«ՈՍԿԵՂՋՅՈՒՐԻ ՏԻՐԱԿԱԼՆԵՐԸ»
Ասեմ ձեզ՝ զի եւ թե դոքա լռեսցեն,
քարինքդ աղաղակեսցեն…
(Ղուկաս, ԺԹ. 40)
Անգլիացի հանրաճանաչ գրող Նոել Բարբըրը սերում է նշանավոր ընտանիքից: Գրել է 22 գիրք, որոնցից շատերի առանցքում պատմության խնդիրներն են: Նրա գրքերը բազմիցս վերահրատարակվել են: Վերջին` «Վազող շների պատերազմը» գիրքը Անգլիայում ամենից շատ վաճառված գրքերի շարքում է: Իսկ «Չարագույժ վերջալույսը» ստեղծագործությունը թարգմանվել է ութ լեզուներով:
Նոել Բարբըրի հեղինակած «Ոսկեղջյուրի տիրակալները» պատմական գիրք է: Աշխատությունը հրատարակվել է 1973 թվականին, Անգլիայում: Գրքի սյուժեն ընդգրկում է Օսմանյան 10-րդ գահակալ` Սուլթան Սուլեյմանի օրերից մինչև 1920-ական թվականները` Քեմալ Աթաթուրքի իշխանության պատմական ժամանակաշրջանը, որը հեղինակը բնորոշում է որպես Օսմանյան կայսրության անկման ու քայքայման շրջան: Գիրքն իր բնույթով պատմական վավերաթուղթ է. այդ մասին են վկայում ինչպես օգտագործված աղբյուրները, այնպես էլ կից ներկայացվող բազմաթիվ փաստաթղթերն ու լուսանկարները: «Ոսկեղջյուրի տիրակալները» աշխատությունն ընդարձակ տեղեկություններ է պարունակում Համիդյան ջարդերի` 1894-1896 թթ., Երիտթուրքերի և Մուստաֆա Քեմալի իշխանության գալու և Մեծ եղեռնի մասին: Էնվերից ու Թալեաթից բերված ծավալուն մեջբերումները, ըստ հեղինակի, ապացուցում են Հայոց ցեղասպանության կանխամտածված ու ծրագրված լինելը:
Հատվածներ գրքից
Կոտորելը Օսմանյան կայսրության տարածքում միշտ ընդունված է եղել՝ որպես ռազմավարական օրինական գործոն, սակայն հայերի կոտորածի ամենաանտանելի դաժան հանգամանքը (բացի սպանություններից) սպանդի կազմակերպված ցնցիչ մեթոդն էր, որը սկսվում էր ոչ թե թուրքերի վայրագ կրքերի բորբոքումով, այլ մի կոտրված շեփորի միանվագ ու աղավաղված ճչոցով, որ հնչում էր առ ի ազդանշան` գործարանի սուլիչի նմանվող միապաղաղ հնչողությամբ, և որին անմիջապես ենթարկվում էին մասնագիտացած սառնասիրտ մարդասպանները:
Մայրամուտին կրկին լսվում էր մի այլ շեփորի ձայն, հայտարարելով գործողությունների ավարտը:
Գործարաններում աշխատողների նման հերթափոխության ժամի վերջում օսմանյան զորքերը ճամբարներն էին վերադառնում և սպասում հաջորդ օրվա առավոտ նույն շեփորի զինակոչին:
Կոտորածները վերջին մեխը գամեցին Աբդուլ Համիդի դագաղի վրա: Դրանց նշանակալիությունը Օսմանյան կայսրության պատմության մեջ այն էր, որ այդ բոլոր անպատվությունների ղեկավարն ու կազմակերպիչը ինքը Աբդուլ Համիդն էր, և ինքն էլ տիրապետում էր բոլոր գործողությունների մանրամասներին:
Բոլոր շրջաններից նրա լրտեսները զեկուցում էին առօրյա ջարդերի մասին: Նա տեղյակ էր բոլոր իրողություններից, սակայն երբեք, նույնիսկ մեկ անգամ կարեկցության չնչին վիշտ չհուզեց նրան այն խեղճ հայ գյուղացիների համար, որոնց միակ մեղքը իրենց խղճուկ ու զգույշ բողոքն էր մահմեդականների թալանի ու կեղեքումների դեմ:
Շատ նշանակալից էր նաև սուլթանի բազմաթիվ հետևորդների միանալը դրսի աշխարհի տեսակետներին, որոնք դատապարտում էին նրա բնաջնջումների գործողությունները: Երեք տարվա միջոցում մերթընդմերթ կատարված կոտորածներից զայրացած աստվածապաշտ մահմեդականները պատսպարել էին իրենց հարևան հայերին:
Ընդհանրապես, այս իրավիճակում, մահացածների իրական թիվը դժվար թե հնարավոր լիներ ճշտել, ուստի` գուշակում է վիճակագրական տվյալներով: Չնայած ժամանակի խիստ ու դաժան հսկողությանը և գրաքննությանը, երկրում կատարվող վայրագությունների, չարչարանքների, բանտերում սպանությունների և ողջակիզությունների մասին որոշ լուրեր սկսեցին ի հայտ գալ աննախընթաց ու զարմանալի ձևերով: Հայերին ճանաչող մահմեդականները հաճախ ապօրինի ճանապարհներով նրանց նամակները արտերկիր էին հասցնում: Սակայն, երբեմն էլ դեռ ավելի դաժան պայմաններում բախտն էր նրանց օգնության հասնում Տրապիզոնի կոտորածի հստակ լուրը (որտեղ ամբողջ քաղաքում նույնիսկ մեկ քրիստոնյա ողջ չթողեցին) տեղ հասավ ավստրիական «Լոյդզ» նավի կապիտանի միջոցով, որը ականատես էր եղել ծովում փախչող հայերին ձերբակալելու և նրանց ջրահեղձ անելու գործողություններին թուրք նավաստիների ձեռքով: Անգլիայի դեսպանատան աշխատողներից Ջերալդ Ֆիտզմորիսը ներկայացրեց առաջին զեկույցը աշխարհին, թե ինչպես 3000 տղամարդ, կին ու երեխա ողջ-ողջ վառվել են թուրքերի ձեռքով Ուրֆայի մայր եկեղեցում: Նրա ասությամբ` Ուրֆայի հայ համայնքը կոտորածներից զարհուրած համախմբվել է (մի քանի հազար տարողություն ունեցող) քաղաքի մայր եկեղեցում, այն սխալ հավատքով, որ իրենք և հատկապես երեխաները Աստծու տան մեջ զերծ կմնան մահմեդական հավատացյալների սեռական բռնաբարումներից: Սկզբում թվում էր, թե նրանց հավատքը արդարացի և հիմնավորումը ճիշտ է եղել: Նրանք շրջապատվեցին զինվորների երկու օղակով: Շաբաթօրյա աղոթքից (նամազից) հետո մի հոգևորական ծածանեց իսլամի խորհրդանիշ կանաչ դրոշը առ ի համընդհանուր հարձակում քաղաքի վրա: Այդպիսով՝ քաղաքի հայկական թաղի բոլոր տները թալանվեցին, ապա սկսվեցին մորթազերծման ու կոտորածի սոսկալի կանոնավոր գործողությունները: Ֆիտզմորիսի բառերով ասած` «Մի շեյխ հրամայեց իր հետևորդներին հավաքել, ինչքան կարելի է, հայ քաջ և առողջ երիտասարդների: Բերեցին մոտ 100 հոգու, որոնց հատ-հատ պառկեցնում էին մեջքի վրա, ձեռքերն ու ոտքերը բռնում և հետո մոլեռանդ շեյխը դաժանորեն, Ղուրանից ինչ-որ աղոթք շշնջալով, կտրում էր խեղճ զոհերի կոկորդը: Դա նույնությամբ կրկնում էր Մեքքայում գառներ զոհաբերելու արարողությունը: Նախքան մայրամուտը մի շեփոր հնչեց, և գլխատումները դադարեցին: Հաջորդ օրը` կիրակի, դեկտեմբերի 29-ին, շեփորի կանչով զինվորները դարձյալ դուրս եկան: Այս անգամ մայր եկեղեցու մեջ պատսպարվածների հերթն էր, որոնք ակներևաբար արդեն իսկ սպասում էին զարհուրելի ճակատագրին: Ֆիտզմորիսը եկեղեցու սյուներից մեկի վրա գտել էր հայ քահանայի ձեռքով գրված հետևյալ գրությունը, թե շաբաթ գիշեր 1800 հոգու համար նա վերջին սուրբ հաղորդությունն էր կատարել:
Թուրքերը սկսեցին կրակել պատուհաններից ներս և ջարդելով երկաթյա դուռը` սպանեցին նախ բակում գտնվող ժողովրդին: Կանայք ու երեխաները փախուստի էին դիմում դեպի եկեղեցու մեծ վերնասրահը և սարսափահար վազում պատերի տակ: Եկեղեցու հատակին ցրված էին ներքնակներ ու փռվածքներ, որոնց վրա գիշերել էին խեղճ ապաստանյալները: Երեսուն գալոն բենզին լցրեցին փռվածքների վրա ու լուցկին քաշեցին: Ովքեր ողջ էին մնացել, բոլորը ոտքի վրա վառվեցին: Կեսօրից հետո՝ ճիշտ ժամը 3:30-ին, դժոխային շեփորը հնչեց, ու մահմեդական զորքը նահանջեց: Ավելի փոքրաթիվ սպանություններ տեղի ունեցան այլ քաղաքներում:
Երկու հայ պրոֆեսորներ, որոնք աշխատում էին Մարզվանի ամերիկյան միսիոներների քոլեջում, մեղադրվեցին հակապետական խռովարար թռուցիկներ բաժանելու մեջ: Նրանց շղթայած Անղորա (Անկարա) տեղափոխեցին, որտեղ դատաքննությունից հետո մահվան դատապարտեցին: Օսմանյան պետության մեջ առաջին անգամ Աբդուլ Համիդը ոչ միայն Եվրոպայի սաստիկ հակազդեցության, այլև ամերիկացիների ցասումի ու թշնամության դեմ հանդիման կանգնեց:
Այդ ժամանակ Կ. Պոլսում Ամերիկայի դեսպանը Ջաջ Տերելն էր, կոպիտ ու անտաշ Տեքսասի բնակիչ, որին սուլթանը ատում էր ծխախոտը ծամելու և ապա ցանկացած տեղ թքելու համար, բայց և այնպես, սուլթանը մտածեց, թե լավ կլինի նրան հանդիպել և «բացատրել» իրականությունը: Ուստի` Տերելի ընտանիքին Ելդըզ հրավիրեց և ընթրիքի ընթացքում համբերատար ունկնդրեց մեկ ժամ տևած դեսպանի քարոզը պետական վարչագիտության մասին: Տերելը համոզված էր, որ Աբդուլ Համիդը հասարակ մարդ է և որ չի արդարացնում պալատականի վարկը, բայց և այնպես, ինքը վստահ է, թե իրականությունը հազվադեպ է հասնում սուլթանի ականջին:
Շարունակելի
Խորագիր՝ #38 (1107) 1.10.2015 - 7.10.2015, Ուշադրության կենտրոնում, Պատմության էջերից