ՃՇՄԱՐԻՏ ԵՄ ԱՍՈՒՄ` ՆՐԱՆՔ ՀԵՐՈՍՆԵՐ ԵՆ
Առաջին անգամ պետք է մարտական հենակետում հանդիպեի թշնամու դիվերսիան սանձազերծած հայ զինվորի և կացարանի առջև հավաքված զինվորների հետ, հրամանատար, փոխգնդապետ Ս. Խաչատրյանի առանձին-առանձին ձեռքսեղմումից, զրույցից հետո փորձում էի նրան ճանաչել առանց ներկայացնելու, բայց՝ չհաջողվեց: Թե ինչու` դեռ կասեմ: Տարբերել հնարավոր չէր, որովհետև բոլորն էլ կանգնած էին արտաքինից հպարտ ու ձիգ, իսկ նրանց դեմքերին հոգուց բխող անվրդով խաղաղություն էր, հանդարտություն, իսկ ամենակարևորը` ծիծաղկուն ժպիտ կար դեմքերին` պարզ, անմիջական, ոչ արհեստական: Առաջինը քեզ համար արդեն պարզ է, թե ինչպիսին է զինվոր-սպա, զինվոր-հրամանատարություն փոխհարաբերությունը, և երկրորդը՝ հենց դրանից էլ այն փաստը, որ մեկը մյուսից չես տարբերում, որովհետև բոլորի տրամադրություններն էլ բարձր են, և բոլորն էլ հերոսներն են: Ու երբ հրամանատարը ներկայացրեց շարքային Գարիկ Շահինյանին, ու ես նրա ձեռքը սեղմելով՝ ասացի. «Ահա և հերոսը», նա շատ հանգիստ պատասխանեց. «Այստեղ կանգնած իմ բոլոր ընկերներն էլ հերոսներ են»: Եվ ես ուրախացա, որ այդ խոսքերը ճշմարիտ, ճշմարիտ են ասված:
Խրամատի ներքևում հակառակորդի զինվորները փորձել են մոտենալ մեր դիրքերին: Մթության մեջ մեր տղաներից Միքայելյան Շալիկոն, կասկածելի արարած նկատելով, շտապում է տեղեկացնել Գարիկին: Նրանց է միանում նաև մյուս դիտորդը՝ Դավիթ Թորոսյանը: «Եթե շուն է, շունն այսքան մեծ դժվար թե լինի»,- ասում է Գարիկը և ընկերների հետ ուշադիր սկսում են հետևել: Քիչ անց արդեն ամեն ինչ պարզ է դառնում, որովհետև «շունը» դառնում է «ոհմակ»: Գարիկը անմիջապես կողմնորոշվելով՝ տղաներին ուղարկում է աջ և ձախ թևերը: Միևնույն ժամանակ տեղյակ պահելով արագ արձագանքման խմբին՝ նրանք տարբեր դիրքերից կրակ են բացում թշնամու դիվերսիոն խմբի վրա: Ամեն ինչ կատարվում է հստակ ու գրագետ: Վրա են հասնում նաև արագ արձագանքման տղաները, և թշնամուն ոչինչ չի մնում անել, ինչպես միշտ՝ ճողոպրել: Մթության մեջ նրանք հետ են փախչում՝ տանելով իրենց վիրավորին կամ վիրավորներին: Պաշտպանության նախարարության կողմից շարքային Գարիկ Շահինյանը պարգևատրվում է «Գարեգին Նժդեհ» գերատեսչական մեդալով, իսկ զորամասի հրամանատարի կողմից՝ «Քաջարի մարտիկ» կրծքանշանով:
-Ո՞վ հանձնեց «Գարեգին Նժդեհը», ի՞նչ զրույց տեղի ունեցավ,- հարցնում եմ:
-Անկեղծ ասած՝ ոգևորված էի, հուզմունքով ոտք դրեցի պաշտպանության նախարարություն: ՀՀ ԶՈՒ ԱՀՏԱ վարչության պետ, գեներալ-մայոր Ա. Ալեքսանյանը պարգևատրեց, շնորհավորեց, տարբեր հարցեր տվեց դիրքերից, մեր մարտական ոգուց, հրամանատարական կազմից: Մի խոսքով, հետաքրքրվեց ծառայության շատ ու շատ հարցերով և իմ ոգևորված պատասխաններից գոհ՝ ինձ ճանապարհեց զորամաս՝ մաղթելով նույն ոգով շարունակել պաշտպանելու հայրենիքի սահմանները: Տեղ հասնելով՝ պարոն գեներալի բարեմաղթանքները ես փոխանցեցի մարտական հենակետերում կանգնած իմ ընկերներին, որոնք նույնպես ոգևորվեցին:
-Գարի՛կ, զգո՞ւմ ես, որ քո հանդեպ վերաբերմունքը փոխվել է,- հարցնում եմ:
– Առաջ էլ իմ հանդեպ վատ չի եղել վերաբերմունքը, հիմա՝ առավել ևս, և հիմա իմ քայլերն ավելի հաշվենկատ են ու ավելի կշռադատված: Ես շնորհակալ եմ իմ բոլոր ընկերներին, մեր հրամանատարությանը: Իմ պարգևատրումը ես նրանցն եմ համարում, որովհետև նույնը կաներ իմ ընկերներից յուրաքանչյուրը:
-Ժամկետային ծառայությունից հետո հնարավո՞ր է զինվորական դառնաս,- հարցնում է ՂՊՎ. միության նախագահ Յուրա Միքայելյանը: (Ի դեպ, դիրքերում էին ՂՊՎ միության մի խումբ մասնակիցներ, միության նախագահ Յուրա Միքայելյանի գլխավորությամբ, որոնք իրենց պատերազմական փորձից ելնելով, կարևոր առաջարկ-խորհուրդներ էին տալիս ինչպես ինժեներական ամրաշինական գործում, այնպես էլ իրենց պատերազմական հերոսություններով ոգևորում-քաջալերում էին տղաներին, որոնք մեծ ոգևորությամբ լսում էին իրենց ավագ ընկերներին):
-Ճիշտն ասած՝ չեմ որոշել, քանի որ ծնողներս Հայաստանում չեն, կարոտել եմ նրանց: (Գարիկ Շահինյանը ծնունդով Արմավիր քաղաքից է: Երկու եղբայր են, եղբայրը ծառայել է: Հայրը մարմնամարզիկ է, մայրը՝ բժշկուհի):
-Ավելի լավ, ծնողներդ էլ կվերադառնան Հայաստան,- ասում է Արագած Մկրտչյանը` զինվորների սիրելի Բոնդոն:
-Տա Աստված՝ այդպես էլ լինի, որովհետև նրանք Հայաստանից բացակայում են, քանի որ առողջական խնդիրներ ունեն:
-Դե, ամեն դեպքում, վստահ ենք, որտեղ էլ լինես, քո շուրջ կհամախմբես հայրենասեր տղաների մի խումբ և հարկ եղած դեպքում կլինես մեր կողքին,- ասաց հրամանատար, փոխգնդապետ Ս. Խաչատրյանը:
-Վստահ եղեք, հրամանատա՛ր, այդպես էլ կլինի:
-Մենք հավատում ենք մեր զինվորներին, կեցցե՛ք, տղանե՛ր,- ասաց հրամանատարը, և ձեռքսեղմումով ու բարի ցանկություններով հրաժեշտ տվեցինք տղաներին՝ Վարդան Գևորգյանին, Էդգար Բալայանին, Արման Հարությունյանին, Վարդան Ղումաշյանին, Վահագն Պողոսյանին,Հարություն Սարգսյանին, Սերգեյ Գասպարյանին, Խաչիկ Սարիբեկյանին, Միշա Խաչատրյանին, Արմեն Ներսիսյանին, Սուրեն Բարսեղյանին: Բաժանումին շարքային Գարիկ Շահինյանը խնդրեց մեր թերթի միջոցով իր բարևներն ու բարեմաղթանքները մաղթել արդեն զորացրված «սպիտակցի Շալիկո Միքայելյանին և Դավիթ Թորոսյանին, որն այժմ էլ շարունակում է իր ծառայությունը մեկ այլ վայրում. «Գրեք՝ հպարտ եմ, որ նրանց նման ընկերներ ունեմ»: Տղաների դեմքը փայլում էր ոգևորությունից, և ես ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում, որ նրանք բոլորն էլ հերոսներ են:
Գնել ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Խորագիր՝ #36 (1105) 17.09.2015 - 23.09.2015, Ազգային բանակ