Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿՈՆՖԵՐԱՆՍ՝ ՆՎԻՐՎԱԾ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ ԹԱԹՈՒԼ ԿՐՊԵՅԱՆԻ 50-ԱՄՅԱԿԻՆ



Սեպտեմբերի 18-ին ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Վարդանանք» ակումբի ամենամյա գիտապրակտիկ կոնֆերանսի բացումը, որին ներկա էր նաև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Արդեն 19 տարի է, ինչ ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբը նախաձեռնում է այս կոնֆերանսը` նվիրված Անկախության տոնին: Այս տարի այն նվիրված է նաև Հայաստանի Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի 50-ամյակին և կրում է «Կրթությունը ՀՀ անվտանգության համատեքստում» խորագիրը: Կոնֆերանսի նպատակն է նպաստել ուսանողների գիտահետազոտական մտքի ամրապնդմանը: Ակումբը համագործակցելով ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության հետ՝ յուրաքանչյուր տարի փորձում է վեր հանել այնպիսի հիմնախնդիրներ, որոնք վերաբերում են ինչպես բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը, այնպես էլ հայ զինվորի վսեմ հատկանիշների ձևավորմանը:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն իր խորին շնորհակալությունը հայտնեց նախարար Ս. Օհանյանին՝ մայր բուհի առաջարկություններին մշտապես աչալրջություն ցուցաբերելու, ինչպես նաև ԵՊՀ-ում ռազմահայրենասիրական թեմաներով միջոցառումների կազմակերպմանն աջակցելու համար:

«Պաշտպանության նախարարի հետ հանդիպումները մեծ խթան են ուսանողների ռազմահայրենասիրական դաստիարակության գործում: Բացի այդ, նախարարի հետ ամեն մի հանդիպում մեզանից յուրաքանչյուրին ոգևորում ու նպատակամղում է՝ կատարելու լավ ու բարի գործեր: «Վարդանանք» ակումբն արդեն երկար տարիներ է, ինչ համագործակցում է պաշտպանության նախարարության հետ, ինչպես նաև իրականացնում տարաբնույթ միջոցառումներ ԵՊՀ զոհված ուսանող-ազատամարտիկների ծննդավայրերում, նրանց դպրոցներում և այլն»,- նշեց Արամ Սիմոնյանը:

Կարևորելով նմանաբնույթ նախաձեռնությունները՝ մայր բուհի ռեկտորը շնորհակալություն հայտնեց նաև ԵՊՀ «Վարդանանք» ակումբին և այն ուսանողներին, ովքեր գիտական հետազոտությունների առանցքում են պահում ռազմական ոլորտը:

Պաշտպանության նախարարը նշեց, որ ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների և ուսանողների հետ հանդիպումներին սիրով է գալիս: Նա կարևորեց նաև Թաթուլ Կրպեյանի 50-ամյակին նվիրված համահամալսարանական միջոցառումները, որոնք տարեսկզբից լայն արձագանք են գտել ամբողջ Հայաստանում:

Հիշեցնենք, որ Թաթուլ Կրպեյանի Արցախյան ազատամարտում ընդհատված կենսագրության էջերը երիտասարդության համար մշտապես եղել և շարունակում են մնալ ոգեշնչման ու հայրենասիրության յուրօրինակ դասեր:

Նախարար Օհանյանը Թաթուլ Կրպեյանին բնութագրեց որպես ուսուցչի, որի հայրենասիրության դասերը ուսանելի էին ինչպես երեկ, այնպես էլ այսօր և դեռ ուսանելի կլինեն վաղվա սերնդի համար: Նա անդրադարձավ նաև Ազգային բանակի հաջողություններին, ձեռքբերումներին ու ներկայացրեց բարեփոխումների ընթացքը. «Հայկական բանակը հետևողականորեն կատարելագործվում և հաստատուն քայլերով առաջ է գնում»: Այնուհետև պաշտպանության նախարարը պատասխանեց ուսանողներին հուզող հարցերին և վստահություն հայտնեց, որ այսօրվա երիտասարդությունն ավելի տեղեկացված է, միևնույն ժամանակ պատրաստակամ՝ դիմակայելու ժամանակի մարտահրավերները:

Հանդիպման ավարտին Սեյրան Օհանյանի հրամանով ԵՊՀ մի շարք դասախոսներ, ուսանողական կառույցների ներկայացուցիչներ և ուսանողներ պարգևատրվեցին պատվոգրերով, արժեքավոր իրերով, պատվոգրերով: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն էլ իր հերթին նախարարին նվիրեց մայր բուհի կողմից հրատարակված գրքեր:

Կրթամշակութային արշավ-ուխտագնացություններ, զեկույցների ունկնդրում, Հայաստանի Ազգային հերոսին նվիրված գրական-երաժշտական երեկոներ, ինչպես նաև հայրենասիրական թեմատիկ ծրագրեր. ահա այսպիսի հագեցած օրակարգով Բյուրականի ԵՊՀ ուսումնաարտադրական բազայում «Կրթությունը ՀՀ անվտանգության համատեքստում» խորագրով եռօրյա կոնֆերանսը շարունակվեց մինչև սեպտեմբերի 21-ը:

Հովհաննես ՎԱՐԴԱՆՅԱՆ

Լուս.՝ Լիլիթ ԶԵՅՆԱԼՅԱՆԻ

Խորագիր՝ #37 (1106) 24.09.2015 - 30.09.2015, Բանակ և հասարակություն


24/09/2015