Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊՈԵԶԻԱՆ ՊԻՏԻ ՄԵԶ ԱՎԵԼԻ ԼԱՎԸ ԴԱՐՁՆԻ



Զրույց բանաստեղծ ԼԵՎՈՆ ԲԼԲՈՒԼՅԱՆԻ հետ

-Պարոն Բլբուլյան, եթե հիշում եք` մենք գրեթե մեկ տարի առաջ էինք պայմանավորվել այս հարցազրույցի համար, բայց զինվորական հրատապ թեմաների պատճառով մեր հանդիպումը անընդհատ հետաձգվում էր: Ու ես երկար եմ սպասել, որ Ձեզ հարցնեմ` ինչո՞ւ մեր գրականությունից, մեր բանաստեղծություններից, մարդկային հարաբերություններից պակասեց պոեզիան, ու պրագմատիզմի իր սառը շնչով տարավ մեր կյանքի գույները, նեղացրեց մեր սիրո տարածքը, փոքրացրեց մեզ, իջեցրեց, գամեց գետնին… Ինչո՞ւ:

-Հարցը որքան ցավոտ է ու դառը, պատասխանը նույնքան պարզ է ու միանշանակ, որովհետև նրանք, ովքեր ուղղորդում են մշակութային կյանքը, ովքեր հուշում են առաջնահերթություններ, պոեզիա չունեն իրենց հոգում:

…Ովքեր զանգվածային քարոզչություն իրականացնելու հնարավորություն ու լծակներ ունեն, ովքեր կարող են իրենց խոսքը, մտքերը, կարծիքն ու ճաշակը պարտադրել լսարանին, որոշել են, որ պոեզիայի փոխարեն հայ հասարակությանը պետք են սպանություններով ու «գողական ռազբորկաներով» համեմված սերիալներ, իմաստազուրկ խոսքերի ու անճաշակ մեղեդու համադրությամբ ստեղծված երգեր, գռեհիկ, անարվեստ հումորային ծրագրեր: Այսպես` ավելի քան 20 տարի: Բարձրացավ մի սերունդ, որի աչքն ու հոգին հեռու են բարձր պոեզիայից, բարձր երաժշտությունից…

-Ու եկավ մի պահ, որ իսկապես պոեզիան դարձավ չպահանջված, մերժվեց: Պոեզիան` լայն իմաստով. գեղեցկությունը, ազնվությունը, սերը, քնքշանքը, մտերմությունը… Կյանքը կոպտացավ, շշուկները մեռան աղմուկի մեջ:

-Եվ ծնվեց այսօրվա բանաստեղծությունը` առանց պոեզիայի` նոր բարքերին ներդաշնակ: Եկավ մի սերունդ, որն ասաց` դասական պոեզիայից նամշահոտ է գալիս: Ու անհանգ, խառը տողերով պոեզիա բերեց կյանքի կեղտը, աբսուրդը, այլանդակությունը, ստվերը` այն դարձնելով մեր իրականության էսթետիկան:

-Պաշտպանության նախարարը մեկ բանակային տարին հոռի, կոպիտ բարքերի դեմ պայքարի տարի է հայտարարում, մեկ` մարդակենտրոն բանակի տարի: Գերմարդկային ջանքեր ենք անում 18 տարեկան պատանուն ներշնչելու, որ ուժեղը պիտի թույլին օգնի, ոչ թե ճնշի, որ ընկածին պիտի բարձրացնել, ոչ թե խփել: Մինչդեռ հոռի բարքերի մերժումը ու մարդակենտրոն վարքը պիտի ձևավորել մարդու մեջ ծնված օրվանից, պիտի կրթել հոգին, նրբացնել, լցնել բարությամբ, սիրով, գեղեցկությամբ…

Դուք տեսե՞լ եք այսօրվա մուլտերը: Ինչ-որ տձև արարածներ անբնական, ճղղացող ձայնով անվերջ բղավում են…

-Դուք մի կարծեք, որ այսօր բարձր պոեզիա չի ստեղծվում: Այսօր ստեղծագործում են Ռազմիկ Դավոյանը, Խաչիկ Մանուկյանը, Հրաչյա Սարուխանը, Ղուկաս Սիրունյանը, Գագիկ Դավթյանը, Արտաշես Ղազարյանը… կարող եմ թվարկումը շարունակել, բայց նրանց պոեզիան չի տարածվում, չի հասնում լսարանին, ինչպես ժամանակին տարածվում էին Սևակի, Շիրազի, Կապուտիկյանի, Սահյանի գործերը: Ամեն քայլափոխի հասնում էին ականջիդ` հեռուստատեսությամբ, ռադիոյով, բեմահարթակներից: Դառնում էին քո էսթետիկան, արյանդ մեջ էին մտնում…

-Պարոն Բլբուլյան, մայրս պատմում է, որ երբ Սևակը, Սահյանն ու Շիրազը փողոց էին դուրս գալիս, մեծ ու փոքր ճանաչում էին նրանց, մարդիկ ակնածում էին նրանցից: Ձեր թվարկած պոետների հետ եկեք փողոց դուրս գանք, տեսնենք` նրանց քանի մարդ է ճանաչում:

-Ռումինիայում պոեզիայի փառատոնի էինք մասնակցում: Հրավիրված էինք հարցազրույցի և իմացանք, որ Ռումինիայի ազգային ռադիոն իր տարբեր հաճախականություններով օրը 15 ժամ պոեզիա է հաղորդում: Նրանց ժամանակակից պոետներին ընթերցողը չի կարող չճանաչել, նրանց հասարակության կյանքից ու բարքերից պոեզիան չի կարող դուրս մղվել:

Ես ու բազմաթիվ մտավորականներ հազար անգամ ասել ենք, որ պետք է վերականգնել գեղարվեստական խորհուրդները` համալրված կշիռ ու վաստակ ունեցող մասնագետներով, որոնք կորոշեն, թե որ երգը, բանաստեղծությունը, ֆիլմը իրավունք ունի մասսայականացվելու: Այդ մասին Դուք էլ եք գրել Ձեր հոդվածներում: Բայց սայլը տեղից չի շարժվել: Հարյուր անգամ ասել ենք, որ պետք է պետպատվեր իջեցնել զանգվածային լրատվամիջոցներին` պարտավորեցնելով որոշակի ժամանակ հատկացնել ազգային, հայրենասիրական, բարոյահոգեբանական խնդիրներ լուծող հաղորդումներին, որոնք կվերաբերեն արվեստին, ազգային արժեքներին և այլն: Հիմա էլ նույնը կրկնում եմ, տեսնենք Ձեր հոդվածը լույս տեսնելուց հետո որևէ մեկը պետական ատյաններից կարձագանքի՞: Դուք ճանաչված ու կշիռ ունեցող լրագրող եք, տեսնենք՝ որևէ մեկը կքննարկի՞ ժամանակակից գրողներին դպրոցական դասագրքերում ընդգրկելու Ձեր առաջարկը: Տեսնենք՝ որևէ օգուտ կտա՞ մեր այս զրույցը, որևէ հարց կլուծվի՞:

-Կլուծվի: Ջուրը անընդմեջ կաթելով քար է ծակում: Ես այդ կաթիլի տերն եմ: Գիտե՞ք` որն էր Սևակի ու Շիրազի ֆենոմենը: Ոչ այնքան նրանց ստեղծած պոեզիայի բարձր արժեքը, որքան նրանց քաղաքացիական խիզախությունը, սրտացավությունը ազգի խնդիրների, հայ մարդու մտահոգությունների հանդեպ, մտավորականի ազնիվ կեցվածքը:

-Չեմ կարող չհամաձայնել, որ մտավորականների համախմբվածությունն ու հետևողականությունը կարող էր սայլը շարժել տեղից:

-Ես շատ եմ սիրում Ձեր պոեզիան: Այնտեղ այնքան երաժշտություն կա: Պատահական չէ, որ Ձեր խոսքերով այդքան գեղեցիկ և այդքան շատ երգեր են գրվել: Մի բան եմ ուզում հարցնել. ինչո՞ւ է այսօր երգերի մեծ մասի խոսքերը գրում Ավետ Բարսեղյանը, ոչ թե Դուք: Դուք թա՞նկ եք վաճառում Ձեր բանաստեղծությունները:

-Ո՛չ, ինչ եք ասում: Նախ, այն պարզունակ ու անմեղեդի երգերը, որոնք ստեղծվում են այսօր, չեն կարող ներդաշնակել բանաստեղծություններին: Իսկական պոեզիան պահանջում է ճիշտ երաժշտություն: Ինչ վերաբերում է Ավետ Բարսեղյանին, նա մասնագիտության բերումով ինքնին պրոպագանդվում է եւ մոտ է շոուբիզնեսին: Փորձել ե՞ք շատերի գրած տեքստերը կարդալ երգից դուրս: Փորձեք, ու մեր իրականությունն իր ամբողջ անհեթեթությամբ կկանգնի Ձեր առաջ: Այսքանից հետո ինչու զարմանալ, որ մեր երիտասարդները Սիլվա Կապուտիկյանից ու Սևակից հետո ոչ մի ժամանակակից պոետի չեն ճանաչում:

-Մի տեսակ, հարցնելս չի գալիս, որովհետև, գիտեմ` պատասխանը չի խանդավառելու: Վերջին անգամ ե՞րբ է շարային ռազմական, բանակային երգի մրցույթ անցկացվել Հայաստանում:

-Կարծեմ` Վազգեն Սարգսյանի օրոք էր: Բազմաթիվ երգեր գրվեցին այդ ժամանակ: Շատ լավ երգեր: Ձայնասկավառակ թողարկվեց: Ես մասնակցում էի այդ մրցույթին տարբեր երգահանների հետ գրած 3 երգով, որոնցից մեկը արժանացավ գլխավոր, իսկ մյուսը՝ խրախուսական մրցանակի:

-Չգիտես ինչու, հիշեցի, թե ինչպես էին կոմպոզիտորների միության նախագահ ընտրում մեր ազգի մշակույթի գործիչներին: Գուցե կոմպոզիտորների միությունը կամ մշակույթի նախարարությունը մի այդպիսի նվեր անի ազգին, բանակին, երկրին: Առաջին գծում կանգնած զինվորներին£ Զինվորի սրտին դիպչող, զինվորին գոտեպնդող երգեր գրվեն, ինչպես, ասենք` «Մարտիկի երգը», մեր ռազմի երգը: Դուք վերջին անգամ ե՞րբ եք հայրենասիրական երգի համար բառեր գրել:

-Երկու նոր երգ եմ գրել այս տարի, որոնք առաջին անգամ կատարվեցին բանակի տարեդարձի առթիվ օպերայի դահլիճում կայացած հանդիսության ժամանակ ու ջերմ ընդունվեցին: Իսկ «Ես զինվոր եմ» երգը հնչեց նաև «Երգ Երգոց» հեռուստածրագրում «Զորական» համույթի փայլուն կատարմամբ: Ի դեպ, վերջին տարիներին Գրողների միությունը և պաշտպանության նախարարությունը բավականին ակտիվ համագործակցում են: Գրողները հաճախ են հրավիրվում զինված ուժերի ստորաբաժանումներ, հանդիպումներ ունենում զինվորների հետ: Իսկ օրերս ԳՄ մեծ դահլիճում տեղի ունեցավ Գրողների միության ու պաշտպանության նախարարության համատեղ գրական մրցանակաբաշխության հանդիսավոր ամփոփումը: Ժյուրին առանձնացրել էր մի շարք ուշագրավ գործեր, որոնցում արտացոլված են Արցախյան հերոսամարտը, բանակը: Նշվեց, որ մրցանակաբաշխությունը կդառնա ավանդական, և դա շատ ուրախալի է:

-Կա՞ն յուրահատկություններ, որոնք կարող են սահման գծել պոեզիայի ու չափածո անհեթեթության, պոեզիայի և անհանգ գռեհկաբանության միջև:

-Պոեզիան պիտի հուզի, դիպչի սրտին, բարձրացնի, վեհացնի, ազնվացնի, մղի դեպի գեղեցիկը: Պիտի մեզ ավելի լավը դարձնի:

-Մի բանաստեղծություն նվիրեք մեզ որպես վերջաբան:

-Այս աշխարհում ո՛չ մեծ համբավ, ո՛չ գանձ է քեզ հարկավոր,
Տե՛ս, քանիսը հասան դրան, սակայն ո՞վ է բախտավոր…
Չի խանգարի փառքը գուցե, ու փողը չի վնասի,
Բայց քեզ նախ սե՛ր, սիրով լի ե՛րգ, տաք մի սի՛րտ է հարկավոր:

♦♦♦

Չեմ ենթարկվում էս անցողիկ սուտ հովերին օրերի,
Ու չեմ դառնա այս մոդայիկ մուսաներին ես գերի,
Թող որ ձեզ քիչ ծանոթ թվա հանգն ու վանկն իմ տողերի
Միայն երգս ապրի ձեր մեջ, հանդիպի սեր սրտերիս:

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #38 (1107) 1.10.2015 - 7.10.2015, Հոգևոր-մշակութային


01/10/2015