Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԴԱՐՁՅԱԼ ԴԻՐՔԵՐ, ԲԱՅՑ ԱՐԴԵՆ ՍՊԱՅԻ ՈՒՍԱԴԻՐՆԵՐՈՎ



Նոր եմ ծանոթացել դասակի հրամանատարի տեղակալ, ավագ սերժանտ, պայմանագրային Գեղամ Ղազիյանի հետ: Առաջին հայացքից Գեղամը սովորական զինվորական է՝ մյուսներից ոչնչով գրեթե չտարբերվող. միջին հասակ ունի, ամուր կազմվածք, հաճելի դիմագծեր ու ժպտուն աչքեր: Քսանհինգ տարեկան կլինի կամ մի քիչ ավելի մեծ է: Դաշտային նոր համազգեստով է, զենքն էլ պահել է այնպես, ինչպես երդման ժամանակ զինվորն է պահում… Բայց, այնուամենայնիվ, ինձ համար նա յուրահատուկ է… Թեկուզ հենց միայն այն պատճառով, որ հինգ տարի է՝ դիրք է պահում, հինգ տարի է՝ ծառայում է «Եղնիկներում»… Նա մարդու, զինվորի՝ գիշերները չքնող տեսակն է. զենքը ձեռքին կանգնած սպասում է, սպասում ու սպասում… Եվ նրա սուր, անթարթ հայացքը հակառակորդի հենակետերին է ուղղված… Նմանների համար ամուր ոտնատեղը դիրքն է…

Գեղամն իրեն «Եղնիկների» անբաժան մասնիկն է համարում… Եվ զարմանալի չէ, որ ժամկետային ծառայությունն ավարտելուց հետո չվարժվեց ուսանողական նստարանին, վերադարձավ զորամաս… Ասում է` երբ դիրքից հեռու է, կարծես՝ փողոցում հայտնված լինի… Ասես՝ մի քիչ անտուն է, մի քիչ մենակ, հայրենիքից մի քիչ հեռու… Ծառայության պայմանների ու դժվարությունների թեման ակնհայտորեն նրա սրտով չէ. քիթումռութը իրար է խառնում:

-Որ այդպես է,- ասում եմ,- քո ուզածը պատմիր:

-Իմ ուզա՞ծը,- զարմանում է:- Դե, պիտի իմ զինվորներից պատմեմ… Դիրքի ավագ եմ… Պիտի ասեմ, որ ոչ ոք պայմանագրայինից լավ զինվորին չի հասկանա… Չէ՛, ոչ ոք… Մի լավ խոսք հիշեցի՝ ասում են՝ ինչ-որ մեկին քննադատելուց առաջ հագիր նրա կոշիկը եւ անցիր այն քարքարոտ ճանապարհով, որով նա է անցել, զգա նրա ցավը… արցունքները… Եվ դրանից հետո միայն ասա, որ դու գիտես, թե ինչպես ճիշտ ապրել… Ասածս ինչ է` յուրաքանչյուր պայմանագրային «ճիշտը» իմացող զինվոր է…

Ես զինվորին հինգ մատի պես գիտեմ, ինքս էլ զինվոր եմ եղել… Ես հասկանում եմ նրան, գիտեմ` ամենաշատը նեղվում է, որ չի կարող դիրքից տուն զանգել: Դե, դիրքերից ոնց զանգի, հնարավորություն չկա: Երկու շաբաթ հարազատիդ ձայնը չլսես՝ կնեղվես, բա չե՞ս նեղվի: Խոստանում եմ` «Հենց զորամաս իջնենք, կզանգես…»: Խոսքդ պահել պիտի կարողանաս, եթե չես կարող՝ դիրքում կոպեկ չարժես…

Ես նաեւ գիտեմ, թե ինչն է զինվորին ուրախացնում՝ քաղցրավենիքը: Ես էլ էի քաղցրավենիք շատ սիրում, բայց մեր ժամանակ սննդի հետ չէինք ստանում: Իսկ հիմա զինվորը նաեւ քաղցրավենիքով է ապահովված…

Ես գիտեմ նաև՝ ինչն է ոգեւորում զինվորին: Հրամանատարի նվիրվածությունը: Զինվորը «աչքի պոչով» միշտ հետեւում է նրան` հագուկապին, խոսքին, վարվելաձեւին, տրամադրությանը: Զինվորի հույսը հրամանատարն է, ու նա չպետք է հուսախաբ լինի: Լավ հրամանատարը չի կարող վատ զինվոր ունենալ:

Ես լավ գիտեմ, թե ինչի համար կարող են վիճել տղաները: Հավասարության: Հավասարությունը կայունություն է… Գոնե դիրքում այդպես է…

Մեկ-մեկ խիստ եմ, նկատողություն եմ անում. «Խրամաբջջից խրամաբջիջ մի՛ խոսեք, բարձր մի՛ ծիծաղեք…»: Գիտեմ, որ նման պահերին զինվորները ինձ չեն սիրում, ես էլ մտքիս մեջ ինքս ինձ եմ հանդիմանում, բայց, դե, իրենց անվտանգության մասին եմ մտածում…

Երբ տասներկու կիլոմետր քայլում ենք դիրք հասնելու համար, ես գիտեմ, թե ինչի մասին է մտածում զինվորը… Նրա մտքում մի բան է՝ աշխարհը ծայր չունի, եւ այստեղ ամեն վայրկյան ինչ ասես կարող է պատահել… Ես էլ Աստծուն խնդրում եմ` վերադառնալիս մեզնից ոչ ոք թող չպակասի…

…Նայում եմ հերթափոխը նոր հանձնած զինվորի՝ վառարանի մոտ չորացող գուլպաներին, ու սիրտս լցվում է… Հուզվում եմ… Մտածում եմ՝ ինչ լավ է, որ ես նրանց հետ եմ, նրանց կողքին… Եվ հիմա պիտի մի բան ասեմ, որ գուցե նորություն չէ, բայց հաստատ ճշմարտություն է՝ զինվորից թանկ մենք ոչինչ չունենք…

Հ. Գ. Գեղամ Ղազիյանը ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում մասնակցում է սպայական դասընթացների: Մի քանի ամսից կվերադառնա դիրք՝ արդեն սպայի ուսադիրներով: Գա՛լդ բարի:

Շուշան ՍՏԵՓԱՆՅԱՆ

Խորագիր՝ #38 (1107) 1.10.2015 - 7.10.2015, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


01/10/2015