ԵՐԵՔ ԶԻՆՎՈՐ, ԵՐԵՔ ԵՂԲԱՅՐ, ԵՐԵՔ ԱՆՀԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Երեք զինվորները նստել են կողք կողքի շարված աթոռների վրա ու պատրաստակամ նայում են ինձ: Սիրում եմ զրուցել երիտասարդների հետ, հասկանալ նրանց ապրումները, մտքերը, մտահոգությունները, հպվել նրանց ազատությանն ու ըմբոստությանը, լավատեսությանն ու խիզախությանը: Անթաքույց սիրով հայացքս սահում է մեկից մյուսին. տղաները ժպտում են:
-Եղբայրնե՞ր եք,- մեկ անգամ էլ եմ ճշտում, որովհետեւ այնքան տարբեր են ժպտում…Ու արտաքինով էլ բոլորովին նման չեն իրար: Հանկարծ մեջս զարթնում է չկայացած հոգեբանը (իմ անկատար երազանքներից մեկը) ու փորձում եմ տարրալուծել երեք հայացք, երեք աչքեր, երեք ժպիտ, որ պահ առ պահ նոր երանգներ է ստանում:
Խորենը ավագն է, խաղաղ հայացք ունի, աչքերն ազնիվ են, մտածող, հնազանդ:
Հովիկը կրտսերն է: Սեւեռուն նայում է ինձ, շարժումներն արտահայտիչ են, դեմքին չարաճճի կրակ կա: Սիրուն տղա է:
Հայկը միջնեկն է` պինդ մկաններ ունի, կեցվածքի մեջ անթաքույց ըմբոստություն կա: Անհամբերությունից ճոճվում է աթոռի վրա ու առանց հարցնելու սկսում` «Մենք, ուրեմն, Ռուսաստանից ենք եկել: Եկել ենք մեր հայրենիքը պաշտպանելու»…
Ես հասկանում եմ, որ ամենատաղանդավոր լրագրողն անգամ չի կարող այս երեք միանգամայն տարբեր երեւույթները համատեղել մեկ զրույցի մեջ: Ու որոշում եմ Ուդմուրտիայի Սարապուլ քաղաքում մեծացած ու հայրենիքին ամիսներ առաջ զինվորագրված երեք եղբայրների` Խորեն, Հայկ եւ Հովիկ Մկրտչյանների հետ զրուցել առանձին-առանձին:
ՄԱՐԴՈՒՆ ՀԵՐՈՍ ԴԱՐՁՆՈՒՄ ԵՆ…
-Եվ ի՞նչ…,-հարցնում է Հովիկը:
-Ի՞նչը ինչ,- անակնկալի եմ գալիս:
-Դե ուշադիր նայում էիք, հոգեվերլուծություն էիք անում:
-Ի՞նչ իմացար:
-Հոգեբանությունն իմ տարերքն է, շատ-շատ եմ կարդացել: Մարդու հոգին հասկանալը ամենաբարդ ու ամենահետաքրքիր զբաղմունքն է: Ծառայությունս ավարտեմ, ընդունվելու եմ հոգեբանության ֆակուլտետ: Ես էլ ձեզ էի ուսումնասիրում: Դեռևս միջանցքում. մի քանի անգամ գնացիք-եկաք:
-Եվ ի՞նչ,- այս անգամ հարցնելու հերթն իմն է:
-Ինքնասևեռում, միշտ առաջինը լինելու ձգտում, անսահման լավատեսություն, բացառիկության սինդրոմ…
-Սինդրո՞մ…այ քեզ բա՜ն:
-Մենք մի բանով իրար նման ենք` ուշադրության կենտրոնում լինելու ցանկությամբ:
-Բանակում հնարավո՞ր է ուշադրության կենտրոնում լինել: Զինվորական համազգեստը հավասարեցնում է բոլորին,- խոսակցությունը «տեղափոխում եմ» բանակ:
– Ես միշտ դիրքորոշում ունեմ, լղոզված չեմ:
-…Տխո՞ւր ես,- դեմքին լարվածություն կա: Թե՞ մտահոգություն:
-Դեռ ուշքի չեմ եկել: Հայրս ասում էր` Երևանը Մոսկվայից սիրուն է:
-Սիրո՞ւն է:
-Մոսկվան կոպիտ քաղաք է, շատ պաթոս կա, քիչ սեր: Երևանը մեղմ է, ազնվական` երբեմնի փառքի ու հրապույրների կնիքը վրան: Հին, թանկարժեք շորի պես, որ ինչքան էլ խունանում է, գեղեցկությունը չի կորցնում:
-Ի՞նչը սրտովդ չէ:
-Գյուղում մարդիկ թրիք են չորացնում, որ ձմռանը… 21-րդ դարում: Երեխա կա` առաջին դասարան չգնաց շոր չունենալու պատճառով: Ռուսաստանում լիներ, ոստիկանությունից կգային, կհետաքրքրվեին, երեխային դպրոց կտանեին:
-Բանակում ի՞նչ կա,- հարցնում եմ, որովհետև չեմ ուզում եմ` ինքը ինձ որևէ բան հարցնի թրիք չորացնող գյուղացիների ու շոր չունենալու պատճառով դպրոց չգնացող երեխաների մասին:
-Մեր վաշտում լավ է, որովհետև հավասարություն է: Բիզնեսմենի տղան ու բանվորի տղան հավասար ծառայում են: Զինվորը ջահել է, կարող ես ոգևորելով, ներշնչելով նրան հերոս դարձնել, կարող ես կոտրել ու դարձնել դավաճան:
-Դավաճան կամ հերոս ծնվում են:
-Խորապես սխալվում եք: Մարդուն հերոս կամ դավաճան են դարձնում նրան շրջապատող մարդիկ:
Չգիտես ինչու` ուզում եմ իմանալ այս տղան սիրած աղջիկ ունի, թե չէ£
-Սիրո՞ւմ ես նամակ գրել, ինչ-որ մեկին գրո՞ւմ ես,- հարցնում եմ:
-Ինձ աղջիկները պաշտում են,- ժպտում է լայնաշուրթ, չարաճճի:
Ես մտածում եմ` լավ է, որ խմբագիրը արձակուրդում է: Ի՞նչ էի պատասխանելու, երբ հարցներ` ինչու՞ ծառայությանը վերաբերող հարցեր չես տվել, զինվորի առօրյան չի երևում նյութիդ մեջ, մարտական պատրաստությունը…
-Չի բացառվում, որ ես լրագրող դառնամ,- ասում է Հովիկն ու խորամանկ ժպտում:
-Այս պահի՞ն որոշեցիր:
-Լավ մասնագիտություն ունեք:
ՀԱՅ ԼԻՆԵԼԸ ՊԱՏԻՎ Է
Հայկի դեմքի խստությունը խանգարում է ինձ: Հոնքերը կիտած, անհաղորդ նայում է:
-Մկաններիցդ երևում է, որ մարզիկ ես,- սիրաշահում եմ:
-Ես ու Խորենը վեց տարի կարատե ենք պարապել,- պատասխանում է դեմքի նույն խստությամբ:
-Հաջողություններ ունեցե՞լ եք:
-Ինչպե՞ս կարող է հայը մի գործ անել ու հաջողություն չունենալ,- բանաձևում է ու նայում դեմքիս:
Ռուսաստանում է մեծացել, հայերեն հազիվ է խոսում:
-Ռուսաստանի առաջնությունում երկրորդ տեղն ենք զբաղեցրել մեր քաշային կարգում: Հայրս փոքրուց ասել է` Ռուսաստանում դուք Հայկ, Խորեն կամ Հովիկ լինելուց առաջ հայ եք, պիտի ազգի պատիվը բարձր պահեք, միշտ ձգտեք առաջ:
-Դժվար չէ՞ միշտ մրցակցության մեջ ապրելը:
-Հայրս միշտ ասել է` հայ լինելը պատիվ է:
-Բա չես հարցրել` ինչո՞ւ:
-Հայրս առանց հարցնելու էլ ասել է` քո ազգը իր ստանդարտներն ունի, որոնք լավագույնն են աշխարհում, պիտի այնպես ապրես, որ դուրս չմնաս այդ ստանդարտներից:
-Որո՞նք են հայ ազգի ստանդարտները:
-Դե, բոլորը, ո՞րը թվեմ, ասենք` ընտանիքի մոդելը: Տղամարդը պիտի փող աշխատի, հոգա ընտանիքի հոգսերը, տան գլուխը լինի ու տան տերը: Կինը պիտի լինի հոգատար, խնամի ամուսնուն, դաստիարակի երեխաներին: Օջախը տաք պահի: Երեխաները պիտի հնազանդ լինեն ծնողներին, պատվեն ու սիրեն նրանց, ու երբ ծնողները ծերանան, խնամեն նրանց: Սա զուտ հայկական մոդել է ու շատ գեղեցիկ:
-Հեշտ հարմարվեցի՞ր հայաստանցի զինվորների բնավորությանը: Չկայի՞ն մտածելակերպի, կենցաղավարության տարբերություններ:
-Ամեն ինչ սահուն անցավ իմ հրամանատարի շնորհիվ: Մեր վաշտի հրամանատարը` կապիտան Արթուր Մելքոնյանը, 27 տարեկան է: Ե՛վ եղբայր է մեզ համար, և՛ հայր, և՛ ընկեր, և՛ հրամանատար: Մեր բանակային ընտանիքի մեծն է, ավագը, որն ամբողջ պատասխանատվությունը իր վրա է վերցրել ու իր վերաբերմունքով, իր արտացավությամբ, իր հոգատարությամբ այնպես է արել, որ յուրաքանչյուրս հոգ տանենք մյուսի մասին: Բանակի զինծառայության հանդեպ իր սերը փոխանցել է մեզ, հայրենիքը գործով սիրելու իր ձևը: Նա առաջին անգամ է վաշտ ղեկավարում, բայց կարողացավ մեր վաշտը լավագույնը դարձնել ոչ միայն գնդում, այլև զորամիավորումում: Նա մեզ չստիպեց լավ ծառայել, այլ ներշնչեց` իր սիրով, իր արդարամտությամբ, բոլորիս հավասար աչքով նայելու իր բնավորությամբ ստիպեց գնալ իր հետևից, այնպես ծառայել, ինչպես ինքն է ուզում: Մի անգամ դաշտային պարապմունքի ժամանակ անձրև եկավ, եղանակը ցրտեց: Մեր վաշտի հրամանատարը մեզ տարավ սպաների համար նախատեսված իր վրանը, բոլորիս տեղավորեց: Մենք զինվորներով ինչպե՞ս կարող ենք մեկս մյուսին անտեսել, վերևից նայել, եթե նույնիսկ մեր հրամանատարը մեզ վերևից չի նայում: Եթե մենք տեսնում ենք, թե նա ինչպես է յուրաքանչյուրիս մասին մտածում: Եթե բոլորը մեր հրամանատարի պես հրամանատար ունենան, մեր բանակին ոչ ոք չի հաղթի:
ՀԱՆԴՈՒՐԺԵԼԸ ՈՒԺԻ ՆՇԱՆ Է
Ես ու Խորենը մնացինք երկուսով: Խորենն ավագն է: Տարիքին անհարիր լուրջ է, խոհուն ու սակավախոս£
-Լավ եղբայրներ ունես,- ասում եմ:
-Երկուսն էլ անհատականություն են ու շատ տարբեր են իրարից:
-Ո՞վ է ավելի շատ հոգս պատճառել քեզ մանկության տարիներին:
-Երկուսն էլ իմ ավագությունն ընդունել են ու հարգել իմ խոսքը: Մեր ընտանիքում այդպես է:
-Դու երկուսի էլ հակապատկերն ես:
-Ես հանդարտ բնավորություն ունեմ, շուտ չեմ բռնկվում, ինքնամփոփ եմ, քիչ ընկերներ ունեմ, միասեր եմ: Դժվարությամբ եմ շփվում մարդկանց հետ, ինձ իմ միջավայրն է պետք: Աղջիկները Հովիկի նման առեղծվածային տղաների են սիրում կամ Հայկի նման գործնական:
-Առեղծվածայի՞ն ու գործնակա՞ն…Իսկ քեզ ի՞նչ բառով կբնութագրես:
-Ես, հայերեն ո՞նց է հնչում, «պաստայաննի» եմ: Ես իմ աշխարհում եմ ապրում: Իմ մասնագիտության, իմ ընտանիքի, իմ ընկերների, իմ սիրած աղջկա հետ:
-Ի՞նչ մասնագիտություն ունես:
-Կահույքի դիզայներ եմ:
-Բանակային կյանքն ինչպե՞ս է անցնում:
-Ռուսաստանում մարդիկ ապրում են լավի ու վատի մասին սեփական պատկերացումներին համապատասխան, իսկ Հայաստանում պարտավոր ես ապրել ըստ հասարակական կարծիքի, դառնալ ինչ-որ կարծրատիպերի գերին: Նույնը բանակում է: Կան «ավանդույթներ», որոնք բոլորին խանգարում են, օրինակ` ես զգացել եմ, որ վիճող տղաները կհանդուրժեին, կներեին իրար, եթե «հանդիսատես» չունենային, եթե հանդուրժելը ոչ թե թուլության, այլ ուժի նշան համարվեր: Ինձ համար ծիծաղելի է տեսնել որոշ զինվորների ինքնահաստատվելու ջանքերը: Ես եկել եմ բանակ զինվորական մասնագիտություն սովորելու, ծառայելու հայրենիքիս ու չեմ հասկանում այն տղաներին, ովքեր գլուխ են պահում և հպարտանում են դրանով: Ես «լավ տղայի» իմ պատկերացումն ունեմ. փնթի տղան չի կարող լավը լինել նրանից, ով մաքրում է իր շուրջը: Լավ տղան նա է, որն իր ֆիզիկական ուժը մարդկանց օգնելու համար է օգտագործում, որը բարության, հաշտության կողմնակից է: Հայրս միշտ ասել է` ուժեղից ուժեղը կա, քեզնից թույլին բարձրացրու, որ քեզնից ուժեղն էլ քեզ բարձրացնի:
Հ.Գ.
Նյութն ավարտել` կարդում եմ գրածս. մի տեսակ կարծես արժանահավատ չէ, շատ է խելոք ու բարձրագոչ հասարակ զինվորի համար: Բայց այս զրույցն այն դեպքերից է, որ գրեթե չեմ «գունազարդել»: Տղաների ռուսերենը, որ համառորեն ձգտում էին հայերեն բառերով համեմել, անկեղծ էր, ինքնատիպ ու բնական, բայց հայերեն վերապատմելիս, այնուամենայնիվ, վերամբարձ է թվում:
Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #36 (1105) 17.09.2015 - 23.09.2015, Ազգային բանակ, Նորություններ, Ուշադրության կենտրոնում