ՄԱԿ-Ը ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-ԻՆ ԿՈԳԵԿՈՉԻ ԲՈԼՈՐ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶՈՀԵՐԻՆ
ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ
Սեպտեմբերի 11-ին երկար տարիների դիվանագիտական համառ ջանքերից հետո Հայաստանի Հանրապետությանը հաջողվեց հասնել բոլոր ցեղասպանությունների վերաբերյալ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի ընդհանուր բանաձեւի միաձայն ընդունմանը:
Հայաստանի եւ համահեղինակ 83 այլ պետությունների ներկայացրած բանաձեւը դեկտեմբերի 9-ը հռչակում է որպես «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի եւ արժանապատվության ու այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր»: Այդ օրն ընտրվեց, քանի որ դեկտեմբերի 9-ը 1948 թ. Ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ պատժի մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման օրն է:
Այսուհետ ամեն տարի դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ը ոգեկոչելու և հարգելու է բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակը: Որքան էլ բանաձևը չի նշում որևէ կոնկրետ ցեղասպանություն, սակայն հայերի գործադրած հնարավոր ջանքերից է կախված իրենց ցեղասպանության անվանական ընդգրկումը ՄԱԿ-ի այդ օրվա պաշտոնական հիշատակության մեջ: Ոչ ոք չի զարմանա, եթե թուրքական կառավարությունը փորձի խափանել նման հայամետ ջանքերը…
Զավեշտալի է, որ Թուրքիան ցեղասպանության բանաձևի համահեղինակներից էր, հավանաբար վախենալով, որ ընդդիմանալը կբացահայտեր իր իսկ մերժողական մտայնությունը ցեղասպանության թեմայի նկատմամբ: Հետևաբար, թուրք պաշտոնյաները իրենց այնպես պահեցին, կարծես թե այս բանաձևը կապ չունի հայերի, ասորիների, հույների և քրդերի դեմ իրենց երկրի անցյալի և ներկայի ցեղասպանական ոճիրների հետ:
Բանաձևի համահեղինակ 84 պետությունների շարքում էին Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Հնդկաստանը, Ճապոնիան և Իրանը: Ադրբեջանը և Ռուանդան հրաժարվեցին համահեղինակությունից: Ադրբեջանը չցանկացավ աջակցել Հայաստանի առաջարկած որևէ բանաձևի: Ռուանդան բանաձևն ավելորդ համարեց, քանի որ ՄԱԿ-ը ապրիլի 7-ը արդեն իսկ հայտարարել էր որպես Ռուանդայում ցեղասպանության հիշատակի միջազգային օր: Ի տարբերություն Ռուանդայի՝ Իսրայելը այս բանաձևի համահեղինակ է, թեպետ ՄԱԿ-ը հունվարի 27-ն արդեն հաստատել է որպես Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օր:
«Պատասխանատվություն պաշտպանության համար համաշխարհային կենտրոնը» (The Global Centre for the Responsibility to Protect) հանդես եկավ հայտարարությամբ՝ բարձր գնահատելով ՄԱԿ-ի բանաձևի ընդունումը և թվարկելով «նախորդ դարի ամենասոսկալի ոճիրների կարևոր տարելիցները»՝ ներառյալ «Հայոց ցեղասպանության 100, Օսվենցիմի ազատագրման 70, Կամբոջայում «Կարմիր կխմերների» կազմակերպած սպանդի 40, ինչպես նաեւ Ռուանդայի, Սրեբրենիցայի, Բոսնիա և Հերցեգովինայի ցեղասպանությունների 20-րդ տարելիցները»:
ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը, առաջարկվող բանաձևը սեպտեմբերի 11-ին Գլխավոր ասամբլեայում ներկայացնելիս խոսեց իր «պարտքի զգացման» մասին: Հարգանքի տուրք մատուցելով Ռաֆայել Լեմկինին, որը ստեղծել է ցեղասպանություն եզրը, դեսպանն ասաց. «Միջազգային օրը կվերականգնի անցյալում անտարբերության մատնված զոհերի արժանապատվությունը: Միլիոնավոր մարդկանց կյանքի անձեռնմխելիության ժխտումը ծայրագույն անարդարություն է: Ժխտողականությունը խոցում է ցեղասպանությունը վերապրածների սերունդներին: Մենք խոսում ենք փորձից ելնելով»:
Ցեղասպանության հիշատակման մեկ այլ շրջադարձային տարեթիվ, որ մոռացության է մատնվել, ՄԱԿ-ի խտրականության կանխարգելման և փոքրամասնությունների պաշտպանության ենթահանձնաժողովի ընդունած զեկույցի 30-ամյակն է: «Վերանայված և նորացված զեկույց ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման հարցի վերաբերյալ» պատմական փաստաթուղթը մշակել էր բրիտանացի զեկուցող Բենջամին Ուիտակերը, որն իր զեկույցի 24-րդ պարբերությունում մեջբերել է 20-րդ դարում տեղի ունեցած ցեղասպանությունների մի քանի դեպք՝ հատուկ տեղ հատկացնելով Հայոց ցեղասպանությանը: Բացի այդ, 13-րդ տողատակում Ուիտակերն ավելացրել է. «Անկախ հեղինակությունների և ականատեսների ստույգ գնահատմամբ, առնվազն մեկ միլիոն մարդ, և հնարավոր է, հայ բնակչության կեսից ավելին համարվում է սպանված կամ մահվան երթի դատապարտված: Սա հիմնավորված է Միացյալ Նահանգների, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի, ինչպես նաև Օսմանյան կայսրությունում ժամանակակից դիվանագետների, ներառյալ դաշնակից Գերմանիայի արխիվների զեկույցներում: Գերմանիայի դեսպան Վանգենհեյմը, օրինակ, 1915թ. հուլիսի 7-ին գրել է. «[Թուրքական] կառավարությունը, իրոք, նպատակ է հետապնդում բնաջնջելու հայ ցեղը Օսմանյան կայսրությունում» (Վանգենհեյմի արխիվ)»:
Ցավոք, Ուիտակերն անցյալ տարի մահացավ: Սակայն, ողջ են ՄԱԿ-ի ենթահանձնաժողովի մյուս երեք նախկին անդամները՝ Էրիկա Դայեսը (հույն), Լեանդրո Դեսփույը (արգենտինացի) և Լուի Ժուանեն (ֆրանսիացի), որոնք Ուիտակերի զեկույցում Հայոց ցեղասպանության հիշատակման անխոնջ ջատագովներն են: 2015 թ. դեկտեմբերի 9-ին մարդու իրավունքների այդ անխոնջ երեք պաշտպաններին պետք է հրավիրել ՄԱԿ՝ նշելու Ուիտակերի զեկույցի 30-ամյակը և ճանաչելու նրա եզակի ավանդը ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման գործում…
Հայաստանի Հանրապետությանը հաջողվեց հասնել բոլոր ցեղասպանությունների վերաբերյալ ընդհանուր բանաձևի միաձայն ընդունմանը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից:
Թարգմանությունը՝ Ռուզաննա ԱՎԱԳՅԱՆԻ
Խորագիր՝ #37 (1106) 24.09.2015 - 30.09.2015, Ռազմաքաղաքական