ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ ՏԵՂԱՓՈԽՎՈ՞ՒՄ Է
Ռուսաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունը կատարում է համարձակ, երբեմն ոչ ստանդարտ քայլեր՝ երկրի տնտեսությունը զարգացնելու, ժողովրդագրական աղետից խուսափելու և երկրի արևելյան տարածաշրջանները (հատկապես Սիբիրն ու Հեռավոր Արևելքը) չինական ժողովրդագրական ու տնտեսական անխուսափելի ներխուժումից փրկելու համար: Մինչդեռ, ՌԴ ազգաբնակչության մեջ այս քայլերը դեռևս ժողովրդականություն չեն վայելում: Այսպես՝ ըստ ռուսաստանյան «Կոմերսանտ» թերթի տվյալների («Коммерсантъ», 11 сентябрь, 2015), Ռուսաստանի բնակչության գերակշիռ մեծամասնությունը՝ 80 տոկոսը, դեմ է երկրի մայրաքաղաքը Մոսկվայից տեղափոխելուն: Նման հարցում է անցկացրել Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնը: Միաժամանակ շատ հետաքրքիր է, որ, նույն հարցման համաձայն, ռուսաստանցիներից շատ քչերն են ցանկանում, որ իրենց զավակներն ապրեն Մոսկվայում:
Մայրաքաղաքը Մոսկվայից այլ քաղաք տեղափոխելուն որոշակիորեն «աջակցել է» հարցվածների 5 տոկոսը, ևս 7 տոկոսը դեմ չի եղել գաղափարին, իսկ 8 տոկոսը դժվարացել է պատասխանել: Հարցվածների ճնշող մեծամասնությունը գերադասում է մայրաքաղաք Մոսկվան:
Ըստ թերթի՝ մայրաքաղաքի տեղափոխման գաղափարն առավել ժողովրդական է մոսկվացիների և պետերբուրգցիների շրջանում, որոնց 16 տոկոսը կողմ է այդ գաղափարին, ինչպես նաև՝ Ռուսաստանի կոմունիստական կուսակցության և հատկապես ոչ խորհրդարանական կուսակցությունների շրջանում ընտրողների համապատասխանաբար 19 և 27 տոկոսը:
Ընդ որում, ռուսաստանցիների սոսկ 13 տոկոսն է ցանկանում, որ իրենց զավակներն ապրեն Մոսկվայում, իսկ 12 տոկոսը կկամենար իրենց զավակներին բնակեցնել արտասահմանում:
Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի գլխավոր տնօրեն Վալերի Ֆեոդորովը ռուսաստանցիների՝ մայրաքաղաքը չփոխադրելու ցանկությունը բացատրում է դեռեւս 2014թ.-ին ձեւավորված միտումով. «Մոսկվան դիտվում է որպես սրբազան մայրաքաղաք, այլ ոչ թե քաղաք, որը հղփանում է այլոց դժբախտության ու թշվառության վրա…»:
Ավելի վաղ ռուսաստանցի քաղաքագետները բազմիցս արտահայտվել են հօգուտ Ռուսաստանի մայրաքաղաքը արևելք փոխադրելու: Ընդ որում, խոսքը սովորաբար Սիբիրի մասին է: Մասնավորապես, հօգուտ Սիբիրի են արտահայտվել պաշտպանության ներկայիս նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն և «ԺՐցչՈÿ ՀՏրրՌÿ» քաղաքական ուժի առաջնորդ Էդուարդ Լիմոնովը: Վերջիններիս կարծիքով՝ մայրաքաղաքի տեղափոխումը Սիբիր կխթանի տարածաշրջանի տնտեսական զարգացումը:
Մայրաքաղաքի փոխադրման դեմ 2012 թ.-ին քննադատությամբ է հանդես եկել Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, քանի որ, ըստ նրա՝ նման որոշումը կնվազեցնի ներդրումների հոսքը և բնակչության զբաղվածությունը, ինչն էլ «աղետ» կդառնա Մոսկվայի և նրա մարզի բնակիչների համար:
Մայրաքաղաքը Սիբիր տեղափոխելու գաղափարը կարևորվում է հետևյալ փաստարկներով.
– Մոսկվա քաղաքը զբաղեցնում է 2 հազար 511 քառակուսի կմ մակերեսով տարածք, այնինչ նրա բնակչության թիվը 12 մլն 197 հազար 596 մարդ է,
– Մոսկվայի մարզը զբաղեցնում է 44 հազար 379 քառակուսի կմ մակերեսով տարածք, այնինչ նրա բնակչության թիվը 7 մլն 231 հազար 068 մարդ է (2015թ. տվյալներով),
– Ռուսական գերտերության տարածքի 75 տոկոսը կազմող Ասիական մասում, այսինքն՝ ավանդական աշխարհագրական-աշխարհաքաղաքական ընկալմամբ Սիբիրում, որի մեջ մտնում են փաստորեն հիմնականում Սիբիրի դաշնային և Հեռավոր Արևելքի դաշնային շրջանները, ինչպես նաև Ուրալի դաշնային շրջանի գերակշիռ մասը (հատկապես բնական պաշարներով՝ նավթով ու գազով չափազանց հարուստ Տյումենի մարզը՝ 2 ինքնավար ազգային օկրուգներով), ունի 12 մլն 600 հազար քառակուսի կմ մակերեսով տարածք (այսինքն՝ Ռուսաստանի Դաշնության տարածքի 73,6 %-ը), այնինչ նրա բնակչությունը կազմում է Ռուսաստանի 145 միլիոնանոց ազգաբնակչության ընդամենը 12 տոկոսը:
Նշենք, որ Սիբիրի դաշնային շրջանի մեջ են մտնում Դաշնության 12 քաղաքական-վարչական միավոր՝ Ալթայի, Բուրիաթիայի, Տուվայի, Խակասիայի հանրապետությունները, Ալթայի, Անդրբայկալյան, Կրասնոյարսկի երկրամասերը, Իրկուտսկի, Կեմերովոյի, Նովոսիբիրսկի, Օմսկի, Տոմսկի մարզերը, որոնցից յուրաքանչյուրը եվրոպական մեկ-երկու, իսկ երբեմն էլ՝ մի քանի պետության չափ տարածք ունի: Ռուսաստանի Ասիական մասը՝ Սիբիրը, մասամբ Ուրալը և, իհարկե, ամբողջ Հեռավոր Արևելքը, բավական նոսր է բնակեցված. հատկապես ծայր հյուսիս-արևելքում. օրինակ՝ Չուկոտկայի ինքնավար շրջանում 1 քառ. կմ-ի վրա բնակվում է 0,07 մարդուց էլ պակաս:
Ուրալյան դաշնային շրջանն իր մեջ ներառում է 12 քաղաքական-վարչական միավոր, Հեռավորարևելյան դաշնային շրջանը՝ 9-ը քաղաքական-վարչական միավոր: Հիշեցնենք, որ հեռավորարևելյան վարչաքաղաքական միավորներից շատերն իրենց չափերով մի քանի անգամ գերազանցում են եվրոպական պետություններին և անգամ նրանցից ամենամեծերին:
Այսպիսով, Ռուսաստան գերտերության տարածքի ընդամենը 25 տոկոսը կազմող եվրոպական մասում բնակվում է ազգաբնակչության 78 %-ը, այն դեպքում, երբ նրա ասիական մասը խիստ նոսր է բնակեցված: Ընդ որում՝ ռուսական չափանիշներով համեմատաբար փոքր տարածք ունեցող Մոսկվան և Մոսկվայի մարզը (ՌԴ տարածքի մոտ 0.27%-ը) միասին ունեն այնքա՜ն բնակչություն, որքան Ռուսաստանի տարածքի 30.09%-ը կազմող հսկայական Սիբիրյան դաշնային շրջանը՝ 19 միլիոն:
Եվ վերջին տվյալը՝ Սիբիրին սահմանակից Չինաստանի 34 նահանգներից յուրաքանչյուրի բնակչությունը երբեմն կրկնակի, եռակի, երբեմն էլ քառակի անգամ գերազանցում է ամբողջությամբ վերցված Սիբիրի և Հեռավոր Արևելքի բնակչությունը… Ընդ որում, ամբողջ Չինաստանն այսօր ունի 9 մլն 596 հազար 960 քառակուսի կմ մակերեսով տարածք, որը մի քանի միլիոն կիլոմետրով զիջում է Ռուսաստանի ասիական մասի տարածքին… Այնինչ Չինաստանի բնակչությունը 1 մլրդ 368 մլն 660 հազար է, գրեթե 10 անգամ գերազանցում է ամբողջ Ռուսաստանի բնակչության թվաքանակը, ընդ որում, ասիական Ռուսաստանի բնակչությանը գերազանցում է մոտ 37 անգամ, իսկ ռուսական Սիբիրի և Հեռավոր Արևելքի բնակչության թվաքանակը՝ մոտ 56 անգամ…
Հաշվի առնելով ժողովրդագրական նման իրավիճակը և Ռուսաստանի գրեթե բոլոր ղեկավարների քաղաքական միտումը՝ Ռուսաստանի ապագան տեսնել Սիբիրում. Ռուսաստանը համաշխարհային գերտերության և բազմաբևեռ աշխարհակարգի ինքնուրույն քաղաքական բևեռի կարգավիճակի հասցնելուն:
Այսպիսով, չի բացառվում, որ ապագայում Ռուսաստանի հերթական մայրաքաղաքը կարող է դառնալ, ասենք, Եկատերինբուրգը, Տյումենը, Տոմսկը կամ Կրասնոյարսկը:
Մնացական ԽԱՉԱՏՐՅԱՆ
պատմաբան