Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ «ԶԱՌ» ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ



Կատարելության հասցված փոխգործակցության, գործողությունների ներդաշնակման բարձր աստիճան

ՆԱՏՕ-ի «Գործընկերություն` հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 15-ից 18-ը «Զառ» ուսումնական կենտրոնում անցկացվեցին ՊՆ խաղաղապահ բրիգադի հրաձգային գումարտակներից մեկի զորավարժությունները: Համաձայն ՆԱՏՕ-ի սահմանած պահանջների՝ ստուգվեց ստորաբաժանման մարտական պատրաստականությունը, ինչպես նաև տեխնիկայով, սպառազինության և թիկունքային այլ միջոցներով համալրվածությունը:

Վարժանքների մեկնարկը տրվեց բրիգադի տեղակայման վայրում: Հանդիսավոր միտինգին հաջորդեց շարային ստուգատեսը, որի ընթացքում ստուգվեց փոխգնդապետ Վասակ Ավետիսյանի ենթակայությամբ գործող գումարտակի բարձր մարտական աստիճանի պատրաստությունը, զորահավաքային փաստաթղթերի, ինչպես նաև անձնակազմի և սպառազինության առկայությունը:

Կազմելով շարասյուն՝ ստորաբաժանումը նախանշված ժամին լքեց տեղակայման վայրը և ուղղություն վերցրեց դեպի պայմանական խաղաղապահ գործողությունների գոտի: Հաշվի առնելով այն, որ խաղարարար գործողությունների տարածքը վերահսկվում է պայմանական ահաբեկչական խմբավորումների կողմից՝ ապահովության նկատառումներով շարասյունը ղեկավարում էր հետախուզական դասակի գլխամասային երթային ուղեկալը: Զորավարժության սցենարի համաձայն՝ պայթյունի հետևանքով շարքից դուրս եկավ զինծառայողներին տեղափոխող շարասյան մեքենաներից մեկը: Զինծառայողներից երկուսը ստացան լուրջ մարմնական վնասվածքներ: Հաշվված վայրկյանների ընթացքում ստորաբաժանման զինծառայողները անցնում են պաշտպանության: Այդ ընթացքում վիրավոր զինծառայողներին ցուցաբերվում է անհրաժեշտ առաջին բուժօգնություն:

Հաջորդ օրը հետախուզության ձեռք բերած տվյալներով պարզվում է, որ մոտակա բնակավայրերից մեկում է գտնվում ահաբեկիչների զինապահեստը: Որոշում է ընդունվում անցկացնել անակնկալ հարձակողական օպերացիա: Վաղ առավոտյան կայծակնային արագությամբ իրականացված գործողության արդյունքում խաղաղապահներին հաջողվեց վնասազերծել և ձերբակալել երկու ահաբեկչի:

Ի դեպ, շարասյան հանդեպ կատարված հարձակման հակազդման գործողություններում ներգրավված էին նաև ԶՈՒ ավիացիոն ուժերի ուղղաթիռները, որոնց միջոցով ոչ միայն հուժկու կրակ էր հասցվում ահաբեկիչների ուղղությամբ, այլև ապահովվում էր վիրավոր զինծառայողների արագ տեղափոխումը զինավան: Հարկ է նշել, որ վիրավորված զինծառայողներին առաջին բուժօգնությունը տրամադրվեց հենց ուղղաթիռի մեջ՝ թռիչքի ընթացքում:

Զորավարժությունը վերահսկելու և կատարված աշխատանքներին ծանոթանալու նպատակով սեպտեմբերի 17-ին «ԶԱՌ» ուսումնական կենտրոն այցելեցին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովն ու ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:

Զորավարժության վերջին օրը խաղարկվեց ահաբեկիչների պատրաստման բազայի վրա խաղաղարար ուժերի հարձակման գործողությունը: Համատեղ ջանքերի արդյունքում պայմանական ահաբեկիչների բազան ոչնչացվեց, մի խումբ ահաբեկիչներ էլ ձերբակալվեցին և հանձնվեցին տեղի իրավապահ մարմիններին: Նշենք, որ բարդ լեռնային տեղանքում անցկացված մարտական գործողությունը մեկ անգամ ևս փաստեց գումարտակի զինծառայողների տարիներով հղկված և կատարելության հասցված փոխգործակցության բարձր աստիճանն ու գործողությունների ներդաշնակումը, ինչը բնականաբար չէր կարող աննկատ մնալ միջազգային դիտորդների կողմից:

Զորավարժության ավարտին զինավանում կայացավ պարգևատրման հանդիսավոր արարողություն: Օրինակելի և բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած խաղաղապահ բրիգադի զինծառայողները պաշտպանության նախարարի հրամաններով պարգևատրվեցին գերատեսչական մեդալներով, խրախուսվեցին պատվոգրերով և շնորհակալագրերով:

Լուսանկարները՝ Արեգ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #37 (1106) 24.09.2015 - 30.09.2015, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


24/09/2015