Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ



Արդեն ավանդույթ է դարձել Հայաստանի գրողների միության և պաշտպանության նախարարության համագործակցությունը: Այն առավել նկատելի դարձավ, երբ ՀՀ ՊՆ առընթեր Հասարակական խորհրդի նախաձեռնությամբ գրողներն սկսեցին այցելել ՀՀ և ԼՂՀ զորամասեր, ելույթներ ունենալ զինվորների ու սպայական անձնակազմի առաջ, պատասխանել նրանց հուզող հարցերին: Եվ ահա բանակ-հասարակություն կապն ամրապնդելու, գրողներին բանակին, սպային ու զինվորին մերձեցնելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունն ու Հայաստանի գրողների միությունը հայտարարել են համատեղ մրցանակաբաշխություն՝ բանակային թեմայով գրված լավագույն արձակ ու չափածո ստեղծագործությունների համար։

2015 թ.-ի սեպտեմբերի 17-ին Հայաստանի գրողների միության մեծ դահլիճում տեղի ունեցավ մրցանակների հանձնման արարողությունը: Մրցանակներ շնորհվեցին հետևյալ՝ պոեզիա, արձակ և հրապարակախոսություն անվանակարգերում: Պոեզիայի ասպարեզում առաջին, երկրոդ և երրորդ մրցանակների արժանացան բանաստեղծներ Խաչիկ Մանուկյանը, Սամվել Բեգլարյանը և Ռազմիկ Գրիգորյանը: Արձակի ժանրում մրցանակներն ստացան Արա Նազարեթյանը (առաջին մրցանակ), Ղուկաս Սիրունյանը և Անահիտ Արփենը: Հրապարակախոսության ժանրում մրցանակներով պարգևատրվեցին Ֆելիքս Բախչինյանը, Ռուզան Ասատրյանը և Ասպրամ Ծառուկյանը:

Սահմանվել էին նաև խրախուսական մրցանակներ ու դիպլոմներ: Խրախուսական մրցանակի արժանացան ԼՂՀ-ում «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի սեփական թղթակից Դավիթ Միքայելյանը, բանաստեղծուհի Նոնա Պողոսյանը, Գրիգոր Սարիբեկյանը, Վարդգես Խանոյանը, Հրաչ Բեգլարյանը, Աշոտ Հովսեփյանը և ուրիշներ:

Հատուկ մրցանակներով պարգևատրվեցին Հովիկ Վարդումյանը, Ռաֆայել Սահակյանը և Հրաչօն (Հրաչյա Մաթևոսյանը):

Խրախուսական մրցանակի արժանացավ նաև ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» պաշտոնաթերթի բաժնի պետ, մայոր Գնել Շահնազարյանը:

Պարգևները հանձնեցին Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը և ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, ՔՀԾ 1-ին դասի պետական խորհրդական Վարդան Ավետիսյանը:

Ներկայացնելով պարգևատրվածներին և հանձնելով պարգևները՝ գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ասաց. «Վերջին քսան-քսանհինգ տարիներին բազմաթիվ ստեղծագործություններ են հրատարակվել, որոնք վերաբերում են Արցախյան ազատամարտին, հայոց բանակին ու հայ զինվորին: Եվ բնական է. հայրենիքի, խաղաղության ու պատերազմի թեմաները հավերժական են. քանի դեռ մեր ժողովուրդը կա, քանի հայ զինվորը կպաշտպանի հայրենիքը, հայ գրողը կգովերգի հայրենիքն ու նրա քաջ պաշտպանին: Ես հավատում եմ, որ այս մրցանակաբաշխությունը կդառնա պարբերական, և մենք կունենանք նոր և լավ ստեղծագործություններ»։

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանը ողջունեց գրողների միության և պաշտպանության նախարարության համագործակցությունը, ինչը բանակի սպաներին ու զինվորներին թույլ կտա ավելի մոտիկից շփվելու ժամանակակից գրողների ու նրանց ստեղծագործությունների հետ, գրողներին էլ հնարավորություն կտա ավելի հանգամանալից ծանոթանալու բանակաշինությանն ու զինված ուժերի ձեռքբերումներին: Պարոն Ավետիսյանն այնուհետև հրապարակեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ուղերձը՝ ուղղված միջոցառման կազմակերպիչներին ու մասնակիցներին.

«Հայկական բանակը մի նոր ու անկրկնելի գույն դարձավ Հայաստան աշխարհի ու հայ կյանքի բազմերանգ խճանկարում: Լիահույս եմ, որ հայ գրականության մշակները, հավատարիմ մնալով իրենց կոչմանը, կստեղծեն բարձրարժեք գրականություն հայրենիքի և նրա պաշտպանների մասին»:

Մրցանակակիրներին ընտրելու և գրական ստեղծագործությունները գնահատելու համար հայտնի գրողներից և մտավորականներից կազմվել էր ժյուրիի կազմ, որում ընդգրկված էին Զորի Բալայանը, Պետրոս Դեմիրճյանը, Գրիգոր Ջանիկյանը, Վարդան Դևրիկյանը, Արմեն Ավանեսյանը, Սամվել Կոսյանը և ուրիշներ:

Հասմիկ ՄԱԴՈՅԱՆ

ԽԱՉԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ՈՂՈՐՄԻ ՏՎԵՔ

Երազանքներիդ հանգրվանն եմ, պա՛պ,
Նայիր` ընթացքը ոնց է ծանրանում,
Սիրուց փախս տված սրտերը պարապ
Լրացնում էի անուն առ անուն:

Քո նման չենք, պա՛պ, քար դնենք քարին,
Հիմի ամեն բան շինում ենք խոսքով,
Ինչ թողել էիր` ծախինք օտարին –
Մեկ դարի կայքը` մեկ օրվա ոսկով:

Անտառդ չկա, բայց մի՛ վշտանա,
Իր հետ մեր ցուրտն է այրվել, մոխրացել,
Անզարդ մնացած տատիս թանթանա,
Խաս կոպեկներդ ես եմ գողացել:

Ողորմի տվեք մեզ, մեր նախորդիք,
Ասեք` ողորմի` քիչ թեթեւանանք,
Խավար ճամփեքին խարխափող մարդիկ,
Հանգուցյալների հաշվին է, որ կանք:

♦♦♦

Հե՛յ, մոտ եկեք` հողի գրկում թաքնվենք,
Մինչ արեւն այս սառնությունը պաշարի,
Դեռ կարող են մանուշակներ հայտնվել
Խորշոմներում երերացող աշխարհի£

Հիմա փնտրում եմ այնտեղ` ուր չկա…
Այդպես ավելի հեշտ եմ գտնելու:
Մեծ Արջն է փռվում քնած աղջկա
Արթուն պահերի տենչանքին հլու:

Թեեւ ասելու բան չէր մնացել,
Բայց թալանումը տարիներ տեւեց,
Մոտեցող ձմռան հմայքը կարծր
Հերթով կգետնի անցորդներին ծեր:

Մենք սայթաքումին հազիվ թե հասնենք,
Բան ենք կորցրել ու շտապում ենք,
Ամփոփումը կա` երկնքի մասն ենք
Թեեւ միջանկյալ օտար ափում ենք:

Աստղերի վրա սառույցներ չկան,
Ճերմակ փաթիլներ այնտեղ չեն իջնում,
Այրող կարոտն է մեր վաղընջական
Նրանց հրեղեն խորքերում ննջում:

Խորագիր՝ #37 (1106) 24.09.2015 - 30.09.2015, Հոգևոր-մշակութային


24/09/2015