Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՈՍԿԵՂՋՅՈՒՐԻ ՏԻՐԱԿԱԼՆԵՐԸ»



Ասեմ ձեզ՝ զի եւ թե դոքա լռեսցեն,
քարինքդ աղաղակեսցեն…
(Ղուկաս, ԺԹ. 40)

Անգլիացի հանրաճանաչ գրող Նոել Բարբըրը սերում է նշանավոր ընտանիքից: Գրել է 22 գիրք, որոնցից շատերի առանցքում պատմության խնդիրներն են: Նրա գրքերը բազմիցս վերահրատարակվել են: Վերջին` «Վազող շների պատերազմը» գիրքը Անգլիայում ամենից շատ վաճառված գրքերի շարքում է: Իսկ «Չարագույժ վերջալույսը» ստեղծագործությունը թարգմանվել է ութ լեզուներով:

Նոել Բարբըրի հեղինակած «Ոսկեղջյուրի տիրակալները» պատմական գիրք է: Աշխատությունը հրատարակվել է 1973 թվականին, Անգլիայում: Գրքի սյուժեն ընդգրկում է Օսմանյան 10-րդ գահակալ` Սուլթան Սուլեյմանի օրերից մինչև 1920-ական թվականները` Քեմալ Աթաթուրքի իշխանության պատմական ժամանակաշրջանը, որը հեղինակը բնորոշում է որպես Օսմանյան կայսրության անկման ու քայքայման շրջան: Գիրքն իր բնույթով պատմական վավերաթուղթ է. այդ մասին են վկայում ինչպես օգտագործված աղբյուրները, այնպես էլ կից ներկայացվող բազմաթիվ փաստաթղթերն ու լուսանկարները: «Ոսկեղջյուրի տիրակալները» աշխատությունն ընդարձակ տեղեկություններ է պարունակում Համիդյան ջարդերի` 1894-1896 թթ., Երիտթուրքերի և Մուստաֆա Քեմալի իշխանության գալու և Մեծ եղեռնի մասին: Էնվերից ու Թալեաթից բերված ծավալուն մեջբերումները, ըստ հեղինակի, ապացուցում են Հայոց ցեղասպանության կանխամտածված ու ծրագրված լինելը:

♦♦♦

«Ոսկեղջյուրի տիրակալները» աշխատության հայերեն թարգմանիչը Հարություն Եղնազարյանն է: Ծնվել է 1946 թվականին Իրանի Խուզեստան նահանգի Հավգել քաղաքում: Նախնական կրթությունն ստացել է տեղի պետական դպրոցում: Հայերեն սովորել է մասնավոր դասընթացներում: Փոխադրվելով Թեհրան` ավարտել է Քուշեշ Դավթյան հայկական միջնակարգ դպրոցը: Բարձրագույն կրթություն ստացել է Լոնդոնի Թեմզ համալսարանում: Անդամակցում է Թեհրանի Հայոց թեմի պատգամավորական ժողովին: Հ. Եղնազարյանը Նոել Բարբըրի «Ոսկեղջյուրի տիրակալները» գիրքը դեռ 30 տարի առաջ` 1985-ին թարգմանել է պարսկերեն և դարձրել իրանցի բազմամիլիոն ընթերցողների սեփականությունը:

«Ոսկեղջյուրի տիրակալները» աշխատության հայերեն թարգմանության շնորհանդեսը տեղի է ունեցել վերջերս՝ օգոստոսի 10-ին, Թեհրանի Հայ մշակութային «Արարատ» կազմակերպության Երեցների միության հանդիպման ժամանակ: Գրքի հրատարակության մեկենասները Անի և Արմեն Մանուկյաններն են:

«ՈՍԿԵՂՋՅՈՒՐԻ ՏԻՐԱԿԱԼՆԵՐԸ»

Հատվածներ գրքից

…Այլ ազգերի դեմ անհանդուժողականությամբ համակված Օսմանյան պետությունն իրեն ենթակա երկու միլիոն հայ ժողովրդին բոլոր ազգերից առավել շատ կոտորեց ու սպանդի ենթարկեց: Հայերը երկարատև ու աղետալի պատմության տեր ժողովուրդ են: Որոշ պատմաբաններ ասում են, թե նրանց նախնիները տասը անհետ կորած ցեղերից մեկն են եղել, որը նմանություններով կարող է մաս կազմել հրեա տոհմին: Հրեաների նման էլ նրանք տարածված են ամբողջ երկրագնդի վրա և հաճախ են շփվում և հաղորդակցվում միմյանց հետ, բայց երբեք չեն համախմբվում իրենց երկրում Արարատ լեռան շուրջ (ըստ ավանդության՝ Արարատ լեռան վրա է Նոյի տապանն իջել), որը 10-րդ դարում մոնղոլները հիմնահատակ ավերել են:

19-րդ դարում Թուրքիայում նրանք բացառիկ ընդունակություն էին ցուցաբերում առևտրի և ֆինանսական գործերում: Հայ ժողովրդի մեծամասնությունը ապրում էր Թուրքիայի հյուսիսարևելյան վեց նահանգներում` որպես աշխատասեր գյուղացիներ, ու նաև քաղաքներում` որպես ընդունակ առևտրականներ: Ֆրանսիացի մեծ բանաստեղծ Լամարտինը հայերին կոչում էր «արևելյան շվեյցարացիներ, որոնք կանոնավոր կերպով կատարում են իրենց սովորություններն ու տնտեսական հաշվարկները: Առևտուրը նրանց աստվածն է, և նրանք զբաղված են առևտրական տարբեր ոլորտներում»:

Խելառ սուլթանը «հայ» բառի գործածումը արգելեց բոլոր թերթերում և նույնիսկ դպրոցական դասագրքերում, որոնք մեծ մասամբ պարտադրաբար վերահրատարակվեցին: Մի օր սուլթանը պատահմամբ տեղեկանում է, թե Ելդըզի հարյուրավոր ժամացույցների ստուգողը և կարգավորողը հայազգի մի անհատ է: Լսելուն պես նա անհապաղ վերցնում է ատրճանակը, ու եթե խեղճ ժամագործը իր կյանքը փրկելու համար անմիջապես փախուստի չդիմեր, սուլթանը անկասկած կրակելու ու սպանելու էր նրան:

Որոշ անկեղծ մահմեդականներ իսկապես ամոթահար և անհարմար էին զգում հայերի դեմ այդպիսի վերաբերմունք ցուցաբերելու պատճառով:

Բրիտանիայի հյուպատոս սըր Ալֆրեդ Բիլլիոտտին հետևյալ բովանդակությամբ նամակ է ստացել մահմեդական մի անհատից. «Անկարելի է շրջանի իրավիճակը ճիշտ բացատրել: Հայերը ճնշված ու թալանված են կառավարության պաշտոնյաների ձեռքով, քշված-վռնդված են իրենց սեփական հողերից: Մահմեդականներն էլ քրիստոնյաների նման արյուն-արտասուք են թափում: Երկիրը ամայացած է: Պարտեզները պահպանելու կամ վերականգնելու համար ոչ մի ուշադրություն չի դարձվում: Գյուղերն ընդամենը ցեխի տնակների կույտ են դարձել ու բացարձակապես զուրկ են որևէ ծառից, ջրից, այգուց կամ բանջարանոցից: Գյուղի բնակիչների սնունդն ու հագուստը անմխիթար վիճակում են: Ճանապարհներն ու կամուրջները նորոգման կարիք ունեն: Հազվագյուտ կարելի է գտնել մի պետական շինություն, որը ներսից ու դրսից ավերված չլինի: Բնակելի տարածաշրջաններն էլ քոչվորներն են զավթում ու բնակվում»:

♦♦♦

Հավանաբար թուրք ժողովուրդը հայերին սիրում էր, քանի որ նրանք իրենց արևելյան սովորույթներով ավելի մոտ էին թուրքերին, քան հույներն ու բալկանցիները: Ուստի նրանք գերմանացի Վոն Մոլթքեի նման մտածում էին, թե՝ «Հայը մկրտված թուրք է»:

Թուրքիայից դուրս ապրող հայերը, որոնց մեծ մասը հեղինակավոր մարդիկ էին, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Անգլիայում և Ռուսաստանում, սկսել էին պահանջներ ներկայացնել Օսմանյան կայսրությունում գտնվող իրենց եղբայրների կենսամակարդակի բարելավման համար: Նրանք ինքնավարություն չէին պահանջում: Թուրքիայում ապրող բազմաթիվ հայեր բավարարված էին կայսրության քաղաքացի մնալով, քանի որ կայսրության տարածքի հյուսիսարևելյան անկյունը իրենց ազգի բնօրրանն էր: Նրանք հայցում էին միայն վարչական բարեփոխում, ապահովություն և հարգանք` հանդեպ իրենց կանանց և սեփականության:

♦♦♦

1894 թվին մի շարք ծանր ժողովրդական բռնկումներից հետո, սուլթանը որոշեց հայերին մի լավ դաս տալ, ինչպես որ մի խորհրդավոր ընթրիքից հետո ասել էր պրոֆեսոր Վամբերին` «Ես հայերին շուտով իրենց տեղը կնստեցնեմ, ես այնպիսի բռունցք կհասցնեմ նրանց ականջներին, որ խելոքանան և այլևս հրաժարվեն հեղափոխական նկրտումներից»:

Նա բոլոր հայաբնակ շրջանները ողողեց իր գաղտնի գործակալներով: Նրանք զինված էին հրատապ հրահանգով` մահմեդականներին ասելու, որ նրանց թույլատրված է իրենց շրջաններում թալանելու հայերի սեփականությունը և դիմադրելու պարագայում սպանելու նրանց:

Սա անբարյացակամ, միտումնավոր և հաշվարկված քարոզարշավի դեռ սկիզբն էր, որի արդյունքում 100,000 տղամարդ, կին և երեխաներ գլխատվեցին:

Շարունակելի

Խորագիր՝ #36 (1105) 17.09.2015 - 23.09.2015, Հոգևոր-մշակութային


17/09/2015