ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՈՒՂԵՐՁԸ
Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ազգային այն կարևորագույն կառույցներից են, որոնց վրա է խարսխվում մեր պետությունը: Կազմավորվելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավական և խաղաղ ինքնորոշման ձգտման դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի պայմաններում` հայկական զորակազմավորումներին հաջողվեց կազմակերպված ու հմուտ գործողություններով հակառակորդին խաղաղություն պարտադրել և հրադադար հաստատել: Շարունակելով մեր զինված ուժերի հետագա զարգացումը և մեր պետության արդյունավետ պաշտպանության ապահովումը` 2005թ. սկսեցինք պաշտպանական բարեփոխումների գործընթացը: Վերջինիս հիմնական նպատակը պաշտպանական համակարգի կարողությունների ավելացումն է` Հայաստանի անվտանգության առկա և հավանական մարտահրավերներին դիմակայելու համար:
2005 թվականից ի վեր պաշտպանական բարեփոխումների առումով իրականացվել են մի շարք կարևոր աշխատանքներ և արձանագրվել են զգալի արդյունքներ: Դրանցից են` «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության նոր օրենքի ընդունումը, ինչպես նաև պաշտպանության նախարարությունում քաղաքացիական հատուկ ծառայության համակարգի ներդրումը: Կարելի է նշել նաև, որ անվտանգության և պաշտպանության բարեփոխումների գործընթացի շրջանակներում մշակվել և ընդունվել են հայեցակարգային բնույթի փաստաթղթեր` Ազգային անվտանգության ռազմավարությունը և Հայաստանի Հանրապետության Ռազմական դոկտրինը:
Պաշտպանական բարեփոխումների շրջանակում մեր հիմնական նպատակն է ունենալ մարտունակ, արդյունավետ և ժամանակակից զինված ուժեր: Նշյալ որակների ապահովումը թելադրված է տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի լարվածության մեղմացման միջոցառումներին հատկացվող ֆինանսական սահմանափակ ռեսուրսներն առավել արդյունավետ օգտագործելու անհրաժեշտությամբ: Տվյալ նպատակներին հասնելու համար մենք նախաձեռնել ենք մի գործընթաց, որը կոչվում է ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայում: Վերանայումն առաջին հերթին նպատակաուղղված է ազգային անվտանգությանն սպառնացող առկա և հավանական ռազմաքաղաքական ռիսկերի ու սպառնալիքների բացահայտմանը: Այնուհետև վերանայումը նախատեսում է ազգային պաշտպանական համակարգի և դրա բաղադրիչների մանրակրկիտ վերլուծություն, որի նպատակը այդ համակարգի կարողությունների պարզումն է և դրանց համապատասխանեցումը բացահայտված ռիսկերի ու սպառնալիքների դիմակայմանը: Հիմնվելով տվյալ վերլուծության արդյունքների վրա` Վերանայման գործընթացի շրջանակներում ընդհուպ մինչև 2010 թվականը իրականացվել են ՀՀ զինված ուժերի զարգացմանը նպատակաուղղված որոշակի ուղեցույցների և ռազմավարական պլանների մշակման աշխատանքներ: Վերանայումը նախատեսում է ինչպես կարճաժամկետ, այնպես էլ միջնաժամկետ զարգացում: Տվյալ գործընթացի շրջանակներում մենք շարունակաբար քննարկել և իրականացրել ենք ՀՀ զինված ուժերին հատկացվող նյութական միջոցների նպատակային օգտագործման միջոցով առավել շատ արդյունք ստանալու լուծումներ:
Տնտեսական և ֆինանսական պայմանները, ինչպես նաև տարածաշրջանային անկայունությունը բարդացնում են ՀՀ ԶՈՒ արդիականացման գործընթացը: Այնուամենայնիվ, ՀՀ զինված ուժերի զարգացման արագացումը մեր տրամաբանված ընտրությունն է, որը բխում է մեր պետության և ժողովրդի անվտանգության, ինչպես նաև խաղաղության պահպանման, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև խաղաղության պարտադրման նպատակներից:
Պաշտպանության ռազմավարական վերանայման ամբողջ ընթացքում ՀՀ գործընկեր երկրների փորձագետները զգալի օժանդակություն տրամադրեցին տարբեր ձևաչափերով իրականացված մեթոդաբանական մշակումների և պլանավորման շրջափուլերի ձևավորման աշխատանքներին: Այդ գործընկերներից են Լատվիան, Լեհաստանը և Ֆրանսիան: Սակայն այս առումով կուզենայի հատուկ շնորհակալություն հայտնել Գերմանիային, ԱՄՆ-ին և Միացյալ Թագավորությանը` անընդմեջ ցուցաբերված փորձագիտական աջակցության համար: Ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերների հետ իրականացված փորձագիտական քննարկումներին, ապա գործընթացի շրջանակներում դրանք առնչվել են ոչ միայն ՀՀ ԶՈւ զարգացման հեռանկարներին, այլև ՀՀ-ՌԴ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման դերի, առաքելության և համատեղ գործելու կարողությունների զարգացմանը: Նշված պետությունների խորհրդատվական խմբերի ցուցաբերած աջակցությունն անգնահատելի է: Բացի այդ, ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր ջանասիրաբար աշխատել են այս գործընթացը հաջողությամբ պսակելու համար: Վերանայման գործընթացն անմիջական դրական ազդեցություն է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարությունում և զինված ուժերի գլխավոր շտաբում` ընդհանուր թիմային աշխատանքի մշակույթի զարգացման առումով: Դրան զուգընթաց՝ կատարելագործվել են նաև միջգերատեսչական համադրման մեխանիզմները և հատկապես այն գերատեսչությունների համաձայնեցված աշխատանքը, որոնք այս կամ այն կերպ ընդգրկված են պաշտպանական և անվտանգային գործընթացներում:
Մենք ունենք փառահեղ և հաղթական բանակ, որը ցուցաբերում է վերափոխվելու և բարելավվելու բացառիկ ունակություններ, ինչպես նաև ձեռք է բերում առկա, կանխատեսվող և նվազ կանխատեսելի սպառնալիքներին դիմակայելու բարձր որակներ:
ՀՀ պաշտպանության նախարար ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆ
Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում