Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԻՄ ՏՈՒՆԸ ԱՍՏՂԵՐԻ ՏԱԿ»



Թամարան մեր կուրսի լավագույն ուսանողուհիներից էր, մենք նրան «քայլող հանրագիտարան» էինք ասում: Ես նրան պատկերացնում էի համալսարանում դասավանդելիս կամ մայրաքաղաքի լավագույն խմբագրություններից մեկում աշխատելիս: Բայց երեք տարի առաջ Թամարա Գրիգորյանը ամուսնացավ երեւանաբնակ Դավիթ Եղիազարյանի հետ ու պսակադրությունից երկու օր անց տեղափոխվեց ազատագրված Քարվաճառ՝ մշտական բնակության: Տեղափոխությունից հետո առաջին անգամ հանդիպեցի համակուրսեցուս:

-Թամարա, այսօր հատկապես երիտասարդները ձգտում են տեղափոխվել մայրաքաղաք, որտեղ աշխատելու, ինքնադրսեւորվելու հնարավորությունները շատ ավելի մեծ են: Իսկ դուք հակառակն արեցիք: Ինչո՞ւ:

-Երբ ես ու Դավիթը հանդիպում էինք, քննարկում էինք, թե որտեղ ենք ապրելու, Դավիթը չէր ուզում Երեւանում բնակվել: Նա միշտ ասում էր, որ այստեղ իր նմանները շատ են, եւ պետք է ապրել այնպիսի վայրում, որտեղ ավելի օգտակար կլինենք: Մտածում էինք` գուցե Դսեղ տեղափոխվենք, իմ մայրական գյուղն է: Բայց, անկեղծ ասած, ես երազում էի Քարվաճառի մասին: Դիպլոմային աշխատանքս գրելու ընթացքում հաճախակի էի առնչվում ազատագրված տարածքների ռազմավարական նշանակության, վերաբնակեցման կարեւորության հարցերին: Հենց այդ ժամանակ էլ լսեցի Քարվաճառ անունը, տեսա նկարներն ու շատ հավանեցի, եւ ծնվեց այնտեղ հաստատվելու երազանքը: Պարզվեց` Դավիթն էլ նման ցանկություն ունի: Նա պատմաբան է եւ ինձանից լավ է հասկանում վերաբնակեցման անհրաժեշտությունը: 2011 թվականի ամռանը մենք առաջին անգամ հյուր գնացինք Քարվաճառ, այցելեցինք Ալեքսանդր Քանանյանի տուն: Իջանք երթուղայինից ու քարացանք. Քարվաճառն անկրկնելի էր՝ սուզված փարթամ կանաչի մեջ: Ասես մեր շնչառությունը բացվեց, մենք միաբերան ասացինք. «Այստեղ ենք ապրելու»: Հաջորդ ամռանը նորից հյուր գնացինք: Քարվաճառի դպրոցում պատմության ուսուցչի կարիք կար, եւ Դավիթը, առանց երկար-բարակ մտածելու, որոշեց աշխատանքի անցնել: Նա այդ տարի ավարտել էր ԳԱԱ պատմության բաժինը: Դպրոցում Դավիթի աշխատանքի ընդունվելու հանգամանքն ասես Աստծո կամոք էր, եւ մենք որոշեցինք չհետաձգել մեր տեղափոխությունը: Վերադարձանք Երեւան, նշանադրվեցինք, եւ Դավիթը տեղափոխվեց Քարվաճառ: Հոկտեմբերին էլ ամուսնացանք ու մեկնեցինք մշտական բնակության:

-Ինչպիսի՞ն էր կյանքը Քարվաճառում: Դժվա՞ր էր համակերպվել:

-Քարվաճառն ու Երեւանը անհամեմատելի են. կյանքը այնտեղ մի քանի անգամ դանդաղում է, կենցաղային խնդիրները` շատանում: Բայց Քարվաճառը սովորեցնում է լինել համբերատար, ինքնուրույն: Հնարավոր է` խանութը մի օր փակ լինի, եւ դու ստիպված հաց թխես: Հնարավոր է` հոսանք չունենաս կամ մինչեւ կոկորդդ ցեխի մեջ խրվես: Պարզապես պետք է ողբերգություն չդարձնել մանրուքները: Քարվաճառում հնարավորությունները սահմանափակ են: Թե՛ ես, թե՛ Դավիթը ուզում ենք ասպիրանտուրա ընդունվել, բայց ամեն տարի հետաձգում ենք: Մեկ-մեկ մտածում եմ` գուցե շտապել ենք, գուցե պիտի սովորեինք, գիտությամբ զբաղվեինք, մյուս կողմից էլ` եթե այդքանն անեինք, հավանաբար չգայինք: Քարվաճառում մշակութային կյանքին չես առնչվում, բայց այստեղ էլ կարդալու շատ ժամանակ ունես: Գիտես` Երեւանում բնակվողն էլ բնության կարիք ունի… Չես կարող ապրել այնպիսի մի տեղ, որտեղ ամեն ինչ ձեռքիդ տակ լինի: Այն պահերին, երբ ես երկմտել եմ` գուցե մեր որոշումը սխալ էր, գուցե մենք գլուխներս պատին ենք խփում եւ ոչինչ էլ չենք փոխում, հանկարծ մեր աշակերտներից մեկը եկել է գիրք վերցնելու, կամ զանգահարել են ինչ-որ խնդրանքով, եւ բոլոր կասկածներս ցրվել են…

-Ձեր քայլը իսկական հայրենասիրության օրինակ է…

-Մենք երբեք մեզ հերոս չենք համարել, իսկ ազատագրված հողում ապրելն էլ մեզ համար բնավ անձնազոհություն չէ, այնտեղ մարդը մարդու կարիքը շատ է զգում, բոլորն իրար օգնում են, վստահում: Անծանոթը կարող է քեզ ծանրոց տալ եւ խնդրել, որ քաղաք գնալիս ինչ-որ մեկին փոխանցես: Այնտեղ միմյանց հյուր են գնում առանց նախազգուշացնելու: Քարվաճառում ապրելը շատ հաճելի է…

-Ի դեպ, հեքիաթային լուսանկար էիր հրապարակել ֆեյսբուքյան քո էջում եւ մակագրել` «Իմ տունը աստղերի տակ»: Հիմա արդեն դժվար էլ է պատկերացնել, որ ժամանակին այն ավերակ էր…

-Ցավոք, Քարվաճառում նոր տներ չեն կառուցվում, վերաբնակեցման ծրագիրը դադարեցված է: Կառուցվում են բնակարաններ բազմազավակ ընտանիքների համար, ինչը, սակայն, սոցիալական ծրագիր է: Եթե նոր մարդ գա, ապրելու տեղ չի ունենա, ինչպես եւ մենք չունեինք: Պարզապես համառեցինք: Սկզբում ապրում էինք Ալեքսանդրի տանը, այնուհետեւ մի ավերակ ընտրեցինք եւ սկսեցինք կառուցել մեր տունը: Երբեք չեմ մոռանա, թե ինչպես էինք մաքրում ավերակ տունը պատերազմի հետքերից: Ծանր ֆիզիկական աշխատանք էր, բայց ցանկությունը, որ այն մեր տունը դառնա, որ վերջապես այդտեղ լույս վառվի, մեծ էր: Սեփական միջոցներով, ինչպես նաեւ որոշ անհատների օժանդակությամբ տանիքը կառուցեցինք, ապա լուսամուտները, ջուր, հոսանք անցկացրինք, բայց մեր տան շինարարությունն ավարտին հասցնելու համար դեռ բավականին գործեր կան: Մեծ հողատարածք ունենք եւ շուտով տանը աճեցրած տնկիները կտեղափոխենք հողամաս: Ծառ ենք տնկելու, որովհետեւ մեր ապագան Քարվաճառում ենք պատկերացնում: Եվ երբ ինչ-որ մեկը հայտարարում է, թե այդ հողը պետք է հանձնել, արդյոք այդ մարդը պատկերացնո՞ւմ է, թե ում տունն են հանձնելու, ի՞մ տունը պիտի հանձնեն…

-Քարվաճառը քեզ համար արդեն հայրենիք է…

-Եթե ես նախկինում ասում էի ազատագրված տարածք, հիմա ասում եմ ազատագրված հայրենիք: Այո՛, Քարվաճառը իմ հայրենիքն է, Քարվաճառը բոլոր նրանց հայրենիքն է, ովքեր այստեղ սիրահարվում են, երեխաներ ունենում, դպրոց հաճախում, քոչարի պարում, այգի մշակում… Ի վերջո, հողը հայրենիք է դառնում, երբ դու հիշողություններով ես կապվում նրա հետ: Քարվաճառը նաեւ իմ սիրո քաղաքն է: Այդտեղ ես նորովի բացահայտեցի Դավիթին. չէի պատկերացնի, որ նա կենցաղային գործերում այդքան հմուտ իրեն կդրսեւորեր, մուրճն ու կացինը այդպես վարպետորեն կօգտագործեր: Քարվաճառն ընդգծեց, որ ճիշտ ընտրություն եմ կատարել: Այո՛, Դավիթը այն մարդն է, ում հետ կարելի է Քարվաճառից ոտքով հասնել Նոր Բրաջուր, այսինքն` քայլել մոտավորապես 12-13 կմ, ջղայնանալ, որ Քարվաճառի շրջանում միջհամայնքային տրանսպորտ չկա, բայց եւ երջանիկ զգալ…

-Թամարա, դու Քարվաճառի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում ես աշխատում, երեխաներին ուսուցանում ես անգլերեն, բայց նաեւ Times.am լրատվական կայքում նյութեր ես հրապարակում Քարվաճառի մասին: Արդյոք հանրությունը հետաքրքրվա՞ծ է ազատագրված տարածքներով, արդյոք Քարվաճառի խնդիրներն իրե՞նն է համարում…

-Ցավոք, մեկուսացվածության զգացում կա, եւ ես աշխատում եմ իմ նյութերով հաղթահարել այդ օտարվածությունը: Անհատները շատ են օգնում, աջակցում, արձագանքում: Նրանք գրենական պիտույքներ, հագուստ են հայթայթում եւ ուղարկում, պատահել է` դպրոցի կարիքները հոգալու համար գումար են փոխանցել: Ես շատ եմ կարեւորում անհատական կապը, երբ մարդը Քարվաճառի խնդիրը սկսում է իրենը համարել: Շատերն էլ ոգեւորվում են մեր քայլով եւ ցանկություն հայտնում այստեղ տեղափոխվելու: Ընկերուհիներիցս մեկը եկավ ու մեկ տարի Մանաշիդ գյուղում անգլերեն դասավանդեց: Կենցաղային խնդիրների պատճառով վերադարձավ Երեւան, սակայն հաջորդ տարի նորից եկավ, այս անգամ էլ հաստատվեց Դադիվանքում, դասավանդում էր ոչ միայն այնտեղ, այլեւ 8 կմ քայլում էր Չարեքթարի դպրոց` երեխաների հետ պարապելու: Ցավոք, մենակ դժվարացավ եւ վերադարձավ մայրաքաղաք, բայց միշտ կրկնում է` Երեւանում եմ ապրում, սակայն սիրտս Քարվաճառում է: Գուցե համապատասխան պայմաններ ստեղծվեն, եւ նա հաստատվի ազատագրված հայրենիքում…

-Ինչի՞ մասին ես երազում այսօր…

-Ուզում եմ, որ Քարվաճառում ապրող մարդը քարվաճառյան երազանք ունենա իր սրտում…

Շուշան ՍՏԵՓԱՆՅԱՆ

Խորագիր՝ #35 (1104) 10.09.2015 - 16.09.2015, Հոգևոր-մշակութային, Ուշադրության կենտրոնում


10/09/2015