Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ «ԼԵՌՆԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»



Սեպտեմբերի 17-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՊՆ աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը, ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը, զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետ, գնդապետ Սերժ Առուշանյանը, ՊՆ զորքերի բնակավորման և կապիտալ շինարարության վարչության պետի տեղակալ Մհեր Խալաթյանը, «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Ռուզաննա Խաչատրյանը մի խումբ բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ աշխատանքային այց կատարեցին ՊՆ «Լեռնային Հայաստան» հանգստյան տուն-առողջարան: Պաշտպանության նախարարը ուղեկցող խմբի հետ եղավ առողջարանի բոլոր բաժանմունքներում, 2014թ. շահագործման հանձնված ցեխաբուժարանում, ճաշարանում զրուցեց հանգստացողների հետ, ծանոթացավ հանգստի, բուժման, ժամանցի համար նախատեսված պայմաններին: Շրջայցի ընթացքում պաշտպանության նախարարը համապատասխան վարչությունների պետերին բազմաթիվ հանձնարարականներ տվեց:

Այցը հիմնավորապես ամփոփվեց խորհրդակցության ժամանակ: Նախարարը խոսեց առողջարանի ձեռքբերումների ու բացթողումների մասին, գնահատեց հնարավորությունները ու մատնանշեց արդյունավետ ուղիներ: Պաշտպանության նախարարը առաջին հերթին կարևորեց առողջարանի բոլոր անկյունները նորոգ ու բարեկարգ պահելու անհրաժեշտությունը, խոսեց հաշմանդամ ազատամարտիկների ու զինծառայողների համար բուժման ու կենցաղի պայմաններ ապահովելու հրատապության մասին, շեշտադրեց առողջարանային բուժման ծավալներն ու որակը բարեփոխելու հրամայականը:

Իրենց դիտարկումներն ու առաջարկություններն արեցին նաև բանակի տարբեր ծառայությունների պետերը: ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը առաջարկեց ստեղծել հանձնաժողով, որը կվերահսկի և ուշադրություն կդարձնի ոչ միայն վերանորոգման որակին, այլ ոճին` առաջնորդվելով եվրոպական առաջատար երկրներում ընդունված չափանիշներով, որպեսզի կարողանանք մրցունակ լինել, որպեսզի մեր առողջարանը գայթակղիչ դառնա գործընկեր երկրների զինծառայողների համար, ինչը հնարավորություն կտա նաև մեր զինծառայողներին հանգստանալու և բուժվելու արտերկրի զինվորական առողջարաններում: Գնդապետ Խաչատրյանը կարևորեց առողջարանում թերապևտիկ բուժումը բարձր մակարդակով կազմակերպելու անհրաժեշտությունը և առաջարկեց այդ նպատակով հրավիրել բարձրակարգ մասնագետների, ինչպես նաև կաբինետները «զինել» ավելի ժամանակակից սարքավորումներով:

ՊՆ աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանի առաջարկությունները վերաբերում էին հանգստացողների առօրյան առավել հետաքրքիր ու բովանդակալից դարձնելու խնդրին: Նրա կարծիքով՝ պետք է ավելացնել մշակութային ու ժամանցային միջոցառումների քանակը:

Զեկույցով հանդես եկան նաև ԶՈՒ հակահամաճարակային անվտանգության ծառայության պետ, փոխգնդապետ Սատուրյանը, Երևանի կայազորային հոսպիտալի պետ, փոխգնդապետ Սահակ Օհանյանը, «Լեռնային Հայաստան» հանգստյան տուն-առողջարանի պետի տեղակալ, բուժմասի պետ, մայոր Արթուր Արզումանյանը, որոնք քննարկեցին ռազմաբժշկական ոլորտին վերաբերող մի շարք խնդրահարույց հարցեր:

Առողջարանի կահավորման, բուժական խնդիրների, ինչպես նաև հանգստի կազմակերպման վերաբերյալ առաջարկություններով հանդես եկավ նաև «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Ռուզաննա Խաչատրյանը: Իսկ «Լեռնային Հայաստան» հանգստյան տուն-առողջարանի պետի տեղակալ, բուժմասի պետ, մայոր Արզումանյանը առաջարկեց առողջարանային բուժսպասարկում իրականացնել նաև զինվորների համար, մշակել մեխանիզմ, ըստ որի` զինվորները կկարողանան օգտվել առողջարանային ծառայություններից հետվնասվածքային և այլ հիվանդությունների հետբուժական փուլերում:

Հանդիպման ընթացքում ներկաները լսեցին նաև մի քանի զեկույցներ, որոնք որոշակիորեն չէին առնչվում առողջարանի բարեփոխման խնդիրներին, սակայն հրատապ էին:

ԶՈՒ հակահամաճարակային անվտանգության ծառայության պետ, փոխգնդապետ Սատուրյանը ներկայացրեց զորքերում համաճարակային իրավիճակը: Նրա զեկույցից ներկաները տեղեկացան, որ զինված ուժերում կտրուկ նվազել է վարակիչ հիվանդությունների քանակը, նույնը վերաբերում է նաև աղիքային հիվանդություններին: Աղիքային վարակների նվազումը պայմանավորված է զորամասերում ջրամատակարարման, սանիտարակենցաղային, սննդի կազմակերպման բարելավմամբ, այդ ուղղությամբ բանակում հսկայական աշխատանք է կատարվել:

Սննդային գործոնով պայմանավորված թունավորումներ և վարակներ նույնպես չեն արձանագրվել: Այսօր արդեն ունենք օրգանիզմի կենսաբանական պահանջներին համապատասխան սննդի չափաբաժին: Ավելացվել է զինվորներին տրվող մսի բաժինը, տրվում են նաև օշարակներ, մուրաբա, մսային, բուսական պահածոների տարբեր տեսակներ:

Երևանի կայազորային հոսպիտալի պետ, փոխգնդապետ Սահակ Օհանյանի զեկույցը վերաբերում էր ռազմաբժշկական հաստատություններում զինծառայողների պարենային ապահովման սկզբունքներին: Նա առաջարկեց ռազմաբժշկական հաստատություններում բուժվող ծանր վիրավորումներ, վնասվածքներ ունեցողներին և սոմատիկ այլ ծանր հիվանդներին տրամադրել սննդի լրացուցիչ չափաբաժին, իսկ զորամասերի բուժկետերում բուժվողներին կերակրել հոսպիտալային նորմերով, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում տալ դիետիկ սնունդ:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանձնարարեց բոլոր առաջարկները ներկայացնել մեկ փաթեթով, բարեփոխումների ծրագրում ընդգրկելու համար:

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ
Լուս.՝ Արեգ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #37 (1106) 24.09.2015 - 30.09.2015, Ազգային բանակ, Սոցիալ-իրավական


24/09/2015