Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳԵՆԵՐԱԼ-ԳՆԴԱՊԵՏ ԳՈՒՐԳԵՆ ԴԱԼԻԲԱԼԹԱՅԱՆ



Անուրանալի է Գուրգեն Դալիբալթայանի ավանդը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման և կայացման, բանակաշինության գործում: Նրա անունը անխզելիորեն կապված է Արցախյան ազատամարտի կարևորագույն մարտական գործողությունների նախապատրաստման և իրականացման հետ:
Լինելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի առաջին պետը և Հանրապետության Նախագահի երկարամյա գլխավոր ռազմական տեսուչը՝ անվանի զորավարը իր հարուստ գիտելիքներն ու տասնամյակների փորձառությունը ամբողջովին ծառայեցրեց մեր ազգային-ազատագրական պայքարի և հայոց բանակի հաղթանակներին:

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ
ՀՀ նախագահ

ՆԱ ՊԱՏՎԻ ՄԱՐԴ ԷՐ

Գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանին ճանաչել եմ դեռեւս խորհրդային բանակում ծառայելու տարիներից: Նրան առաջին անգամ հանդիպեցի հյուսիսկովկասյան զինվորական օկրուգում ծառայելու ժամանակ` զորավարժարանում 1981 թվականին: Այդտեղ էլ ծանոթացանք: Հիշում եմ իմ առաջին տպավորությունը: Նա զինվորականի դասական կերպար էր` զուսպ սակավախոս, կանոնիկ, առանց պաթոսի ու արտիստականության, անսահման աշխատասեր, ինքնազոհ ու նվիրյալ: Նա մարդու այն տեսակն էր, որ հայրենիքն առանց բառերի է սիրում, խուսափում է ցուցադրականությունից: Սառը, հավասարակշիռ, կարծես` էմոցիաներից զուրկ կերպարի տակ, այդուհանդերձ, հայրենիքն անսահման սիրող ու հայրենիքի ցավով ապրող սիրտ էր թաքնված: 1982թ.-ին, երբ Հայաստան էի եկել արձակուրդս հարազատներիս հետ անցկացնելու, գնեցի Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» գիրքը ինձ եւ Գուրգեն Դալիբալթայանի համար եւ ծառայության վայր վերադառնալով` գիրքը նվիրեցի Դալիբալթայանին: Պիտի տեսնեիք ինչպես կերպարանափոխվեց, ինչպես հուզվեց, ոգեւորվեց: Այդպես հուզված մի անգամ էլ եմ տեսել նրան, Արմավիրում սահմանապահներին խնդրեցինք եւ նրանց թույլտվությամբ մոտեցանք ու վերեւից սկսեցինք դիտել Անի քաղաքի ավերակները£ Դալիբալթայանի աչքերից արցունքներ էին հոսում: Գեներալը անզորությունից լալիս էր` տեսնելով մեր երբեմնի փառքը` ոտնակոխ ու անարգված: Մի դրվագ էլ եմ ուզում հիշել, որ շատ բնութագրական է Գուրգեն Դալիբալթայանի համար: Արցախյան պատերազմի օրերին էր: Զինվորների հետ առաջին գիծ էինք բարձրանում: Լեռը հաղթահարելը Գուրգեն Դալիբալթայանի տարիքի մարդու համար պիտի որ շատ դժվար լիներ: Ինչպես գիտեք, նա հայկական զինված ուժեր մտավ, երբ խորհրդային բանակից արդեն գեներալ-մայորի կոչումով զորացրվել էր եւ պատկառելի տարիք ուներ: Ես դիտավորյալ դանդաղ էի քայլում, որ առաջ չընկնեմ գեներալից ու չհոգնեցնեմ նրան: Բայց լեռը բարձրանալիս Գուրգեն Դալիբալթայանը այնպիսի տեմպ վերցրեց, որ զինվորները չէին հասնում նրա հետեւից. հետո ես զինվորներին ասացի` տեսնում եք, գեներալը տղաներից ուժեղ ու ամուր է: Բայց ես գիտեի, թե ինչ ներքին լարում, ինչ գերմարդկային ճիգ էր պետք այդ տարիքի մարդու համար զառիվերը հաղթահարելիս: Նրա զինվորական ու տղամարդկային արժանապատվությունը վեր էր ամեն ինչից, նա պատվի մարդ էր:

Երբ ես 1990 թվականին ծառայության նշանակվեցի Սիբիրի տարածքում, պարզվեց, որ Գուրգեն Դալիբալթայանը նախկինում եղել է մեր դիվիզիայի հրամանատար: Դուք պետք է տեսնեիք, թե ինչ ակնածանք կար Գուրգեն Դալիբալթայանի հանդեպ, ինչպիսի խոսքերով էին մեծարում նրան: Ու նրա հանդեպ եղած հարգանքն ու վստահությունը հենց ծառայության նշանակվելու առաջին պահից տարածվեց նաեւ ինձ վրա` որպես Դալիբալթայանի հայրենակցի: Ես այնքան հպարտ էի, որ հայ եմ, որ Գուգեն Դալիբալթայանի հայրենակիցն եմ: Ես դեռ բավականին երիտասարդ էի ու ազգի պատիվը բարձր պահելու այդ դասը, պատգամը ամուր կպավ իմ սրտին:

Երբ Հայաստանում սկսվել էին սահմանային ընդհարումները, ես արձակուրդ վերցրի ու եկա հայրենիք, որպեսզի, եթե հարկավոր եմ նորակազմ բանակին, մնամ ու ծառայեմ հայրենիքին: Եկա պաշտպանության նախարարություն ու հենց միջանցքում պատահած առաջին ծանոթ մարդը, ում տեսա, Գուրգեն Դալիբալթայանն էր: Ասացի մտադրությանս մասին: Գրկեց ինձ, հետո թեւս ամուր բռնեց ու միասին քայլեցինք դեպի Վազգեն Սարգսյանի աշխատասենյակ: Ես չեմ մոռանա իմ մասին գովեստի այն խոսքերը, որ հնչեցին Գուրգեն Դալիբալթայանի շուրթերից, երբ ինձ ներկայացնում էր Վազգեն Սարգսյանին: Միայն անսահման բարի, ազնիվ ու շիտակ զինվորականը կարող է այդպես շռայլորեն գնահատել մեկ այլ զինվորականի վաստակը, երբ ինքը այդքան մեծ էր, այդքան վաստակաշատ:

Այդ անաղմուկ, անձնվեր մարդը շատ մեծ դերակատարում ունեցավ ե՛ւ Շուշիի ազատագրության գործում, ե՛ւ Արցախյան պատերազմում առհասարակ: Որքան ակտիվ էր պատերազմի դաշտում ու առաջնագծում էր բանակաշինության տարիներին, նույնքան համեստ էր ու հետնապահ դափնիներ վերցնելիս:

Գուրգեն Դալիբալթայանի մահը մեծ կորուստ էր մեր զինված ուժերի համար: Տեսակի կորուստ էր: Նա զինվորականի կատարելատիպ էր, որի կյանքը անմնացորդ ու անշահախնդիր նվիրում էր հայրենիքին, ժողովրդին ու բանակին` առանց հատուցում ակնկալելու: Միայն մի բան եմ ուզում, որ նրա կերպարը օրինակ դառնա հայոց բանակի բարձրացող սպայակազմի համար, որ նրա կերպարով դաստիարակվի սպաների երիտասարդ սերունդը, որ այդ զուսպ, ազնիվ, նվիրյալ, քաջ զինվորականի կերպարը սերունդներ տանի իր հետեւից:

Վլադիմիր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
գեներալ-մայոր

Խորագիր՝ #35 (1104) 10.09.2015 - 16.09.2015, Ազգային բանակ, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում


10/09/2015