Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԱԶԱՆՔՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁԱՎ…



Վերջերս ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի շուրջ 80 անդամներ մասնակցեցին արշավ-ուխտագնացության: Արդեն 7-րդ տարին է, ինչ «Միացյալ Հայաստան» ծրագրի շրջանակում վարդանանքցիներն այցելում են Արցախ: Արցախյան ուխտագնացությունն այս տարի ևս տևեց 7 օր: Այդ ընթացքում մայր բուհի տարբեր ֆակուլտետների մի խումբ ուսանողներ, զոհված ուսանող-ազատամարտիկների հարազատներ այցելեցին ԼՂՀ պատմամշակութային վայրեր, ՊԲ զորամասեր, դպրոցներ և մշակութային կենտրոններ:

«Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի նախաձեռնությամբ իրականացված «Ամառային դպրոց-2015» ծրագրի բացման ժամանակ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի, ակումբական Հռիփսիմե Գալստյանը հանդես եկավ հետաքրքիր առաջարկով:

Բանն այն է, որ գաղափարի հեղինակը երկար էր մտածել ու չկորցնելով հարմար առիթը՝ ուխտագնացությունից առաջ բարձրաձայնեց Արցախում մկրտվելու ցանկության մասին: Մասնակիցները բուռն ծափողջույններով ընդունեցին առաջարկն ու որոշեցին այդ կարևոր իրադարձության մասնակիցը դառնալ:

Հուրախություն ակումբականների՝ առաջարկը մեծ ոգևորությամբ ընդունվեց նաև «Վարդանանքի» բարեկամների կողմից: Գանձասարի Սուրբ Հովհաննես Ամենափրկիչ եկեղեցում կայանալիք արարողությունը դառնալու էր մի այնպիսի իրադարձություն, որ շատերը խանդավառությամբ էին հիշելու:

Արցախյան ուխտագնացության երկրորդ օրն արդեն Հռիփսիմեի վաղեմի երազանքն իրականություն դարձավ: Գանձասարի խորհրդավոր պատերից ներս Հռիփսիմեի հետ մկրտվեցին ևս 21 վարդանանքցիներ: Թեև մյուսների երակներում եռում էր բարի «նախանձի» մեծ չափաբաժինը, այնուամենայնիվ նրանք իրենց ներկայությամբ նույնպես ոգևորեցին այդչափ կարևոր ու նշանակալից իրադարձությունը: Հարկ է ընդգծել ևս մեկ նշանակալի իրողություն. մկրտվողների կնքահայրը Արկադի Տեր-Թադևոսյանն էր՝ Կոմանդոսը՝ Արցախյան ազատամարտի կենդանի լեգենդը:

Ու հնչեց հոգևոր երաժշտությունը: Տերունական աղոթք, եկեղեցու խորհրդավոր լույս, մյուռոն, սուրբ ջուր: Այս ամենը մկրտվողների համար աննկարագրելի խորհուրդ ուներ: Գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանն իր ներկայությունը պատահական չհամարեց և նշեց. «Մենք վարդանանքցիներ ենք, և բոլորս պետք է լինենք հայ, իսկ հայերը՝ մշտապես քրիստոնեության կրողներ: Աստծուն պետք է հավատալ, քանի որ նա մեզ միշտ ուղղություն է ցույց տալիս՝ հիշեցնելով մեր սխալները: Ես համոզված եմ, որ մկրտության օրը նոր ծնունդ է: Մաղթում եմ բախտավորություն, ծառայե՛ք Աստծուն՝ հավատալով նրա զորեղ ուժին: Այդ հավատքը կբերի նրան, որ մենք կշարունակենք գոյատևել…»:

«Վարդանանք» ՌՀԴԱ նախագահ Սաթենիկ Աբրահամյանը համոզված է՝ Գանձասարը յուրաքանչյուր անհատ սիրում է առանձնահատուկ սիրով: Տիկին Աբրահամյանը նպատակային է համարում նաև այն իրողությունը, որ վարդանանքցիները տարվա ընթացքում Գանձասարում լինում են մի քանի անգամ. «Մեր համալսարանական ուսանողներից շատերը Գանձասարում եղել են ճիշտ այն ժամանակ, երբ որոշել էին մասնակցել հայրենիքը պաշտպանելու գործին»:

Մկրտության արարողությունից անմիջապես հետո տեղի ունեցավ անսպասելի հանդիպում «Եղնիկներ» կոչվող զորամասի զինվորների հետ: Նրանք նույնպես արշավ-ուխտագնացություն էին կազմակերպել: Սպաներից մեկը փաստեց, որ Գանձասար կատարվող այցելությունները պարբերական բնույթ են կրում: Վարդանանքցիները և զինվորները հաճելի զրույցի բռնվեցին, որին հաջորդեցին ազգագրական երգի ու պարի կատարումները: Ի դեպ, հանդիպումը գոտեպնդեց ակումբականներին, իսկ ահա մոր՝ զինվորին ուղղված նամակը պարտավորեցրեց զինվորներին առավել բարեխիղճ ծառայելու եւ անառիկ պահելու հայրենիքի սահմանները…

Հովհաննես ՎԱՐԴԱՆՅԱՆ
Լուս.՝ Լիլիթ ԶԵՅՆԱԼՅԱՆ

Խորագիր՝ #36 (1105) 17.09.2015 - 23.09.2015, Բանակ և հասարակություն


17/09/2015