Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԽԱԲԵՈՒԹՅԱՆ ՈՒ ԻՆՔՆԱԽԱԲԵՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ



«Հրապարակ» օրաթերթի սեպտեմբերի 17-ի համարում հրապարակված «Անի Զախարյանի բացահայտումը. Պնախարարը կազինո է բացում» վերտառությամբ հոդվածի առնչությամբ հարկ է նշել հետևյալը.

Առաջին. հանրությանը որպես «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ ներկայացող Անի Զախարյանի անունը հայտնի դարձավ միայն աղջիկներին մինչամուսնական սանձարձակ կյանք քարոզող բարբաջանքներից: Հիմա նա դիմությունից ու ընդիմությունից նեղացած է, որովհետև չընդունվեց նրանց շարքերում, հասարակական նախաձեռնությունների վրա էլ զայրացած է, քանի որ վերջիններս տեսախցիկների առջև նրան դուրս էին շպրտում իրենց կազմակերպած ակցիաներից: Եվ քաղաքական դաշտում լրիվ չոչնչանալու համար, հիմա էլ սկսել է անհեթեթ մեղադրանքներ ներկայացնել պետական այրերին, մասնավորապես` պաշտպանության նախարարին:

Երկրորդ. անընդունելին «Հրապարակ» օրաթերթի պահվածքն է. չի կարելի ոտնատակ տալով լրագրության բոլոր կանոնները, հավաստի լուրի փոխարեն հրապարակել տիկին Զախարյանի` Եվրոպայից եկած ընկերուհու ասածը, ով ընդամենը «վստահ ձևով պնդում է, որ…»: Որոշ լրատվամիջոցներ ժամանակին զերծ չմնացին նման զառանցանքներ հրապարակելուց, բայց շուտով սթափվեցին, որովհետև ակնհայտ դարձավ դրանց պատվեր կամ մտացածին լինելը: Բնականաբար, միակ ելքը մնաց այդ խորհրդավոր «տնտեսական գործունեությունն» արտասահման փոխադրելը, քանի որ ընթերցողը Պրահա չի հասնելու` ստուգելու նման անհեթեթ լուրի հավաստիությունը:

Եվ վերջապես՝ երրորդ. կուսակցություններն ու մամուլը կոչված են վեր հանելու երկրում առկա խնդիրները և առաջարկելու դրանց լուծման ուղիները, այլ ոչ թե մի թեթև թափ տալով հին բամբասանքների վրա նստած փոշին, մարդկանց ուշադրությունը շեղելու այդ խնդիրներից: Ի վերջո, հիմա հարցերի հարցը ականանետային կրակի ներքո սահման պահող զինվորնե՞րն են, թե՞ Անի Զախարյանի ընկերուհին:

Կարելի է մի քանի օրը մեկ հրապարակել տարբեր անհայտ կանանց «վստահ պնդումները», և խաբեությունից ընկնելով ինքնախաբեության մեջ` կարծել, թե կուսակցական ու լրագրական գործունեություն են ծավալել: Բայց դրան Անի Զախարյանից ու «Հրապարակ» օրաթերթից բացի, ո՞վ է հավատալու:

Գոռ Վարդանյան

Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում


18/09/2015