Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՏՈՒԿ ԳՆԴԻ ԼԵԳԵՆԴԸ



Սեպտեմբերի 20-ին լրանում է նորանկախ Հայաստանի առաջին զինվորական տորաբաժանման՝ Հատուկ գնդի կազմավորման 25-ամյակը:

1990-ականներին չափազանց ծանր իրավիճակ էր ստեղծվել Հայաստանի և սահմանադրական ճանապարհով իր ճակատագիրը ինքնուրույն տնօրինելու հայտ ներկայացրած Արցախի բնակչության ճնշող մեծամասնությունը կազմող հայերի համար: Հակամարտությունն ի սկզբանե ցույց տվեց, որ խորհրդային իշխանությունները կամք ու ցանկություն չունեն լուծելու կուտակված ազգային հարցերը: Սակայն Սումգայիթում, Բաքվում կազմակերպված հայերի ջարդերը, Երեւանում ու Արցախում պարետային ժամ մտցնելը, խորհրդային բանակի օգնությամբ ադրբեջանցիների հարձակումները հայկական սահմանային բնակավայրերի վրա ոչ միայն չընկճեցին հայ ժողովրդին, այլեւ ավելի ամրապնդեցին նրա անկախության ու ազատության ձգտման կամքը: Ինքնաբուխ կերպով ամենուր ստեղծվեցին կամավորական ջոկատներ, սակայն առանձին գործող այդ ջոկատների գործողություններն այնքան էլ արդյունավետ չէին: Նրանք չունեին զենք, զինամթերք, համապատասխան մարտական պատրաստություն, համազգեստ, ջոկատների միջև բացակայում էր փոխգործակցությունը: Միաժամանակ, այդ ջոկատներից ոչ բոլորն էին սատարում համաժողովրդական շարժման միջոցով իշխանության եկած քաղաքական նոր ուժին, և առկա էր հանրապետությունում քաոսային իրավիճակ ստեղծվելու վտանգը: Դեպքերի նման զարգացումը կանխելու, ներքին կարգ ու կանոնն ամրապնդելու, Արցախի և Հայաստանի սահմանամերձ բնակչության անվտանգությունն առավել կազմակերպված դարձնելու նպատակով երիտասարդ իշխանությունը որոշեց հանրապետության տարածքում առկա ջոկատները միավորել մեկ զորամասի կազմում, մեկ հրամանատարության ենթակայությամբ: Եվ քանի որ ԽՍՀՄ ղեկավարները կտրականապես դեմ էին զինվորական որևէ կառույցի ստեղծմանը, որոշվեց գունդն ստեղծել ներքին գործերի նախարարության կազմում, ներքին կարգ ու կանոն ապահովելու հիմնավորմամբ:

Միավորվեցին մայրաքաղաքի և հանրապետության շրջանների մոտ երեք տասնյակ վաշտեր, առանձին կամավորական ջոկատներ: Հրամանատար նշանակվեց գնդապետ Սերգեյ Առաքելյանը: Դժվարությամբ, բայց իշխանություններին հաջողվեց ձեռք բերել զենք, զինամթերք, հանդերձանք: Այդ չափազանց կարևոր խնդիրների լուծման գործում շատ մեծ աշխատանք կատարեց այն ժամանակվա ՆԳ նախարարի տեղակալ Գրիգոր Գրիգորյանը: 1990թ. սեպտեմբերի 20-ին հանրապետական հավաքակայանում, որտեղ տեղակայվել էր գունդը, տեղի ունեցավ երդման առաջին արարողությունը, որին հաջորդեց հանպատրաստից զորահանդեսը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, վարչապետ Վազգեն Մանուկյանը, Վազգեն Սարգսյանը:

Հատուկ գնդի ստեղծումը հոգեբանական կարևոր նշանակություն ունեցավ ժողովրդի համար: Մարդիկ տեսան, որ ստեղծվել է մի ուժ, որին կարող են ապավինել, այն ուժը, որ պատրաստ է պաշտպանելու իրեն ադրբեջանական հրոսակախմբերի և խորհրդային բանակի հարձակումներից ու հալածանքներից: Մինչդեռ Հատուկ գնդի ստեղծումով պաշտպանության խնդիրները միանգամից չլուծվեցին: Հակամարտությունը գնալով խորանում էր: Ադրբեջանում տեղակայված ԽՍՀՄ զորամասերը բացահայտորեն զինում, օգնում էին ադրբեջանցիներին՝ Արցախի, Շահումյանի և հարակից բնակավայրերի հայ բնակչությանը ստիպելով հեռանալ հայրենի բնաշխարհից, պապենական տներից: Այդ ծրագիրը ձախողելու համար 1991թ. Գունդը մեկնեց Շահումյան և իր վրա վերցրեց դիմակայության հիմնական ծանրությունը:

Նույն տարվա մայիս ամսին Արցախում գտնվող պաշտպանական ուժերին հաջողվեց ազատագրել ԼՂՀ-ն և Լաչինի միջանցքով ցամաքային կապ հաստատել Հայաստանի հետ: Ցավոք, հաջողության ոգևորությունը երկար չտևեց: Կիրովաբադի խորհրդային (արդեն ռուսական) զորամասը, կիրառելով մեծաքանակ զրահատեխնիկա, ծանր հրետանի և ինքնաթիռներ, ներխուժեց Շահումյան ու Մարտակերտ: Հատուկ գնդի ստորաբաժանումները և կամավորական մյուս ջոկատները հարկադրված էին բնակչության հետ նահանջել՝ ապահովելու վերջիններիս անվտանգությունը: Այդ ժամանակ զոհվեց գնդի երկրորդ հրամանատարը՝ Վլադիմիր Կարապետյանը: Գնդի մարտիկների ընտրությամբ հրամանատար նշանակվեց Գուրգեն (Գագիկ) Մելքոնյանը:

1993 թ. մարտի վերջին ԼՂՀ պաշտպանության բանակի և Հայաստանի կամավորական ջոկատների կողմից ոչնչացվեցին Քելբաջարի ադրբեջանական կրակակետերը: Զարգացնելով հաջողությունը՝ նույն տարվա ամռան և աշնան ամիսներին հայկական զինուժը մեկը մյուսի հետևից ոչնչացրեց Ղուբաթլիի, Ջեբրայիլի, Զանգելանի կրակակետերը և, փախուստի մատնելով բարոյալքված թշնամուն, ձևավորեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարավարևելյան ուղղության անվտանգության գոտին: Անշուշտ, չափազանց մեծ էր նաև Հատուկ գնդի ստորաբաժանումների դերը այդ տարածաշրջանում իրականացված մարտական գործողություններում:

1993 թ. վերջին, երբ, թվում էր՝ պատերազմը հասել է իր տրամաբանական ավարտին, Ադրբեջանի նախագահի պաշտոնին հայտնված Հեյդար Ալիևը դիմեց հերթական արկածախնդրության: Վերակազմավորելով քայքայված բանակի մնացորդները եւ հավաքագրելով մեծաթիվ օտարազգի վարձկանների՝ նա փորձեց բոլոր ուղղություններով հանկարծակի գրոհի միջոցով հասնել հաղթանակի: Առավել ծանր իրավիճակ ստեղծվեց Քելբաջարում: Տիրելով գերիշխող բարձունքներին՝ ոգևորված թշնամին ձգտում էր ոչ միայն հաստատվել կիրճում, այլև, ճեղքելով հայկական պաշտպանությունը, դուրս գալ Լաչին, Ղուբաթլի, այնտեղից էլ՝ Արաքսի հովիտ: Դեկտեմբերի վերջին Հատուկ գունդը տեղափոխվեց Քելբաջար և, զբաղեցնելով պաշտպանական դիրքեր, խափանեց թշնամու առաջխաղացումը:

Գնդի մարտիկների հետ թշնամուն դիմակայում էին այլ զորամասերի ստորաբաժանումներ, կամավորական ջոկատներ: 1994թ. գարնանը մեր զորքերը կրկին ազատագրեցին հայոց հինավուրց այդ տարածքը և նպաստավոր դիրքեր գրավեցին լեռնային բարձունքներում:

Չափազանց մեծ ու կարևոր է Հատուկ գնդի դերն ու նշանակությունը հայ ժողովրդի, հայկական Երրորդ Հանրապետության պատմության, հայկական բանակի ստեղծման, Արցախյան պատերազմում տարած հաղթանակի գործում:

Անտարակույս, անհնար է գերագնահատել գնդի դերը Արցախյան պատերազմում: Շուրջ երկու տարի ադրբեջանցիներին տանջում էր իրենց իսկ խոսքով «հայկական էքսպեդիցիոն կորպուսի» ներկայությունը Արցախում: Մինչ գնդի մարտիկները կռվում, պաշտպանում էին ժողովրդին, թիկունքում դրվում էին ազգային բանակի ստեղծման հիմքերը, անցկացվում էր զորակոչ, ստեղծվում էին կանոնավոր ստորաբաժանումներ: Հիմնականում ստեղծվում էին Հատուկ գնդի տարածքային վաշտերի բազայի վրա: Հրադադարի հաստատումից հետո էլ գնդի անդամների մեծ մասը շարունակեց ծառայությունը ազգային բանակում՝ զբաղեցնելով ենթասպայական, սպայական տարբեր պաշտոններ: Շատերը նշանակվեցին զորամասերի հրամանատարներ, ազգային բանակում զբաղեցրին կարևոր պաշտոններ: Այսօր էլ հանրակրթական դպրոցներում կարելի է հանդիպել գնդի վետերաններից շատերին, որոնք իրենց գիտելիքներն ու փորձն են փոխանցում նախազորակոչային տարիքի պատանիներին՝ բանակի ապագա զինվորներին:

Գունդը պարգևատրվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով: Վաշտի հրամանատար Ջիվան Աբրահամյանին շնորհվել է Ազգային հերոսի կոչում, հարյուրավորները պարգևատրվել են կառավարական, գերատեսչական մեդալներով: Այնքան մեծ է գնդի հմայքը, որ Հայրենական մեծ պատերազմում փառահեղ ուղի անցած Հայկական 89-րդ Թամանյան դիվիզիայի վետերանների խորհրդի ցանկությամբ այն կրում է «Թամանյան դիվիզիայի» անունը և պատվով պահպանում դիվիզիայի մարտական դրոշը:

Արցախյան ազատամարտը չի ավարտվել, ինչպես եւ չի ավարտվել Հատուկ գնդի լեգենդը: Թող ոչ ոք չկասկածի՝ եթե նորից հրանոթները որոտան, առաջիններից մեկը մարտադաշտում կհայտնվեն Հատուկ գնդի վաշտերը՝ կատարելու իրենց հայրենանվեր պարտքը:

Արամ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Խորագիր՝ #36 (1105) 17.09.2015 - 23.09.2015, Նորություններ, Ուշադրության կենտրոնում, Պատմության էջերից


17/09/2015