ԻՄ ԴԱՍԱԽՈՍԸ
Դեկտեմբերի 23-ը Լեւոն Ներսիսյանի ծննդյան օրն է։
Լեւոն Ներսիսյանը, ժողովրդի ամենասիրելի դերասան Հրաչյա Ներսիսյանի որդին, հոր պես բարձրահասակ, գեղեցիկ, ազնվական կեցվածքով ու վարվեցողությամբ՝ ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ուսանողներիս հին աշխարհի գրականություն էր դասավանդում։ Գրեթե երեսուն տարի է անցել, բայց ես շատ բան եմ հիշում նրա դասախոսություններից, գրականության, արվեստի, կյանքի, պատմական իրադարձությունների մասին արված վերլուծություններից ու ընդհանրացումներից։ Չեմ մոռացել, թե ինչպես առաջին անգամ մտավ մեր լսարան, ձեռքով նստելու նշան արեց, դանդաղ (ոտքի փոքր արատ ուներ) մոտեցավ դասախոսական սեղանին, ձեռնափայտը մի կողմ դնելով՝ նստեց, գլուխը կախ, խորհեց մի պահ, ապա ազդեցիկ հայացքով տնտղելով լսարանը վերից վար, սկսեց խոսել.
-Այստեղ՝ արեւելքում,- ձեռքով ցույց տվեց հարավը,- վաթսունականների կեսերին պեղումներ կատարելիս՝ գիտնականները հայտնաբերեցին աքքադերեն արձանագրություններով կավե սալիկներ։ Դրանցից մեկը կնոջ, կամ աղջկա նամակ էր պատերազմ գնացած զինվորին. «…Սիրելի՛ս, Բաբելոնը մեծ քաղաք է, այստեղ շատ մարդիկ են ապրում, սակայն ես քեզ եմ կարոտում, գրիր ինձ, թե ե՞րբ ես վերադառնալու…»։ Սա մարդկությանը հայտնի առաջին գեղարվեստական խոսքն է, աղջկա կարոտակեզ նամակը զինվոր տղային։ Այս պարզ ու գեղեցիկ խոսքից է սկսվում մարդու կողմից ստեղծված այն վիթխարի հարստությունը, որը կոչվում է գեղարվեստական գրականություն։
♦♦♦
Ես մինչեւ այժմ չգիտեմ՝ Լեւոն Ներսիսյանը գիտական-դասախոսական կոչում ունե՞ր, թե՞ ոչ։ Կարծում եմ՝ չուներ, չէր ձգտել եւ ոչինչ չէր արել գիտությունների թեկնածուի կամ դոկտորի կոչում ստանալու համար։ Նա ազատ մարդ էր եւ չէր ընդունում ժամանակաշրջանի պայմանականությունները։ Համաշխարհային մշակույթը սեփական մաղով անցկացրած մեծ անհատականությունը լսարան էր մտնում երիտասարդներին արվեստի ճշմարիտ ուղին ցույց տալու նպատակով։ Եվ պատահական չէր, որ նրա դասախոսություններն անցնում էին լեփ-լեցուն լսարաններում։ Լեւոն Ներսիսյանին տեսնելու, լսելու էին գալիս ոչ միայն համալսարանի տարբեր ֆակուլտետների, այլեւ մայրաքաղաքի մյուս բուհերի ուսանողները։ Շատերը նրա դասախոսություններն ընդունում էին որպես թատերական ներկայացում, մեկ դերասանի թատրոն, եւ դրանում նույնպես ճշմարտություն կար։ Բայց անժխտելի է, որ նա մարդկանց ձգում էր նաեւ իր համարձակության, ուղղամիտ խոսքի ուժով։ Նա իր ինտելեկտուալ կարողություններով մեծ հեղինակություն էր ժամանակի մտավորականության, արվեստագետների շրջանում, ցանկության դեպքում կարող էր գլխավոր դերեր ստանալ թատրոններում, նկարահանվել կինոյում, բայց խուսափում էր այդ ամենից, մերժում էր բոլոր առաջարկները։ Բայց այդ տարիներին կինոյում եղավ մի դեր, որը նա կատարեց իր ցանկությամբ։ Դա «Երկունք» կինոնկարում ազգային բանակի հայ սպայի՝ Դանիել Բեկ-Փիրումյանի կերպարն էր։ Համոզված եմ, որ հայրենիքի ազատությունն ու անկախությունը կորցրած քաջի հոգու դառնությունն ապրելու ձգտումն այնքան մեծ էր նրա մեջ, որ համաձայնեց խաղալ այդ դերը։
♦♦♦
Լեւոն Ներսիսյանն առանձին ոգեւորությամբ էր ներկայացնում անտիկ շրջանի հունական գրականությունը։ Գրականություն, որը լիովին արտացոլում էր միմյանց նկատմամբ անհանդուրժողականության, հաճախ թշնամական վերաբերմունք ունեցող հունական բազմաթիվ քաղաք-պետությունների միավորման, ազգային մեծ ու հզոր պետության ստեղծման գաղափարն ու գործընթացը։ Նա հիացած էր հին հույների խիզախությամբ, որոնց միասնականության, ժողովրդավարացման արդյունքում տեղի ունեցավ այն վիթխարի մշակութային պայթյունը, որի արձագանքները հասնում են մինչեւ մեր օրերը։
-Տերը, ստրկատերը, ամեն օր ստրուկին մի դրամ էր տալիս, որ նա գնա թատրոն եւ տեսնի, թե ինչպես է բեմադրում Էվրիպիդեսը, իսկ մեզ մոտ ակադեմիկոսները գնում են թատրոն, որ տեսնեն, թե ինչ է ներկայացնում Ղափլանյանը,- ասում էր Լ. Ներսիսյանը՝ շեշտելով, ցույց տալով մարդու եւ արվեստի նկատմամբ հին հույների ունեցած վերաբերմունքը։
♦♦♦
Չափազանց հետաքրքիր էին անցնում նաեւ Լ. Ներսիսյանի քննությունները, որոնք սովորաբար սկսվում էին Ամանորից հետո՝ հունվարի չորսին կամ հինգին։ Բանասիրականի աղջիկները քննության էին գալիս՝ բերելով Նոր տարվա խմորեղենը, կոնյակը, կոնֆետները, աղանդերները։ Գիտելիքների ստուգումը վերածվում էր տոնի, բայց ոչ ոք չէր չարաշահում մեծ ու բարի մարդու վստահությունը։ Ուսանողները լավ էին պատրաստվում քննությանը եւ բարձր գնահատականներ էին ստանում։ Համալսարանի ղեկավարները գիտեին, թե ինչպես են անցնում Լ. Ներսիսյանի քննությունները, սակայն չէին միջամտում՝ հասկանալով, որ միջամտությունը կլինի ավելորդ, ու դրանից ոչինչ չի փոխվի։ Երբեմն էլ ռեկտորատից մեկնումեկը գալիս էր նրա Ամանորը շնորհավորում, հետը կոնյակ խմում, զրուցում ու գնում։
♦♦♦
Այսօրվա պես հիշում եմ Լ. Ներսիսյանի ամենակարճ, բայց խորիմաստ դասախոսություններից մեկը։
Գարնան վերջի արեւոտ օրերից էր։ Բաց պատուհաններից ներս էր թափանցում ակացիայի բույրը։ Լսարանն սպասում էր սիրելի դասախոսին։ Նա եկավ քիչ ուշացումով։ Մռայլ էր, մթնած։ Լուռ, գլուխը կախ մոտեցավ դասախոսական սեղանին, կանգնեց մի պահ, եւ կատարվեց անսպասելին. ձեռքում պահած ամսագրերը զայրույթով նետեց սեղանին, հետ դարձավ դեպի մեզ եւ իր հզոր ձայնով ոչ թե ասաց, այլ… գոռաց.
-Օղռա՛շ Յագո,- ու մի քանի վայրկյան դադար տվեց։
Հետո մատը մեկնելով սեղանին ընկած ամսագրերին՝ շարունակեց.
-Ահա թե ինչպես են թարգմանել մեծն Շեքսպիրին մեր հարեւան եղ-բայ-րա-կան Ադրբեջանում… Հետո նստեց, լռեց, լռությունը երկար էր… Հանդիսավոր ոտքի կանգնեց ու ասաց.
-Ներեցեք, այսօր չեմ կարող…
Ուրիշի մտքի եւ լեզվի այլանդակությունը սեփական հոգու ցավ համարող մարդն ալեկոծվել էր արվեստի գլուխգործոցին հասցված վիրավորանքից։ Շեքսպիրն ո՞ւր, եկեղեցի, խաչքար ոչնչացնող, ուրիշների պատմությունն ու մշակույթը կեղծող, սեփականացնող ցեղախումբն ո՞ւր։
ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
Խորագիր՝ #51 (866) 29.12.2010 - 5.01.2011, Հոգևոր-մշակութային