Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԵՐԹԱԿԱՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿ



Հանդիպումը նախարար Լ. Մնացականյանի հետ

2015 թ. սեպտեմբերի 12-ից 14-ը ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր Հասարակական խորհուրդը (նախագահ Գեղամ Հարությունյան) կազմակերպեց Երևանի տարբեր հաստատությունների՝ ՀՀ ԳԱԱ տարբեր ինստիտուտների, Երևանի պետական համալսարանի, Մանկավարժական համալսարանի և այլ բուհերի աշխատակիցների այցելությունը ԼՂՀ պաշտպանության բանակ:

Սեպտեմբերի 12-ի երեկոյան տեղի ունեցավ հանդիպում ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի հետ: Հանդիպումը ծրագրվածից ավելի ուշ կայացավ, քանի որ հրամանատարը առաջավոր դիրքերում էր:

Գ. Հարությունյանը նախարարին ներկայացրեց այցելության նպատակը՝ զինծառայողներին կարդացվելու են զեկուցումներ՝ նվիրված ՀՀ և ԼՂՀ անկախությանը: Գ. Հարությունյանը կրկին շեշտեց, որ նման դասախոսությունները նպատակ ունեն գործնականում իրականացնելու ու ամրապնդելու բանակ և հասարակություն կապը: Միաժամանակ դասախոսությունները նպատակ ունեն մեկ անգամ ևս զինծառայողների մոտ ամրապնդելու հայրենիքի պաշտպանության անհրաժեշտությունը:

Գեներալ Լ. Մնացականյանը ներկաներին ներկայացրեց իրադրությունը սահմանային շրջաններում և պատասխանեց հետաքրքրող հարցերին:

Սեպտեմբերի 13-ի առավոտյան 9-ին դասախոսական կազմը ԼՂՀ պաշտպանության բանակի շտաբում էր, որտեղից մեկնեցին տարբեր զորամասեր: Մենք՝ Արմենուհի Ղամբարյանը և Ռուբեն Սահակյանը, այցելեցինք ԼՂՀ պաշտպանության բանակի գնդապետ Ա. Չիլինգարյանի հրամանատարությամբ գործող զորամաս: Մեզ ընդունեց հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Արմեն Պետրոսյանը: Փոխգնդապետը ներկայացրեց զորամասի պատմությունը՝ կազմավորվել է 2006 թ. մայիսի 25-ին: Պատմեց ճամբարային հավաքների և ստուգողական պարապմունքների մասին:

«Հայ ասպետ» ակումբի անդամները:

Դասախոսություններից հետո հանդիպեցինք «Հայ ասպետ» ակումբի անդամների հետ: Ինչպես պարզվեց զրույցից, տղաները լրջորեն պատրաստվում են առաջիկա մրցումներին:

Սեպտեմբերի 14-ին մեզ անակնկալ էր սպասվում: Մեր նախորդ հանդիպման ժամանակ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը խոստացել էր ցույց տալ Արաքսի հովտում իշխանությունների կողմից իրականացվող աշխատանքները: Վաղ առավոտյան մեկնեցինք Արաքսավան: Այնտեղ էին նախագահ Բ. Սահակյանը և պաշտոնատար այլ անձինք:

Կատարված և նախատեսված աշխատանքները ներկայացրին նախագահ Բ. Սահակյանը և ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը:

Ռուբեն ՍԱՀԱԿՅԱՆ
Պատմական գիտությունների դոկտոր

Խորագիր՝ #37 (1106) 24.09.2015 - 30.09.2015, Բանակ և հասարակություն


24/09/2015