում է հատկապես սպայական կազմի պատրաստության ոլորտին, որի կազմակերպման կարևորագույն բաղկացուցիչներից պետք է լինի իրազեկության, տեղեկատվական պատերազմի պայմաններում գործելու, արագ կողմնորոշվելու և կայուն հայացքների, սկզբունքների պաշտպանության ունակությունը:

Քնար ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #34 (1103) 3.09.2015 – 9.09.2015, Ռազմաքաղաքական


03/09/2015