Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՆՉԵՑ «ՀԱՂԹԱՆԱԿԻ ԺԱՌԱՆԳՆԵՐԻ» ԵԶՐԱՓԱԿԻՉ ԱԿՈՐԴԸ



Օգոստոսի 27-ին տեղի ունեցավ «Միություն -2015. Հաղթանակի ժառանգներ-Հայաստան» միջազգային երիտասարդական ռազմամարզական մրցույթ հավաքի փակման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որ անձամբ պարգևատրեց հաղթող թիմերին:

Օգոստոսի 17-ին Ծաղկաձորի մարզահամալիրում պաշտոնապես մեկնարկած հավաքներին մասնակցեցին 12 պետությունների ռազմամարզական-կադետական վարժարաններ ներկայացնող շուրջ 400 պատանիներ: Առաջին իսկ օրվանից նրանք խառը սկզբունքով բաժանվեցին 10 ջոկատների՝ մրցելով ոչ միայն մարզական, այլ նաև մշակութային և ինտելեկտուալ խաղերում: Բացի այդ, նրանք հնարավորություն ստացան կոփվելու բանակային ոգով՝ առավոտյան վերկաց, ֆիզպատրաստություն, տողան, շարային կեցվածք… Մրցակցային առողջ պայքարի արդյունքում բոլոր մրցույթների արդյունքներով հաղթող ճանաչվեցին հետևյալ թիմերը. 1-ին հորիզոնական՝ «ԱԱՀՋ» (Արագ արձագանքման հատուկ ջոկատ), 2-րդ հորիզոնական՝ «Դեսանտուրա» և 3-րդ հորիզոնական՝ «Ալֆա» ջոկատ:

Հավաքի փակման արարողությունից րոպեներ առաջ լրագրողների հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, կարևորելով նման միջոցառումները երիտասարդության հայրենասիրական դաստիարակության գործում, գոհունակություն հայտնեց միջոցառման ընթացքից և արձանագրված արդյունքներից.

-Ամենակարևորն այն է, որ մրցումներն անցան ընկերականության, բարեկամության մթնոլորտում, հաղթեց միասնությունն ու բարեկամությունը: Ես բազմիցս կրկնել եմ, որ մեր սերնդակիցների ձեռք բերած արժեքները պետք է փոխանցվեն ապագա սերունդներին, որպեսզի ձեռքբերումներն ու հաղթանակները ապարդյուն չլինեն,- նշեց նախարարը:

Արդեն փակման խոսքում շնորհավորելով արտերկրից ժամանած պատվիրակություններին ու հավաք-մրցույթի կազմակերպիչներին՝ Սեյրան Օհանյանն ընդգծեց մրցույթի նախապատրաստական-կազմակերպչական աշխատանքների ու մասնակիցների ընդհանուր պատրաստվածության բարձր մակարդակը: Պաշտպանության նախարարը կարևորեց այն հանգամանքը, որ Հայաստանում ռազմամարզական մրցույթ-հավաքն անցկացվեց հայ ժողովրդի համար առանձնահատուկ տարում՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում: Նրա խոսքով՝ նոր սերունդը պետք է ոչ միայն լինի Հայրենական մեծ պատերազմի ժառանգորդը, այլ նաև նոր՝ հաղթական ուղու կրողը:

– Մեր ժառանգներն արժանի հետնորդներն են իրենց մեծ նախնիների, ապագան նրանցն է, և նրանք հաղթանակի իրական կրողներն են լինելու: Ժամանակակից աշխարհում շատ բարդ է մեկ առանձին ժողովրդի, մեկ առանձին պետության համար կառուցել իր ապագան: Հենց նմանատիպ միջոցառումների միջոցով են կերտվում մեր գալիք ընդհանուր հաղթանակները, ընդհանուր ապագան:

Պարգևատրման արարողությունից հետո հնչեց հավաքների փակման եզրափակիչ ակորդը՝ ավանդական խարույկով և հրավառությամբ: Ազգային թիմերը հեռացան Ծաղկաձորից՝ հույս ունենալով հանդիպել նաեւ հաջորդ տարի, այս անգամ արդեն Ղրղըզստանում:

Բագրատ ՄՈՎՍԵՍՅԱՆ
Լուսանկարները՝ Արեգ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #34 (1103) 3.09.2015 – 9.09.2015, Ուշադրության կենտրոնում, Ռազմական


03/09/2015