Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՏՔԴ ԱՄՈՒՐ ԴԻՐ ՀՈՂԻՆ



Զրույց ժողովրդական արտիստ ԱԶԱՏ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ հետ

-Պարոն Գասպարյան, իմ կարծիքով՝ ժողովրդականի կոչում արվեստագետին տալիս է ժողովուրդը, իսկ իշխանություններն ընդամենը արձանագրում են փաստը (կամ չեն արձանագրում)։ Ժողովրդական, ասել է թե՝ ժողովրդի հոգս ու ցավով ապրող, ժողովրդի անունից խոսելու իրավունք ունեցող, հանուն ժողովրդի պայքարող արվեստագետ։ Ժողովրդի՛ արվեստագետ։ Ձեզ ամեն քայլափոխի կարող են մոտենալ բոլորովին անծանոթ մարդիկ (Ձեր հայրենակիցները) ու մտերմաբար, հազար տարվա ծանոթի պես պատմել իրենց ցավերը կամ հարցնել՝ մեր վերջն ի՞նչ է լինելու…
-Եվ մոտենում են։ Դատարկում են իրենց սիրտը, խոսում են երկրի լավուվատից, հարցեր տալիս։ Արվեստագետը պարտավոր է լինել այնպիսին, ինչպիսին ցանկանում է նրան տեսնել ժողովուրդը։ Արվեստագետը պետք է կարողանա վեր կանգնել գայթակղություններից ու մնալ այն բարձրության վրա, որտեղ նրան դրել է ժողովուրդը։ Լինի արժանապատիվ, ճշմարտախոս, համարձակ, արդարամիտ։
Մի ցնցող պատկեր հիշեցի «Խմբապետ Շավարշից». գնում էին մարդիկ՝ դեմքներին հոգս։ Այդ հարատեւ հոգսը շատ ավելի ծանր է, խեղճացնող, քան նույնիսկ մեծ վիշտը, տառապանքը։ Մենք պիտի կարողանանք ազատվել հոգսից։
-Ի՞նչ անուն ունի այդ «հոգսը»։ Իմ կարծիքով՝ մեզ ավելի շատ թեւաթափ են անում ոչ թե կենցաղային դժվարությունները, այլ հավատի պակասը, անորոշությունը, բարձր գաղափարների, բարձր արժեքների բացակայությունը։ Հասարակ մարդը չգիտի, թե ինքը, հասարակությունը, երկիրը ինչի են ձգտում։ Չգիտի՝ որտեղ է վառվում փարոսը ու դեպի ուր է տանում իրեն։ Այլապես կտոկա, կհաղթահարի, կմաքառի, կբարձրանա։
-Ֆրանսիացի սոցիալիստ Մաբլին, հեղափոխական գաղափարներով տոգորված, ստեղծեց մի կուսակցություն, որը պետք է հիմնովին փոխեր Ֆրանսիան։ Բայց երբ եկավ հեղափոխություն անելու պահը, Մաբլին անակնկալ հրաժարվեց այդ մտքից, ասելով՝ հեղափոխությունը կբերի մի այնպիսի այլանդակություն, որը այլեւս ոչ մի հեղափոխություն չի կարողանա վերացնել։ Դուք տեսե՞լ եք հեղեղ, իսկական հեղեղ։ Մի օր ինձ Ուրցաձոր էին հրավիրել։ Հանկարծ մի ահավոր դղրդյուն լսվեց, ու 2-3 հարկանի շենքի բարձրությամբ հեղեղը գետի հունը պատռած՝ սկսեց շարժվել առաջ՝ քշելով արմատախիլ ծառեր, մեծ-մեծ ժայռաբեկորներ… Որոշ ժամանակ անց հեղեղը կտրվեց՝ թողնելով մեկ մետր բարձրությամբ տիղմ։ Տեղացիներին հարցրի, թե տիղմը երբ կանցնի, պատասխանեցին՝ 2-3 շաբաթից։ …Մեզ երկու-երեք սերունդ է պետք, որ ազատվենք հեղափոխության բերած տիղմից։
Մեր սերունդը շատ խիտ ապրեց՝ տրեխից մինչեւ «սալամանդր», սամակատից մինչեւ հրթիռ։ 20-րդ դարում աշխարհն ավելի արագ զարգացավ, քան նախորդ 20 հարյուրամյակներում։ Ես, իմ սերունդը սովոր ենք նորամուծությունների, բայց նույնիսկ ինձ համար անընկալելի են այսօրվա զարգացումները, փոփոխությունները՝ պրագմատիզմը, մարդկային հարաբերությունների, մարդկային որակների արժեզրկումը։ Այսօր զգացմունքները, ապրումները մղվել են հետին պլան։ Այսօր էկրանների, բեմերի հերոսները մարդիկ են, ովքեր սպանում են, թալանում, խաբում… կուտակում։ Սրանք են մեծության, ուժի, հզորության մերօրյա խորհրդանիշները… Մինչդեռ ուժի իրական աղբյուրը մեր ներսում է, մեր բարության, սիրո, ինքնազոհության, խիզախության մեջ։ Մեր հավատի մեջ, մեր վստահության մեջ։
-Որտե՞ղ փնտրենք այդ հավատն ու վստահությունը։
-Եկեք Ձեզ պատմեմ իմ ընտանիքի մասին, իմ մանկության։ Պատմեմ՝ թե ինչպես առաջին անգամ տեսա Վահրամ Փափազյանի «Օթելլոն», կամ՝ թե ինչպես էին ընդհարվում ղարսեցիների ու կանցիների թաղերը։ …Մենք յոթ երեխա էինք։ Ես բոլորի սիրելին էի, որովհետեւ անընդհատ «բեմի վրա էի»։ Շատ էի սիրում պապուտատիս, բայց ամենից շատ մորս հոր հետ էի կապված, նա մեծ հեքիաթասաց էր։ Երգում էր, խաղեր էր կապում։ Իմ օրն անցնում էր Արթիկի բակերում, հանքերի թանձր փոշու մեջ։ Տոնը… տոնը Լենինականից եկած նվագախումբն էր բերում կամ թատերախումբը։ Իսկ երբ տեսա Վահրամ Փափազյանի «Օթելլոն», ամբողջ գիշեր չքնեցի՝ իրականությունն ու բեմը խառնվել էին իրար։ Ուշացած մտա դասի, շշմած կանգնեցի պատի տակ։ Ու լռության մեջ հանկարծ լսվեց դասընկերոջս՝ Ժիրայրի զիլ ձայնը՝ Օթելլոն եկավ։
Մեր կյանքի, մեր ավուր հետաքրքրությունների կիզակետում էր ղարսեցիների ու կանցիների մշտական հակամարտությունը։ Յուրաքանչյուրն իր թաղամասն ուներ ու մյուսի հետ ընդհարվելու առիթ էր փնտրում։ Ղարսեցիների համար կանցիների թաղամասով անցնելը լուրջ փորձություն էր, կանցիները շատ զգուշավոր էին, երբ պետք էր ջուր վերցնել ղարսեցիների աղբյուրից։ Իսկ երբ կանցի տղան սիրահարվում էր ղարսեցի աղջկա… մի իսկական վեպի պատմություն էր, իսկական «Ռոմեո եւ Ջուլիետ»։
Որտե՞ղ փնտրենք հավատ ու վստահություն՝ հարցնում եք։ Մեր կարոտների մեջ։ Այն դատարկությունը, որ բացվում է մեր ներսում, այն սառնությունը, որ ընկճում է մեզ, այն անտարբերությունը, որ մեզ դատապարտում է միայնության, մի օր վանելու ենք, մերժելու ենք մի օր ու իրար միանալու առիթ ենք փնտրելու, փնտրելու ենք լույսի ճանապարհը։ Մենք որոնելու ենք տաք օրերի շունչը, մենք հասկանալու ենք, թե որտեղ թողեցինք մեր ուրախությունները։
Իմ մայրը մեծ մանկավարժ էր։ Բնատուր մանկավարժ, թեեւ ընդամենը 4-րդ դասարանի կրթություն ուներ։ Մի օր դպրոցի խաղահրապարակում գրիչ գտա (այն էլ ոչ թե գնդիկավոր, այլ հասարակ գրչածայր) վազելով եկա տուն (հո ուրախ չէի), գրիչը մեկնեցի մորս…ձեռքս օդում մնաց։ Մայրս շատ խիստ ասաց՝ քոնը չէ, ուրիշինն է, տար-դիր տեղը։ …Այսօր ծանր ու մեծ խոսում են երիտասարդ սերնդի դաստիարակության մասին, գրքեր են գրում՝ կարեւոր, գիտական… Երեխան մեծերից է սովորում՝ ծնողից, հարեւանից, ուսուցչից, հասարակությունից։ Երիտասարդ սերնդին դաստիարակելու համար ինքներս մեզ պիտի դաստիարակենք։
-Դուք հաճախ եք զինվորականի կերպարներ կերտել՝ զինվորից մինչեւ գեներալ։ Ովքե՞ր են զինվորականները, որոնց համար հայրենասիրությունը, ինքնազոհությունը, խիզախությունը մասնագիտական պարտք է։
-Բացի զինվորականների կերպարներ կերտելուց, ես շատ մոտ եմ մեր բանակի սպայակազմին, սիրում եմ ընկերություն անել զինվորականների հետ։ (Ազատ Գասպարյանը տալիս է իր զինվորական ընկերների անունները, եւ երբ ցանկը անցնում է երկու տասնյակից, ասում է՝ լավ, ոչ մեկի անունը մի գրեք, որովհետեւ կարող է որեւէ մեկին մոռանամ ու նեղացնեմ-Գ. Պ.)։ Ես լավ գիտեմ, թե ինչ մեծ ներուժ ունենք բանակում, հայրենասիրության, ազգապաշտության, հերոսության, ինքնազոհության ինչ ահռելի պաշար, ու ես հանգիստ եմ, գիտեմ, որ այդ մարդիկ սահմանը անառիկ են պահելու, մեր հողը թշնամուն չեն տալու, պաշտպանելու են մեր ժողովրդի անվտանգ կյանքը։ Մենք շատ ենք պահանջում զինվորականներից, համոզված ենք, որ հենց նրա՛նք պիտի լինեն հասարակության սերուցքը, նրանցո՛վ պիտի չափենք հասարակության բարոյականությունը, նրա՛նք պետք է մարմնավորեն մեր իդեալները…
-Դուք Արցախյան պատերազմի օրերին քանիցս ելույթ եք ունեցել պատերազմող ռազմիկի համար, հետագայում Ձեր կապը չեք կտրել բանակից, պարբերաբար այցելել եք զորամասեր…
-Հարյուր անգամ, անհաշիվ, բոլոր զորամասերում եմ եղել։ Անկեղծ ասած՝ ոչ թե պարտականություն եմ կատարել, այլ իմ սրտի ցանկությունը։ Ներշնչվում եմ, երբ տեսնում եմ զինվորական համազգեստով տղաներին, երբ տեսնում եմ, որ պինդ են, ինքնավստահ, ուժեղ։ Սիրում եմ զրուցել զինվորականների հետ, բարձրանալ դիրքեր, շոշափել զինտեխնիկան, զգալ դրա ուժը։ Զորամասում, սահմանին, դիրքերում ինչ-որ բան կա՝ մեծ, բարձր, վեհ, որ ասֆալտի վրա չես գտնի։ Սահմանին քո սեփական կշիռն է փոխվում։ Հայրենիքն այնքան մոտ է այնտեղ, այնքան շոշափելի, այնքան տիրական… Մենք պիտի սիրենք մեր բանակը։ Ոգեշունչ բառերով չէ, ամբիոնից չէ, իսկապես պիտի սիրենք։
-Ծնողին չես կարող ստիպել սիրել բանակը, եթե նրա որդուն բանակում ապտակել են։ Էլ չեմ ասում, եթե, Աստված չանի, դժբախտություն է պատահել։
-Ես միշտ ասել եմ՝ սպաները հայրենիքը պաշտպանելուց առաջ պետք է զինվորին պաշտպանեն։ Մեկ ապաշնորհ, անբարեխիղճ կամ հանցագործ սպան կարող է այնպիսի մեծ հարված հասցնել բանակին, այնպիսի սեպ խրել բանակի ու հասարակության միջեւ, որ հարյուրավոր նվիրյալներ չկարողանան վերացնել։ Բանակի թերությունները խոշորացույցի տակ են երեւում, այդպես է, որովհետեւ բանակում մեր տղաներն են՝ ամենասիրելին, ամենաթանկը, որ ունենք։ Բանակի վրիպումների հանդեպ հասարակությունը շատ զգայուն է։ Ուրեմն նրանք, ովքեր քաջություն են ունեցել զինվորականի համազգեստը կրելու, պիտի պատվով տանեն իրենց խաչը՝ ծանր, բայց փառավոր։
…Մի դեպք հիշեցի։ «Ուր ես գնում, զինվոր» ֆիլմն էինք նկարահանում, ես գլխավոր դերակատարն էի։ Մինսկի անտառում երեք ամիս շարունակ ես տեսա «պարտություն, նահանջ, հաղթանակ»։ Հասկացա, թե ինչ է նշանակում «գլխիդ հող մաղվի» անեծքը, երբ գրադի պայթյունից երկինք նետված հողը բառացիորեն մաղվում է գլխիդ՝ լցվելով ականջներդ, աչքերդ, բերանդ։ Մի տեսարանում գերմանացիների 12 տանկերը շարք կազմած գալիս էին մեզ վրա՝ մի ահավոր հռնդյունով, դղրդյունով։ Հակատանկային զենքը հետհարվածով Աշոտ Ադամյանին խրամատից նետեց դուրս։ Իսկական արհավիրք էր։ Մեկ էլ լսում ենք օպերատորի ձայնը՝ դադարեցնե՛լ, դերասանների դեմքներին վախ կա։ Մինչդեռ մենք սովետական զինվորներ էինք ու չպետք է վախենայինք։ Պատկերացնո՞ւմ եք, մենք գիտեինք, որ ամեն ինչ բեմադրված է, որ դեպի մեզ շարժվող 12 տանկերը չեն կրակելու, բայց… այդ թափից, ուժից, աղմուկից վախեցել էինք, դեմքներիս վախ կար։ …Հիմա, երբ ես Արցախյան պատերազմին մասնակցած ռազմիկ եմ տեսնում, սիրտս եմ խոնարհում նրա առաջ։ Նա պատերազմի արհավիրքը տեսել է իրականում ու չի վախեցել, չի փախել։ Գիտեք, որն էր մեր ամենամեծ բացթողումը վերջին 15 տարիների ընթացքում՝ որ չկարողացանք ավելի շատ սիրել ու ինչպես հարկն է մեծարել Արցախում հաղթած քաջերին, զոհվածների ընտանիքներին։ Չկարողացանք ավելի սրբացնել հայրենիքի պաշտպանի կերպարը, դարձնել չափանիշ, կատարելատիպ, ժամանակի հերոս։ Այդուհանդերձ, վստահ եմ, որ հող ազատագրած քաջերի, ազգային բանակ կերտած նվիրյալների փառքը չի խամրելու, գալիք սերունդները երախտագիտությամբ են հիշելու մեր ժողովրդի հերոսությունն ու զրկանքները, դժվարին հաղթանակները։
-Ամանոր է, ի՞նչ կմաղթեք մեր ժողովրդին։
-Սահման պահող զինվորին խաղաղություն եմ մաղթում, հոգու կորով։ Ասում եմ՝ ոտքդ ամուր դիր հողին, տղա՛ս, սա քո՛ երկիրն է։ Արցախում կռված տղաների ու զոհվածների ընտանիքներին ասում եմ՝ փառք ու պատիվ, նաեւ՝ սեր, լիություն։ Համերաշխություն ու միասնություն եմ մաղթում համայն աշխարհի հայերին։ Շնորհավոր Նոր Տարի եւ Սուրբ Ծնունդ։

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #51 (866) 29.12.2010 - 5.01.2011, Բանակ և հասարակություն


29/12/2010