GLOBAL FIREPOWER-Ը ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ԱՇԽԱՐՀԻ ԲԱՆԱԿՆԵՐԻ ՆՈՐ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՑՈՒՑԱԿԸ
«Գլոբալ ֆայրփոուվեր» (Global Firepower) կայքը ներկայացրել է աշխարհի երկրների բանակների նոր վարկանիշային ցուցակը: Ցուցակը կազմող պատասխանատուները նշել են, որ ցուցակ կազմելիս ուշադրություն չեն դարձրել միջուկային զենքի առկայության, քաղաքական գործոնների վրա, ինչպես նաեւ հաշվի չի առնվել դեպի ծով ելք չունեցող երկրների նավատորմի առկայությունը: Հաշվի են առնվել շուրջ 50 գործոններ, այդ թվում նաեւ տնտեսականն ու աշխարհագրականը, օգտագործվել են ինչպես պաշտոնական տարբեր վիճակագրություններ եւ ոչ պաշտոնական հրապարակումներ, այնպես էլ՝ միջազգային մի շարք կառույցների զեկույցներ:
Վարկանիշային ցուցակը գլխավորել են Ամերիկայի Միացյալ Նահանգները՝ 0.166 գործակցով: Երկրորդ տեղում Ռուսաստանի Դաշնությունն է՝ 0.865: Առաջատար հնգյակը եզրափակում են Չինաստանը, Հնդկաստանը եւ Մեծ Բրիտանիան:
Իսրայելի բանակը, որ համարվում էր աշխարհի հզորագույններից մեկը, ցուցակում 11-րդն է՝ զիջելով Ֆրանսիայի, Հարավային Կորեայի, Գերմանիայի, Ճապոնիայի եւ Թուրքիայի զինված ուժերին:
Հայաստանը վարկանիշային ցուցակում 1.82243 գործակցով զբաղեցնում է 74-րդ տեղը, իսկ ՀԱՊԿ-ի մյուս անդամները համապատասխանաբար զբաղեցնում են Բելառուսը՝ 45-րդ, Ղազախստանը՝ 66, Ղրղըզստանը՝ 78, Տաջիկստանը՝ 81-րդ տեղերը: Մեր տարածաշրջանային հարեւաններից Իրանը 23-րդն է, Վրաստանը՝ 75:
Ժամանակին հզոր համարվող Ուկրաինայի բանակը միայն 25-րդ տեղում է 0.8214 գործակցով՝ զիջելով Լեհաստանին, Վիետնամին, Թաիլանդին եւ Իտալիային: Լատվիան զբաղեցրել է 82-րդ տեղը, Լիտվան՝ 92: Հետխորհրդային հանրապետություններից ամենացածր վարկանիշային գործակից ստացել է Էստոնիան՝ զբաղեցնելով 108-րդ տեղը եւ հայտնվելով Նիկարագուայի ու Պարագվայի կողքին:
Վարկանիշային ցուցակը եզրափակում են Իրաքի եւ Լիբիայի զինված ուժերը, որոնք եւս ժամանակին տարածաշրջանային դերակատարներն էին: 126-րդ տեղը 5.7116 գործակցով զբաղեցրել է քաղաքացիական պատերազմի ճիրաններում գտնվող Սոմալին:
Պատրաստեց
Բագրատ ՄՈՎՍԵՍՅԱՆԸ