Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳԵՆԵՐԱԼԻ ՀԵՏ



Գեներալ Գուրգեն Դալիբալթայանի մահվան լուրը ինձ հիշեցրեց Քելբաջարը՝ 22 տարի առաջ, 1993 թվականի ապրիլին: Հայկական զորամիավորումները ազատագրել էին Ադրբեջանի Քելբաջարի շրջանը, որ հետո պիտի վերանվանվեր Քարվաճառ: Ես ծառայում էի պաշտպանության նախարարության «Զինվորե շաբաթաթերթում (հետագայում վերանվանվեց «Հայ զինվորե), խմբագրի տեղակալն էի եւ թերթի լուսանկարիչ Գերման Ավագյանի, ՊՆ-ի լրատվական ծառայության պետ Արմեն Դուլյանի, ծառայության լրագրող Բաղդասար Մհերյանի եւ օպերատորի (անունը չեմ հիշում) հետ «Նիվաե-ով գնացինք Քելբաջար:

Ապրիլի սկիզբն էր, 4-ը, 5-ը կամ 6-ը: Վարդենիսից Քելբաջար ճամփա չկար, ցեխ ու ձյուն, մի գիշեր մնացինք սարերում:

Քելբաջարում հարցազրույց արեցի նաեւ գեներալ Դալիբալթայանի հետ, ով գործողության հրամանատարներից էր:

Ակնարկս տպվեց «Զինվորիե 2-րդ համարում, 22-ը ապրիլի, 1993թ.: Ներկայացնում եմ ակնարկիս այն հատվածը, ուր հարցազրույցն է Դալիբալթայանի հետ եւ արխիվումս պահպանված «Զինվորե շաբաթաթերթի համար արված լուսանկարը:

Վահան ԻՇԽԱՆՅԱՆ

ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ՔԵԼԲԱՋԱՐ

…Ճանապարհի եզրերին բազմաթիվ դիակներ էին փռված, տեղ-տեղ վերածված բուրգերի, որոնց մեջ միայն մեկն էր քաղաքացիական հագուստով, մնացածը ադրբեջանցի զինվորներ էին եղել:

Քելբաջարի շրջկենտրոնը մեծ գյուղ է բարեկեցիկ տներով: Զինվորական շտաբում առաջինը հանդիպեցինք գեներալ-լեյտենանտ Գուրգեն Դալիբալթայանին: Նա պատասխանեց մեր մի քանի հարցերին.

-Ի՞նչ ռազմավարական նպատակ էր հետապնդում Քելբաջարի գրավումը:

-Քելբաջարը գրավելու նպատակն է ստեղծել ապահով կապ Ղարաբաղի և Մեծ Հայաստանի միջև, քանի որ Լաչինը գտնվում էր բարդ իրավիճակում, շրջափակված հակառակորդի մեծ ուժերով, որոնք ընդունակ են խափանելու ճանապարհի աշխատանքը: Մեզ մնում էր գտնել մեկ ուրիշ ելք, բացել մի նոր ճանապարհ Հայաստանի և Ղարաբաղի միջև, որը ապահովության երաշխիքներ տար: Այսպես պլանավորվեց օպերացիան, որն, ինչպես տեսնում եք, բարեհաջող իրականացվեց: Հիմա Հայաստանի և Ղարաբաղի միջև այդ անհրաժեշտ և ապահով կապը բացվել է, որը, բացի ամեն ինչից, ամենակարճ ճանապարհն է դեպի Ղարաբաղ: Մի խոսքով, պատմականորեն բզկտված կտորները միացան:

-Այս շրջանը հնարավո՞ր է պաշտպանել:

-Ինչ վերաբերում է քաղաքականությանը, չեմ կարող ասել: Իսկ ռազմական և ստրատեգիական առումով պետք է և պարտավոր ենք պաշտպանել: Մռավի գագաթը իրական ամրոց է և այստեղից մի փոքր զորամիավորում կարող է պաշտպանել ամբողջ շրջանը: Բացի այս ամենից, սա մեր պատմական հայրենիքն է, ու դուք կարող եք շատ հաճախ տարբեր տեղերում տեսնել մեր խաչքարերը: Ընդհանրապես, այստեղ շատ ավելի հեշտ է կազմակերպել պաշտպանությունը, քան հարավում, որն ավելի մատչելի է տարբեր տեսակի զորամիավորումների և զինատեսակների համար:

Մեր պատմական գործն է վերացնել այս վակուումը, որն արհեստականորեն է ստեղծվել: Եթե իրականացնենք, շատ կհեշտանա մեր հետագա աշխատանքը: Պետք է շեշտել, որ մենք ագրեսորներ չենք, և մեր նպատակն է ժողովրդի անվտանգությունը ապահովել, որը ցանկացած պետության խնդիրն է:

-Քելբաջարի շրջանում մեծ բնակչություն կար, ինչպե՞ս վարվեցին հայ զինվորները նրանց հետ:

-Ադրբեջանցիները հասկացան, որ հայ զինվորն այն չէ, որի մասին կարդացել և լսել էին: Շատերը կան, որ նույնիսկ չեն ուզում հեռանալ իրենց տներից: Ադրբեջանցիներից շատերը երբ մեզ տեսնում են, խաչակնքում են, մեր ձեռքերն են համբուրում: Մեր զինվորները հումանիստ են, նրանք այստեղ են եկել միայն մարտական գործողություններ իրականացնելու համար: Ոչ մի հայ զինվոր որևէ ադրբեջանցու արժանապատվության չի դիպել:

«Զինվոր», 22-ը ապրիլի, 1993թ.

Խորագիր՝ #35 (1104) 10.09.2015 - 16.09.2015, Ճակատագրեր


10/09/2015