Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԱՐՁԿԱՆՈՒՀԻՆ ԵՎ ԳԵՆԵՐԱԼԸ



Սկիզբը՝ նախորդ համարներում

♦♦♦

Ես հմայված էի մեր հարևանությամբ ապրող հարգարժան կնոջ խոհեմությամբ, ինչի մասին չէի էլ կարող ենթադրել, չէ որ ես դրա կարիքը չունեի, մանավանդ (ինչ մեղքս թաքցնեմ) շատ անգամներ հարեւանցիորեն էլ պառավ ջադուի տեղ էի դրել նրան…

Հետագայում մեղքերս ցմրուր քավեցի, երբ արդեն տիկնոջ հորդորով և օժանդակությամբ սովորում էի պետական համալսարանում, որտեղ նա մինչև իր երկրային կյանքի ավարտը դասավանդում էր և մինչև վերջ էլ ջահելության կուռքը մնաց: Ես նրա սիրելի տղան էի այլևս, անբաժան ուղեկիցը մեր համատեղ զբոսանքների, երբ կարիք ուներ թարմանալու մաքուր օդում` խաղաղ և հանգստավետ երեկոներին: Դրա համար էլ, որպես հարգանքի տուրք պաշտելի կնոջ հիշատակի առաջ, մինչև օրս մտքումս անխաթար ու անաղարտ եմ պահել մեր հաճախակի հանդիպումների` մեր մտերմիկ և հարազատական բնույթի զրույցներից ինձ մնացած ԽՈՐՀՐԴԻ ոգեղենությունը, ինչը նա ամեն բանից վեր էր դասում: «Մարդ արարածը հավերժ տառապում է, դժգոհում իր բախտից, որովհետև տգետ է, անտաշ և անկարող է հասկանալ, որ երազանք պահելը դեռ չի նշանակում, թե մի օր այն անպայման իրականություն կդառնա…Մինչդեռ նվիրական իղձերը կյանքի կոչելու համար միմիայն խանդավառությունն ու վճռականությունը ամենևին բավարար նախապայման չեն, քանի որ շատ հաճախ զրկված են ներշնչանքի աղբյուրից, ուրեմն` ՆՊԱՏԱԿԻՆ հասնելու գլխավոր ՄԻՋՈՑԻՑ` ՈԳԵՂԵՆՈՒԹՅՈՒՆԻՑ, ինչը քչերին է տրված: Հանճարեղ հղացումներն անգամ կարոտ են հուժկու-համարժեք ԽԹԱՆԻ, որն այդպես էլ չի հայտնվում, քանի որ աղքատիկ է մարդուս հոգին, միտքը` խղճուկ, ինչից խուսափելու լավագույն հնարը ԿՐԹՎԱԾՈՒԹՅՈՒՆՆ է: Կրթվե՜լ ու կրթվե՛լ ամեն Աստծու օր, ամեն ժամ…Որպեսզի ՀԱՋՈՂԱԿ լինես, առանց որի բախտը գրեթե միշտ կաղին է տալիս, որքան էլ մարդ զարգացած մկանային համակարգ ունենա… Տունը, որքան էլ այն դուրեկան և հաճելի հորինվածք ունենա, հարմարավետ` ապրելու համար, ի վերջո, չարքերով է լցվում, եթե երկար ժամանակ դատարկ է մնում` զրկված տիրոջ շնչից: Նույնը կատարվում է մեր մարմնի հետ. ես բազմաթիվ դեպքեր գիտեմ, երբ առողջ և սիրունատես, երբեմն նաև աստվածային գեղեցկությամբ օժտված երիտասարդի ներսում մանկապիղծ ճիվաղի հոգին է բույն դրել, ձագեր հանել: Այնպես որ` կատարյալ մոլորություն է, բացարձակ հիմարություն` «Առողջ մարմնում` առողջ հոգի»…Նախևառաջ` ՄԻՏՔԸ պետք է մարզված լինի, պրպտուն, լիքը` առանց խոցելի «անցքերի», որոնց վրա մշտարթուն չարքը կարկատան է դնում` մահացու տարակույս սերմանելով մարդկանց անմշակ հոգիներում: Եվ մարմինն այնուհետև գործիք է նրա ձեռքում` չար գործերի համար, որովհետև սատանան ամենից հաճախ ԳԱՅԹԱԿՂՈՒՄ է, հետո էլ կործանում ԳԵՂԵՑԻԿԻ միջոցով, որն ամենազորեղ ԽԱԲԿԱՆՔՆ է, երբ վարակված է չարիքի ԱՎԵՐԻՉ ՇՆՉՈՎ…Իսկ դու, սիրելի՛ս, այդպիսի բախտորոշ հարցերում անհանգստանալու կարիք գրեթե չունես, քանզի վաղուց արդեն հասկացել եմ, համոզվել, որ ինքնապաշտպանական ահարկու բնազդներով ես օժտված (քար կծակեն) և ամենակարևորը` զուրկ չես ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒՑ ներշնչված, նվիրական մարդու` անքուն ու անդադար հոգի մորդ անձնազոհ պահպանությունից: Հուսահատ մի կին, որ պատրաստ է սատանայի կոկորդը կրծել անգամ, միայն թե իր մինուճար որդու գլխից ոչ մի մազ չպակասի: Մանավանդ հավատացած եմ` ոչ մի չարք չի դիմանա տիկին Ամալյայի ավելի պոչին… Դու փրկված ես, տղա՛ս…»:

Սովորեցնում էր և պահանջում ՉՎՀԱՏՎԵԼ երբեք, ոչ մի դեպքում, եթե նույնիսկ հաջողությունը երես է դարձրել քեզնից: Ու որքան էլ իմ կյանքի այդ գլխավոր դասը ես լավ էի սերտել, միևնույն է, ինձ հաճախ չի լքել այն տարօրինակ, թվում է` երբեք չհեռացող զգացողությունը, թե «բախտն իմ դեպքում իսկապես էլ կաղին է տալիս»… Հը՜, քունդ տարա՞վ, պարոն ժուռնալիստ,- դարձյալ բարձր, հավերժական թեմաներից անսպասելի (անիմաստ) անցում կատարեց ցածինին` հավանաբար հավաստիանալու, թե չե՞մ ձանձրանում կամ գուցե (ես էլ մարդ եմ, ինչքան էլ հատուկ հանձնարարականով գործուղված զինվորական թղթակից) իրոք կարիք ունեմ քնի, այն էլ` գիշերվա ժամը «հազարին»: Հնարավոր է` նրան թվացել էր` աչքս կպել է, քանի որ Սողոմոնի հետ բավականաչափ տևական զրույցի ընթացքում առաջին անգամ զարմանալիորեն լռության տրամադրող, ինչ-որ անակնկալ խոնջություն էր իջել վրաս, և ես, կարելի է ասել, «հաճույքից» ջուր էի առել բերանս, ինչը, ճիշտ որ, խորթ էր ինձ՝ իմ խառնվածքին:

-Թողնո՞ւմ ես, որ քնեմ,- համարժեք պատասխան տվեցի, -քո էդ դև ու հարամիներով: Մեկը պետք է, որ քշի դրանց…

♦♦♦

-Մա՜յրս…Հավատավոր, բարեպաշտ, երբեմն էլ նաև անճարակ նահատակության հակված (հայտնի չէ` հանուն ինչի) ողբերգական կերպար, որ այդպես էլ մինչև վերջ չընկալեց, չհասկացավ, թե «որտեղից է իրականում սկիզբ առնում մարդու իսկական կյանքը, և որտեղ է, ի վերջո, ավարտվում կախարդանքը», որը նա հաճախ շփոթում էր իրականության հետ` այդպես էլ հստակ պատկերացում չկազմելով:

Ո՞վ է ավելի զորեղ` սատանա՞ն, թե՞ Աստված…,որի անունը նա ավելորդ տեղը երբեք չգործածեց` ասես, այնուամենայնիվ, հոգու խորքում գաղտնի երկյուղ էր կրում միայն իրեն հասու խորհրդավոր, մութ ուժերի ներկայությունից, որոնց ճարահատ էլ ապավինում էր` դժգոհելով, թե սրբերը «քարսիրտ» ու «անտարբեր» են դարձել իր վշտի նկատմամբ (առաջվա համեմատ): Այդպես պատահեց նաև այս անգամ, երբ բժիշկները, ի պատիվ իրենց, հրաժարվեցին աչքակապությունից և բացեիբաց հայտարարեցին «իրենց անկարողության» մասին, ինչն էլ անուղղակի հաստատելու եկավ ակադեմիկոսի հեղինակավոր այրին իր «գիտական վարկածով», որ փաստում էր, թե մարդկությունը (գիտությունը) անզոր է «սիրային տենդի» դիմաց: Եվ մայրս, որ իր ողջ գիտակցական կյանքում գրեթե միշտ դեգերում էր իրատեսականի ու երևութականի արանքում` չիմանալով, թե կողմերից որ մեկին` երբ և որ դեպքում նախապատվություն տալ (և տա՞լ արդյոք), առաջնորդվեց մայրական պահպանիչ բնազդներով և դիմեց (ճարը կտրած) թեկուզև կասկածելի, հարգանք չվայելող, բայց բոլոր ժամանակներում էլ ամենատարածված ժողովրդական միջոցին` մոգությանը և կախարդանքին` մեր տուն բերելով ոչ թե ինչ-որ «հանրաճանաչ» գրբացի կամ հեքիմի, այլ՝ ոչ ավել, ոչ պակաս, թաղի խորհրդանիշը հանդիսացող բախտագուշակ գնչուհուն: (Թե ի՞նչ էր խորհրդանշում այդ օտարական, երկրե երկիր թափառող պառավ կինը, ոչ ոք չէր կարող հստակ նշել: Միայն թե ինձ համար անուրանալի իրողություն է, որ իմ դեռահասի երևակայության խճանկարից մի շատ հյութեղ, շատ տաք գույն պակասեց այն օրը, երբ ինչ-որ կերպ, ինչ-որ տեղից հայտնի դարձավ, թե գնչուհի Սերան հեռացել է քաղաքից: Ընդմիշտ: Ու էլ երբեք չի հայտնվելու, ինչպես որ սովոր էինք տեսնելու նրան անհայտ ժամանակով բացակայելուց հետո…Տարիներ շարունակ…Ոչ ոք ոչ մեկին չհարցրեց` ինչո՞ւ, ինչպե՛ս…. Հավանաբար այն նույն պատճառով, ինչ պատճառով որ երբևէ չէին հետաքրքրվել` արդյոք ձմռանը մրսո՞ւմ է Սերան, ինչպես բոլոր մարդիկ… Մինչ այդ ինձ արած գուշակության մասին մորս ոչինչ հայտնի չէր. գաղտնի մնաց նաև գնչուհու մեր տանը հայտնվելուց հետո… Բարեբախտաբար):

Շարունակելի

ԳԱԳԻԿ ՄԱԽՍՈՒԴՅԱՆ

Խորագիր՝ #36 (1105) 17.09.2015 - 23.09.2015, Հոգևոր-մշակութային


17/09/2015