Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՆՎԻՐՅԱԼ ԶԻՆՎՈՐՆ ՈՒ ՔԱՂԱՔԱՑԻՆ



Գեներալ-գնդապետ ԳՈՒՐԳԵՆ ԴԱԼԻԲԱԼԹԱՅԱՆԻ հուղարկավորությունը զինվորական կարգով կազմակերպելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունում ստեղծվել է հանձնաժողով պաշտպանության նախարարի գլխավորությամբ:

2015թ. սեպտեմբերի 1-ին իր մահկանացուն է կնքել նշանավոր պետական եւ ռազմական գործիչ, ՀՀ զինված ուժերի կայացման առաջամարտիկ, գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը:

Գուրգեն Հարությունի Դալիբալթայանը ծնվել է 1926թ. հունիսի 5-ին, Վրաստանում` Բոգդանովկայի (այժմ` Նինոծմինդա) շրջանի Մեծ Արագյալ գյուղում:

1934-44 թթ. սովորել է Գորելովկայի միջն. դպրոցում: 1947թ.-ին ավարտել է Թբիլիսիի հետեւակային ուսումնարանը: 1958-61 թթ. սովորել է Մոսկվայի Մ. Ֆրունզեի անվ. զինվորական համազորային ակադեմիայում: 1947-1991թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում: Զբաղեցրել է մի շարք հրամանատարական պաշտոններ` Հայկական 89-րդ հրաձգային դիվիզիայի 526-րդ առանձին գնդի դասակի հրամանատարից մինչեւ Սիբիրի զինվորական օկրուգի 242-րդ մոտոհրաձգային դիվիզիայի հրամանատար, Բուդապեշտում խորհրդային զորքերի հարավային խմբակցության շտաբի պետի առաջին տեղակալ, Հյուսիսկովկասյան զինվորական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ մարտական պատրաստության գծով: 1971թ.-ին Գուրգեն Դալիբալթայանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:

1987թ. սահմանային տարիքի հասնելու կապակցությամբ արձակվել է ԽՍՀՄ ԶՈՒ պահեստազոր:

Հայաստանի համար բախտորոշ ժամանակաշրջանում` 1991 թ.-ին, Գուրգեն Դալիբալթայանը հայրենիքի կանչով եկել է Հայաստան եւ զինվորագրվել Հայաստանի Հանրապետության ազգային բանակի կազմավորման բարդ ու դժվարին գործին:

Լինելով փորձառու զինվորական` նա իր խորհուրդներով եւ փորձառությամբ օգնել է նորաստեղծ զինված ուժերի երիտասարդ սպաներին: Անձամբ ղեկավարել է մի շարք մարտական գործողությունների պլանների մշակման աշխատանքները:

1991թ.-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-նախարարների խորհրդին կից պաշտպանության կոմիտեի նախագահի տեղակալ:

1991-1992թթ. զբաղեցրել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի, 1992թ. օգոստոսից մինչեւ 1993թ. սեպտեմբեր` ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնները:

1992թ. ՀՀ նախագահի հրամանագրով Գուրգեն Դալիբալթայանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի, իսկ 1996թ.-ին` գեներալ-գնդապետի զինվորական կոչում:

1993-2006 թթ. զբաղեցրել է ՀՀ նախագահի գլխավոր խորհրդականի, իսկ 2000-2006 թթ.` Գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնները:

Հայրենիքը բարձր է գնահատել նրա ծառայությունները: Նրա զինվորական վաստակի գնահատականն են այն բազմաթիվ պետական եւ գերատեսչական պարգեւները, որոնց արժանացել է գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը իր երկարամյա հայրենանվեր գործունեության ընթացքում:

Պարգեւատրվել է ԽՍՀՄ բազմաթիվ շքանշաններով, 1998թ.-ին` ՀՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի, 2000թ.-ին` ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի, 2002 թ.-ին Հայ Առաքելական եկեղեցու «Ներսես Շնորհալի», 2006թ.-ին` ՌԴ «Մեծ հաղթանակ» շքանշաններով, պետական ու գերատեսչական մեդալներով:

2001 թ. հուլիսի 20-ին Գուրգեն Դալիբալթայանին շնորհվել է Երեւանի պատվավոր քաղաքացու կոչում: 2001 թ.-ից Ախալքալաքի շրջանի Ագանայի միջնակարգ դպրոցը կոչվում է Գուրգեն Դալիբալթայանի անունով:

Կյանքի վերջին տարիներին, առաջացած տարիքում էլ Գուրգեն Դալիբալթայանը շարունակում էր իր հարուստ փորձը ներդնել զինված ուժերի հետագա զարգացման գործում: Նա իրեն ճանաչողների եւ զինակից ընկերների հիշողության մեջ կմնա որպես հայրենիքի իսկական նվիրյալ զինվոր, համեստ ու պարկեշտ մարդ եւ ճշմարիտ քաղաքացի: Կանգնած լինելով հայոց բանակի կազմավորման ակունքներում` Գուրգեն Դալիբալթայանը միշտ կհիշվի որպես հայրենիքի անկախության պաշտպանի եւ բանակի կայացման իսկական առաջամարտիկներից մեկը:

Խորագիր՝ #34 (1103) 3.09.2015 – 9.09.2015, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում, Ռազմական


03/09/2015