Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԱՐՁԿԱՆՈՒՀԻՆ ԵՎ ԳԵՆԵՐԱԼԸ



Սկիզբը՝ նախորդ համարներում

16

«Վստահելի աղբյուրները» մորս խորհուրդ էին տվել օգտվելու ծեր գնչուհու ծառայություններից, որոնք նա ծանոթների համար մատուցում էր ուրբաթ օրերին, իհարկե` որոշակի հատուցման դիմաց, որի համար դրամը վճարման պարտադիր միջոց չէր: Նա վերցնում էր, այսպես ասած, նաև բնամթերքով. ով ինչ կտար իր քունջ ու պուճախից` մի մեծ ճութ խաղող` աղ դրած պանրի հետ ճաշակելու, մի քիչ մեղր, ընկույզ` նոր քաղած և անխտիր աֆրիկյան սև դառը սուրճ, որից երբեք ու երբեք չէր հրաժարվում: Թեպետև սխալ տպավորություն չկազմելու և արդարամիտ լինելու նպատակով չեմ կարող չնշել, որ Սերան ոչ միշտ էր սպասված հյուր տեղացիների տներում, և դրա համար «բավարար հիմքեր» կային: Նա, պատկերավոր ասած, հասարակության մի կայուն շերտի (հիմնականում` միջինից ցածր) «վերջին հույսի» դուռն էր, որի առաջ գնում էին, երբ բանը բանից անցած էր լինում, երբ մարդկային բանականությունն անզոր էր որևէ լուծում, որևէ ճար ու դարման առաջարկելու… Եվ որպեսզի մեծ հաշվով մեղանչած չլինեմ ճշմարտության առաջ, պետք է անպայման փաստեմ, որ ծեր գնչուհին հպարտություն ունեցող կին էր, երբեմն նաև` համառության աստիճան ինքնասեր, ուստի ոչ բոլորի հրավերը կամ օգնության խնդրանքն էր ընդունում, առանց իր հրաժարումի համար հիմնավոր պատճառ բերելու, առանց երկար-բարակ բացատրություն տալու, ինչպես որ շատերիս համար զուրկ էր որևէ հիմնավորումից իր մասնավոր գործունեության համար ընտրված «ուրբաթը»: Եվ ուրիշ շատ-շատ մեծ ու փոքր հարցեր, որոնց մասին ընդունված չէր հարցնել, բայց որոնք իմ աչքից ոչ մի դեպքում չէին վրիպել, թեկուզ և տհաճ լինեին իմ քիմքին: Նա կար, նա անկասկած պետք է լիներ մեր գիտակցությունից անկախ` որպես անցորդի ճանապարհին հանդիպող աչքի համար սովոր մի «իր»` մասրենու թուփ, թխկենու դեղնած աշնան խաշամ, ոտնահետքերով տրորված ձյուն, որի չլինելը կամ անհետանալը մարդկանց սրտերում ոչ մի արտառոց զգացում, ափսոսանք կամ իրարանցում չէր հարուցում, որովհետև համոզված էին` կգա ժամանակը, և նա նորից կհայտնվի իր «տեղում», ինչպես մեռնող և հարություն առնող ոգեղեն էակ…: Եվ երբ նույն տեղյակ աղբյուրները լուր տարածեցին, թե գնչուհի Սերան «ընդմիշտ հեռացել է…», շատերը նորությունն «ի գիտություն» ընդունեցին, ոմանք էլ տարակուսած թոթվեցին ուսերը, որ նշանակում էր, թե` «ի՜նչ մի մեծ բա՛ն է…»: Միայն հատուկենտ մարդիկ քաղաքի հնաբնակներից առաջին ու վերջին անգամ հառաչանքով նկատեցին` «Այսքան տարի կա՜ր ՄԱՐԴԸ` էլ չի լինելու…մա՜րդը»:

…Ես, ինչպես և մեր թաղի (համոզված եմ` մեր փոքրիկ մայրաքաղաքի) բոլոր մարդիկ՝ մեծավորներն ու փոքրավորները, մոտիկից ճանաչում էին թափառաշրջիկ կնոջը, որ իրենց առօրյայի, իրենց կենցաղի անքակտելի մասն էր կազմում (ուզեին թե ոչ) մոտ քսան տարի, երբ ես դեռ ծնված չէի… Աչքս բացել եմ թե չէ, գնչուհու խայտաբղետ կերպարանքը միշտ դիմացս է եղել, եթե նույնիսկ մի քանի ամսով կորում էր տեսադաշտից: Նրա արևահար, խափշիկի գույն առած երկարավուն դեմքը հիմա էլ ժամանակ առ ժամանակ հայտնվում է ինձ իմ մանուկ օրերի երազից: Երբեք չեմ մոռանա Սերայի սիրամարգի պոչ հիշեցնող վառվռուն տեսքը. ձմեռ-ամառ ազգային տարազի գույնզգույն քուրջ ու փալասի մեջ շուլալված, մուգ կանաչ գլխաշորը ճակատի վրա պինդ կապած, ցախավելի պես չոր-բարձրահասակ կնոջը, որ առավոտից իրիկուն թրև էր գալիս Կապույտ մզկիթի հրապարակում և բախտագուշակի իր ծառայություններն էր առաջարկում շատրվանների հարևանությամբ ուռենիների ստվերում պտտվող սիրահար զույգերին, հեռու տեղերից ժամանած շրջիկ խմբերին ու հատուկենտ արտասահմանցի հյուրերին, որոնցից ոչ բոլորն էին համաձայնում պարզելու նրան ձեռքի ափը, քանի որ գերադասում էին չիմանալ իրենց գլխի գալիքը… Ոմանք էլ, գայթակղվելով ծեր գնչուհու կաշառող-կախարդիչ խոսքով, կամա թե ակամա, հոժարում էին ականջ կախել նրա գուշակություններին: Եվ նայած` ում ի՞նչ բախտի էր արժանացնում գնչուհի Սերան իր գուշակություններում, համապատասխան՝ խառնակ հույզերով ու ապրումներով էլ բաժանվում էին պայծառատես կնոջից: Մեկը` մթնած ու խռով, մյուսը` ապագայի հեռանկարով կլանված… Լինում էին նաև այնպիսիք, որոնց մերժում էր կտրականապես մինչևիսկ առատ «շնորհակալության» դիմաց, որը նա մի քանի ամսում հազիվ վաստակեր:

Բայցեւայնպես, իր ամենահոռետեսական, ամենամռայլ կանխատեսումներում անգամ պայծառատես կինը երբեք ու երբեք մարդկանց չէր զրկում կորցրածը վերականգնելու, դարձի գալու, բախտի շուռ եկած անիվը շտկելու վերջնական ելքի հնարավորությունից՝ պնդելով կամ պարզապես խորհուրդ տալով. «Եղբորդ պատվի հետ մի՛ խաղա… Տեղը դիր տարիներ առաջ վերցրածը… Մատնություն մի՛ արա ընկերոջդ հասցեին… Փրկություն կլինի, եթե ճանաչես մեղքդ… Կողքինիդ ձեռը բաց թող՝ թող գնա, թե չէ՝ կկործանի քեզ էլ, իրեն էլ…»: Եվ միայն հրաժարվում էր նրանց հետ գործ ունենալուց, որոնց «հոգին սեւ էր», որոնց շնչից նա նույնիսկ մի քանի ժամով տկարանում էր եւ ընկնում հիվանդագին թմբիրի մեջ…

Ապրուստի քիչ թե շատ եկամուտ ապահովող մյուս միջոցը արևածաղկի խարկած սերմեր վաճառելն էր գուշակությունից ազատ ժամանակ: Մեկ էլ` այնպիսի անհավանական, անհնարին զիզիբիզիություն, որ չգիտեմ էլ, թե ուրիշ էլ ում մտքով կանցներ դրանցով ցուցադրություն-վաճառք կազմակերպել: Եթե հետաքրքիր է, կարող եմ թվարկել անդրշիրիմյան տեսականու ոչ լրիվ ցանկը:

Նորից «քար նետեց պատուհանիս»` կարծես ինքն էլ մուշտարի կանչելիս լիներ` ներքուստ առույգությունս խթանող դրական լիցքեր ուղղելով ինձ, որպեսզի չքնեմ, հակառակ որ քնի երակը մեջս վաղուց արդեն բթացել էր շարունակ անհամբեր սպասման ճնշումից, թե ուր որ է՝ ասպարեզ կգար գլխավոր, բախտորոշ հմայիլը, մանավանդ որ վզիս տամարները սկսել էին տենդագին խաղալ գերբնականի մոտալուտ շունչը ավելի ու ավելի զգալուց:

-Էն էլ ո՜նց է հետաքրքիր,- հաստատեցի առույգ,- մի ամբողջ դահլիճ հանդիսական հենց դրան է սպասում:

-Օրինակ` սև ձյութի կտորտանք, որոնք իբրև մաստակ կարելի էր ծամել, երփներանգ, գույնզգույն կոճեր, որոնցից ոչ մի հատիկ նմուշի համար թելերի հսկայական խանութում չէիր գտնի կամ ինչ-ինչ արտասովոր՝ հնամենի-հնամաշ կոճակներ` զանազան թռչունների պատկերներով. մեկի վրա նույնիսկ «Տիտանիկ» նավն էր դրվագված…-Մազ էր մնում` ասեի, թե` «դրանց նմանն էլ հաստատ կոճակի խանութում չէիր ճարի». դիմացա, լռեցի: -Դրախտահավի փռվածքով գնդասեղ, մանուշակագույն ակներով կանացի կախազարդ` քարերի կեսը բներից թռած, ծաղկավոր չթի ծվեններ, ջահել կույսի ժապավենակապ մազի հյուսք, անհայտ բաղադրության քաղցրակծվային հոտերով դոնդողանման քսուքներ, քրքում, հոտավետ ու անհոտ խեժանոթներ, որոնց վրա ոչինչ գրված չէր սրանց միջինի պարունակության, ծագման և նշանակության, ցուցման կամ հակացուցումների մասին, բայց նա անգիր գիտեր, թե որ հեղուկը՝ դեղն ու դարմանը, ինչպես, ինչ նպատակի բանեցներ` կնո՞ջ, թե տղամարդու, ջահելի՞ համար, թե ահելի:

Բացառությամբ մեկ-երկու օրերի միայն, երբ նա անհետանում էր իր գաղտնի գործերով (թե ուր, ինչի համար, ինչ պաշարի հետևից, ոչ ոք ոչինչ հստակ չգիտեր. ենթադրություններով բոլորն էին առաջնորդվում) մնացած ժամանակ նրան կարելի էր տեսնել մինարեի մուտքի աջ կամ ձախ կողմում, մեջքը` պատին, ծալովի աթոռակին նստած: Հիմնականում գալիս էր կեսօրին մոտ. մի ձեռքում` արևածաղկի սերմերով քաթանե տոպրակը, մյուսում` մի մեծ թիթեղյա դույլ, որի մեջ խցկում էր փակովի-բացովի աթոռակը և տարաշխարհիկ իրերի ու նյութերի իր ողջ զինանոցը, որը նա մեկտեղ էլ կործում էր իր իսկ քթի տակ շուռ տված դույլի դարձերեսին` տղամարդու լայնշի թաշկինակի վրա: Դարսում էր ու սպասում, մինչև երկար դասամիջոցի զանգի հետ դպրոցի տարբեր կողմերից կվազեին-կմոտենային տղա ու աղջիկ, որպեսզի արևածաղիկ գնեին (բաժակը` 10 կոպեկով, այն էլ` օղու բաժակով) կամ գուցե ինչ-որ հուռութք՝ չար աչքից պաշտպանվելու համար: Նրանց տեսնելիս ինքն էլ խանդավառվում էր, ոգևորվում այն աստիճանի, որ հեռվից հեռու սկսում էր իր խռպոտ-մաշված ձայնով հավեսի գցել անցնող-դարձողին` «жарини, варини, очин вкусни семичка»: Ձյութի մեծ կտորը` 15 կոպեկ, մի քիչ փոքրը` 5, դրախտահավի պատկերով քորոցը մի ամբողջ 1 ռուբլի արժեր, որը, ես ինքս տեսա, Մարգուշան գնեց` զուգահեռ 8-ի գ-ից: Նրանից հավելյալ երկու ռուբլի ևս կորզեց ձեռքի ափով գուշակության համար…

Քառորդ ժամից դպրոցահասակ պատանիների և պարզապես հետաքրքրասերների շքերթը ցրվում էր` թողնելով Սերային օրվա իր ավարի հետ միայնակ, երբ նա ինքնամփոփ, արժանավայել կեցվածքով մի ինչ-որ ժամանակ դարձյալ նստած էր մնում. թերմոսից սև դառը սուրճ էր լցնում իր համար, ումպ-ումպ վայելում էր ու սարթ թութունից ծուռմռտիկ մատներով գլանակ էր փաթաթում գազեթի թղթով, որի հոտը աշխարհ էր բռնում: Այդ հազվագյուտ պահերին ոչ ոք այլեւս նրան չէր մոտենում… Բացի այգու ճնճղուկներից, որոնք վրա էին հասնում ամբողջ երամով, լցվում էին բերանը բաց քաթանե տոպրակի մեջ եւ աներկյուղ ու անարգել կտցում էին, կտցում ծեր կնոջ ապրուստի միջոցը…

♦♦♦

Առաջին անգամ նրան շատ մոտիկից տեսա բոլորովին անսպասելի, օտար աչքից հեռու մի տեղ. գնչուհի Սերան ննջել էր (կամ նորից ընկել ցավագին թմբերի մեջ) զբոսայգու նստարանին` ծխացող սիգարեթը մատների արանքում սեղմած, որն էլ այրվելով հասել էր մաշկին, իսկ նա հակառակի նման զգայնության ոչ մի նշան չէր դրսևորում: Ահաբեկված կարծեցի, թե շունչը փչել է, բայց հենց որ գլուխս ավելի մոտեցրի նրա զառամյալ դեմքին, որպեսզի հասկանամ` շունչ կա՞ մեջը, թե հոգին արդեն լքել է մարմինը, պղտոր-դարչնագույն աչքերը վհուկի պես մեկեն չռեց վրաս` ասելով. «Դու պետք է որ անվախ սիրտ ունենաս, թե որ համարձակվեցիր մեռելի պինչը մտնել»: (Ես հոտերի նկատմամբ շատ զգայուն քիթ ունեմ և կարող եմ ոչ միայն անսխալ զանազանել դրանք, այլև հիշել ու չշփոթել ոչ մի բանի հետ, թեկուզ տարիներ անցնեն…Հիմա էլ չեմ մոռացել «գնչուհու հոտը», որն այն ժամանակ ես, չգիտես ինչու, ձիու պոչի հոտին նմանեցրի, երբ քիթս «մեռելի պինչն էի խոթել»:)

Շարունակելի

ԳԱԳԻԿ ՄԱԽՍՈՒԴՅԱՆ

Խորագիր՝ #37 (1106) 24.09.2015 - 30.09.2015, Հոգևոր-մշակութային


24/09/2015