Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽ ԱՇԽԱՐՀ



Հայ օգնության միության (ՀՕՄ) Դավիթաշենի «Էդիկ Մելքումյան» մասնաճյուղը գործում է 2000թ.-ից և այս ընթացքում բազմաթիվ հայրենասիրական ծրագրեր է իրականացրել` ազատամարտիկների մեծարման երեկոներ, հիշատակի միջոցառումներ, այցելություններ սահմանամերձ բնակավայրերում ապրող հայրենակիցներին` նրանց մշտապես ցուցաբերելով նյութական օժանդակություն: Օգոստոսի 10-ից 15-ը ՀՕՄ Դավիթաշենի մասնաճյուղի երիտասարդ համակիրները և «Մասունք» ազգագրական երգի պարի համույթը (ղեկ.՝ Հայարփի Անանյան, Լուսինե Մկրտչյան) ՀՕՄ-ի Դավիթաշենի մասնաճյուղի ատենապետուհի Սուսաննա Թովմասյանի նախաձեռնությամբ Արցախ աշխարհում էին. Բերձոր, Շուշի, Ստեփանակերտ, Վարանդա, Գանձասար, Քարվաճառ, Դադիվանք. ամենուր թնդում էին մեր ազգային երգն ու պարը` ոգեղեն շունչ հաղորդելով տեղի բնակիչներին: ՀՕՄ-ը փոքրիկների համար ևս անակնկալ էր պատրաստել. նվեր փաթեթներում դպրոցական պայուսակներ էին և հեքիաթներ` աուդիո տարբերակով:

Այցի շրջանակներում «Մասունք» համույթը հանդես եկավ նաև զորամասերում` գեղեցիկ կատարումներով ոգեշնչելով և խանդավառելով Արցախ աշխարհի սահմաններն անառիկ և անխախտ պահող զինվորներին:

-Անչափ տպավորված ենք վերադարձել Արցախից: Տպավորված ենք տեղի բնակիչների ջերմությունից, սրտամոտ ընդունելությունից£ Վերադարձել ենք հանգիստ, խաղաղված սրտով. մեր հողն ու ջուրն իսկապես հուսալի պաշտպաններ ունի: Մենք տեսանք մեր բանակի ուժը` կամքով և վճռականությամբ լի հայ զինվորին,- ոգևորված ներկայացրեց Սուսաննա Թովմասյանը:

Զրույցի վերջում ՀՕՄ-ի Դավիթաշենի մասնաճյուղի ատենապետուհի տիկին Սուսաննա Թովմասյանը խնդրեց ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» թերթի միջոցով հատուկ շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր աջակցում, սատարում, օժանդակում են իրենց նախաձեռնությունները և հատկապես երախտագիտության ջերմ խոսքեր ուղղեց Բաղդադի ազգային կենտրոնական վարչության ատենապետ Մելքոն Մելքոնյանի հասցեին, որի շնորհիվ կյանքի կոչվեց ևս մի հայրենասիրական ծրագիր:

Ալիս ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Խորագիր՝ #36 (1105) 17.09.2015 - 23.09.2015, Բանակ և հասարակություն


17/09/2015