ԵՍԵՆԻՆԸ` ՀԱՅՐԵՆԻՔԻ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ
Նոր թարգմանություններ
Ռուս մեծ քնարերգակ Սերգեյ Եսենինի բանաստեղծությունների մի զգալի մասը ժամանակին թարգմանվել է հայերեն եւ տպագրվել առանձին ժողովածուներում ու գրքերով: Սակայն նրա վաղ շրջանի ստեղծագործությունները հայերեն գրեթե չեն թարգմանվել: Այդ բացը լրացնելու է գալիս բ.գ.թ. Վահան Մաղալյանի կատարած աշխատանքը, որը առաջին անգամ հայերեն է թարգմանել Եսենինի պատանեկության տարիների ավելի քան 100 բանաստեղծություն, որոնցից մի քանիսը ներկայացնում ենք մեր թերթի ընթերցողներին` հայրենասեր գրողի ծննդյան 120 եւ մահվան 90-ամյակների առիթով: Նշենք նաեւ, որ այդ ոտանավորները նա գրել է Առաջին աշխարհամարտի տարիներին եւ նվիրված են ռուս քաջարի զինվորների հիշատակին:
ԶԱՐԴԱՆԱԽՇԵՐ
Աղջիկը մենակ նստած սրահում ասեղնագործում
Հինած կտավին հյուսում է նախշուն գեղարդ ու խաչեր,
Նա նկարում է ննջեցյալներին բացատի ծոցում
Ու մեռյալների կրծքներին կարում կարմիր կակաչներ:
Եվ նուրբ մետաքսն է ուրվապատկերում զոհված հերոսին,
Իսկ այդ հերոսը իր արքայազնն է ու հոգու սերը,
Որը ընկել է թեժ գոտեմարտում` ցողը երեսին,
Եվ խիտ զարդերում արյամբ են օծված թավ եղեգները:
Նկարն ավարտվում ու լամպն է թարթում թրթիռն իր վերջին,
Պղտոր հայացքով նա խոնարհվում է, ցավից կսկծում,
Աղջիկը թախծում ու հեծկլտում է` արցունքն աչքերին,
Իսկ դրսում արդեն խոր կեսգիշերն է զարդերն իր գծում:
Քամին քանդել է սգո հյուսքերը, ցրել երկնքով,
Լուսնի շողերն են խճճվել բարակ վարսերի ցանցում,
Դողդոջուն լամպի թրթիռների տակ, ճերմակ ծածկոցով,
Պատուհանի մոտ, ինչպես մի ուրու, աղջիկն է լացում£
ՄՈՐ ԱՂՈԹՔԸ
Գյուղի եզրին, մի մենավոր ու հինավուրց խրճիթում,
Սրբապատկեր խորանի դեմ մի ծեր կին է աղոթում:
Աղոթում է նա տրտում, որդուն հիշում` վշտանում,
Որդին հեռու եզերքում հայրենիքն է պաշտպանում:
Աղոթում է մայրը ծեր, արցունքներն է սրբում դառն,
Իսկ հոգնատանջ աչքերում անուրջներն են ծաղկում վառ:
Կռվի դաշտն է նա տեսնում մարտից առաջ` իր չորս դին,
Ուր պառկած է սպանված նրա զինվոր քաջ որդին:
Եվ լայն կրծքից, ինչպես բոց, ալ արյունն է ցայտում հորդ,
Իսկ գոց ձեռքում` թշնամուց խլված դրոշն արյունոտ£
Հրճվանքի հետ մեկտեղ նա խոր վշտից կարկամեց,
Եվ գլուխը ալեհեր գոս ափերին վար գամեց:
Նոսըր վարսերն իջան ցած ու հոնքերը ծածկեցին,
Իսկ աչքերից, հանց ուլունք, արցունքները թափվեցին:
(1914)
ՊՈԵՏԸ
Ջերմագին սիրելի ընկերոջս` Գրիշային
Նա է պոետ, ով թշնամուն չի ներում
Եվ ատում է սուտն ամենից առավել,
Ով մարդկանց իր եղբոր պես է սիրում
Եվ պատրաստ է նրանց համար տառապել:
Եվ հեշտությամբ այն ամենը նա կանի,
Ինչ չեն կարող ուրիշները խմբովի:
Պոետ է նա, պոետ է նա ազգային,
Պոետն է նա հայրենական իր հողի:
(1912)
♦♦♦
Օ՜ հողմե՜ր, հողմե՜ր, ձնահյուս հողմեր,
Դուք կյանքն իմ անցյալ ավլեք ու թաղե՛ք:
Ես կուզեմ դառնալ պատանի մի նոր
Կամ մարգագետնում բուսած մի ծաղիկ:
Կուզեմ հովվի սրնգի կանչով
Մեռնել ինձ համար ձեր կանաչ գրկում:
Աստղային զանգերն անուշ ղողանջով
Իրիկվա ձյունն են ունկերս խցկում:
Ի՜նչ լավ է իր այդ գեղգեղանքն անխառն,
Երբ ցավն է խեղդվում բքի մեջ նրա:
Կուզեի կանգնել ես ինչպես մի ծառ,
Հին ճամփի եզրին` մի ոտքիս վրա:
Եվ խռռոցի տակ հոգնած ձիերի
Կուզեի գրկել ես թուփն այն մոտիկ:
Դե՛, դուք վե՛ր հանեք, լուսնային թաթեր,
Թախիծն իմ դույլով` դեպ անհուն եթեր:
(1919)
Խորագիր՝ #36 (1105) 17.09.2015 - 23.09.2015, Հոգևոր-մշակութային