ՍՊԱՆԵՐԻ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՈՐԱԿՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Սպայական մասնագիտությունն ավելի քան որևէ այլ մասնագիտություն պահանջում է անձի կոչվածություն, քանի որ բանակի և նրա կորիզը հանդիսացող սպայակազմի շնորհիվ է ապահովվում երկրի բոլոր մյուս կենսականորեն կարևոր ոլորտների խաղաղ գոյակցությունն ու զարգացումը: Այն պահանջում է անձի յուրատեսակ հոգեֆիզիկական կառուցվածք, որն անհրաժեշտ է նախ այս դժվարին մասնագիտությունն ընտրելիս և ապա՝ որպես մասնագետ ինքնադրսևորվելիս:
Հրամանատար լինելու համար անձին անհրաժեշտ է որոշակի որակների և ընդունակությունների ամբողջություն: Եթե այդ որակների մի մասը մեծ չափով պայմանավորված է անհատի բնածին հատկանիշներով, ապա ընդունակությունները կապված են անձի գիտակցական ինքնազարգացման հետ: Հայտնի է «առողջ մարմնում` առողջ հոգի» ասույթը: Կարելի է պնդել և հակառակը, որ բարոյակամային որակների առկայությամբ է պայմանավորված մարդու ֆիզիկական և հոգեբանական առողջությունը: Այս իմաստով սպայական մասնագիտության կարևորագույն բաղկացուցիչներ են հանդիսանում անձի բարձր բարոյակամային որակները, առանց որոնց ժամանակակից սպան պարզապես չի կարող կայացած համարվել:
Բոլոր ժամանակներում և բոլոր բանակների առջև դրված է եղել բարոյական չափորոշիչների հստակեցման խնդիրը, քանի որ պատերազմն ինքնին մի երկրի կողմից այլ երկրի նկատմամբ գործադրվող բռնություն է և անխուսափելիորեն հանգեցնում է մարդկային կորուստների, մարդու ստեղծած արժեքների ոչնչացման` երբեմն հետագայում նոր արժեքներ ստեղծելու նպատակով: Սպան բանակի ինչպես ողնաշարը, այնպես և գլուխն ու ոգին է, քանի որ բանակին առնչվող բոլոր խնդիրներն առաջին հերթին վերաբերում են սպայական կազմին: Սպան պատասխանատու է և՛ մարտական գործողությունների արդյունավետ կազմակերպման, և՛ ղեկավարման, և՛ այդ ընթացքում զորքի ճիշտ կառավարման համար, որից էլ մեծապես կախված են նրան վստահված մարդկանց ֆիզիկական և հոգևոր կյանքը, առողջությունը: Մյուս կողմից, այս կամ այն առաջադրանքը կատարելիս հաջողության հասնելու համար որոշ մարտական իրավիճակներում անխուսափելի են կորուստները, երբ սպան ներքին հզոր հակամարտություն է ապրում, որի հաղթահարման, ճիշտ ընտրություն կատարելու ու որոշում կայացնելու համար նրան անհրաժեշտ է սեփական իրավացիության լիակատար համոզվածություն:
Նման խնդիրների համարժեք լուծման ունակությունը նախ և առաջ կապված է սպայի անհատական այնպիսի կարևոր բաղկացուցչի հետ, ինչպիսին գաղափարական պատրաստվածությունն է: Սպան պետք է իմանա, թե ինչու, հանուն ինչի է նա այս կամ այն ընտրությունը կատարում, այս կամ այն որոշումը կայացնում:
Սպային անհրաժեշտ որակների մասին խոսելիս ավելի հաճախ նշվում են բարոյահոգեբանական և ռազմամասնագիտական որակները, որոնք ածանցյալ են այս գլխավոր` գաղափարական բաղկացուցչից: Միշտ էլ՝ բոլոր դարերում ու հատկապես մեր ժամանակներում, այն առաջնային նշանակություն ունի սպայակազմի պատրաստության գործում:
Ամենաընդհանուր ձևակերպմամբ՝ սպայի մասնագիտության գաղափարական կողմը կարելի է որակել որպես հավատ առ Աստված (այսինքն՝ հավատամք, որ այն գործը, որին դու կոչված ես` հայրենի հողի պաշտպանությունը, ի վերուստ արդարացի է), հավատարմություն և վստահություն պետության նկատմամբ, սեր ու նվիրվածություն սեփական հայրենիքին, ազգին ու ժողովրդին, ընտանիքին, զինվորականի պատվի պահպանմանը: Եթե անդրադարձ կատարենք մեր ժողովրդի պատմական անցյալին, ապա կտեսնենք, որ այս բոլոր բաղկացուցիչների հստակ ձևակերպումը ներկա է դեռևս հին դարերում:
Փավստոս Բուզանդը «Հայոց պատմության» մեջ վկայաբերում է 4-5-րդ դարերի հայ զինվորականության պրոֆեսիոնալ արժեհամակարգը, որը կազմված էր Արշակունյաց Հայաստանում արտոնված, գործող և քարոզվող պետական գաղափարախոսության կարևորագույն տարրերից: Հենվելով Բուզանդի բերած տվյալների վրա՝ ներկայացնենք 4-5-րդ դարերի հայ զինվորականության պատվո վարքականոնային գլխավոր դրույթները.
1. «Հավատարմություն և անձնուրաց ծառայություն անկախ Հայաստան աշխարհին, երկրին ու թագավորությանը:
2. Ասպետական պատվի և համարումի («քաջի անվան») անբիծ պահպանում, հարկ եղած դեպքում` նաև կյանքի գնով:
3. Հավատարմություն և անձնուրաց ծառայություն Հայաստանի պետական համակարգի ամենակարևոր նվիրագործված հաստատությանը` Հայաստանի թագավորին («Արշակունի բնիկ տերերին»):
4. Հավատարմություն և անձնուրաց ծառայություն Հայաստանի ժողովրդին, բոլոր բնակիչներին անխտիր` անկախ նրանց սոցիալական ծագումից և դիրքից:
5. Քրիստոնեական հավատի և ազգային եկեղեցու նկատմամբ բարեպաշտ վերաբերմունք և դրանց անձնուրաց պաշտպանություն:
6. Նվիրվածություն ընտանիքին:
7. Նվիրվածություն տոհմակիցներին:
8. Հավատարմություն զինակիցներին» [Այվազյան Ա., «Հայ զինվորականության պատվո վարքականոնը»/4-5-րդ դարեր/]:
♦♦♦
Հետաքրքիր և կարևոր վերլուծություն է իրականացրել Ս. Ա. Սարգսյանը իր «Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի հումանիզմը» աշխատության մեջ` հայ ժողովրդի պատմության շրջադարձային պահերի հիման վրա վեր հանելով այն արժեքաբանական կարևորագույն կողմնորոշիչները, գաղափարները, որոնք խմորվել են հայ փիլիսոփայական, մանկավարժական, ազգի ինքնապաշտպանական մտքի հոլովույթում:
Քնար ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Խորագիր՝ #36 (1105) 17.09.2015 - 23.09.2015, Ազգային բանակ