Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՄՇՏԱՐԹՈՒՆ «ԱՉՔԸ»



Ազգային բանակի հակաօդային պաշտպանության զորքերը տարիներ շարունակ առանձնանում են մարտական պատրաստականության բարձր աստիճանով: Համակարգի զինծառայողներն իրենց մարտունակությունն ստուգում են ինչպես ԱՊՀ երկրների հակաօդայինների հետ համատեղ զորավարժությունների ժամանակ, որոնք տեղի են ունենում ՌԴ «Աշուլուկ» զորավարժարանում, որտեղ կան հեռահար հրթիռներով մարտական հրաձգություն կատարելու բոլոր պայմանները, այնպես էլ տեղում՝ հրամանատարաշտաբային, ավիացիայի շրջաթռիչքների, մարտավարական զորավարժությունների, վերադաս հրամանատարության առաջադրած խնդիրների կատարման և այլ միջոցներով:

Զորամասը, որի հրամանատարն այժմ փոխգնդապետ Կարեն Դարբինյանն է, վերջին տարիներին ամբողջովին վերափոխվեց: Հարմարեցված շենքային պայմաններին փոխարինեցին կեցության ու գործունեության իդեալական պայմաններով նորակառույց դիվիզիոնները, որոնք զինվեցին արդիական՝ C-300 համակարգերով, համալրվեցին բարձր որակավորում ունեցող մասնագետ սպաներով:

Զորամասի դիվիզիոններից մեկը, որը 2014թ. ուսումնական տարվա արդյունքներով զորատեսակի՝ C-300 դիվիզիոնների մեջ ճանաչվել է լավագույնը, գործում է փոխգնդապետ Ա. Ավետիսյանի հրամանատարությամբ: Վերջինիս առաջին անգամ հանդիպել եմ տասը տարի առաջ «Աշուլուկ» զորավարժարանում: Դեռ այն ժամանակ երիտասարդ սպան առանձնանում էր աշխատասիրությամբ, սկզբունքայնությանբ, ազգային արժանապատվությամբ: Այնպես որ՝ բոլորովին չզարմացա՝ իմանալով, որ հենց նրա ղեկավարած անձնակազմն է զորատեսակի առաջատարը:

Թեեւ մեր այցի ժամանակ դիվիզիոնը մարտական հերթապահության մեջ էր, սակայն փոխգնդապետ Ա. Ավետիսյանը կարողացավ ժամանակ գտնել կարճատև զրույցի համար:

-Դիվիզիոնի առջև դրված գլխավոր խնդիրը մեր տարածաշրջանում հանրապետության օդային սահմանների պահպանությունն ու պաշտպանությունն է: Համոզված եմ, որ խնդրի կատարումը մեր ուժերի սահմաններում է:

-Դիվիզիոնի անձնակազմին հեշտ չի տրվել լավագույնի կոչումը:

-Ուսումնական տարվա ընթացքում մենք այդ մասին չէինք էլ մտածում, պարզապես մեր խնդիրներն էինք կատարում, ձգտում էինք զարգացնել մեր գիտելիքները, կատարելագործել հմտությունները: Ձմեռային ուսումնական փուլն ավարտեցինք «լավ» գնահատականով, առանձին ստորաբաժանումներ և առանձին մասնագետ զինծառայողներ ցույց տվեցին հարյուր տոկոսանոց արդյունք և «գերազանցի» արժանացան: Մեր հետագա ծառայությունն ինքնաբերաբար դարձավ պայքար զորամասում լավագույն դիվիզիոնի կոչման համար: Ամեն դեպքում, ուսումնական փուլի առաջին գնահատականից հետո յուրաքանչյուր միջոցառում, զորավարժություն կամ այլ առաջադրանքի կատարում արդեն վերածվում էր վճռական պայքարի: Հետո սկսվեցին զորատեսակի համաբանակային մրցումները: Մեր հիմնական մրցակիցը գնդապետ Տիգրան Ասլիկյանի զորամասի մեր զինակիցներն էին, որոնք միշտ հաղթում էին այդ մրցումներում: Այս անգամ երեք փուլից բաղկացած պայքարում լավագույն արդյունք ցույց տվեցին մեր ստորաբաժանումները: Սա, իրոք, դժվարին, բայց համոզիչ հաղթանակ էր: Կարող եմ հպարտությամբ ասել, որ մեզ մոտ հրաշալի անձնակազմ է ձևավորվել:

-Զինվորական ստորաբաժանումը կենդանի, գործող, զարգացող կառույց է, որում մեկն ավարտում է ծառայությունը, մյուսը նոր է սկսում: Դժվարություններ լինո՞ւմ են երիտասարդների գիտելիքների բարձրացման, դաստիարակության և մյուս հարցերում:

-Դիվիզիոնը համալրված է միջնակարգ կրթությամբ տղաներով ու աղջիկներով, և պետք ասեմ, որ նրանք իրենց մասնագիտությունը բավական հեշտ են յուրացրել: Միակ դժվարությունը եղել է այն, որ ես պահանջել եմ, որ բոլորը ծառայության ընթացքում հրաժարվեն բարբառից և խոսեն գրական հայերենով, ինչպիսին մասնագիտական գրականությունն է:

-Հաճա՞խ է դիվիզիոնը լինում մարտական հերթապահության մեջ:

-Այո՛, հաճախ: Մարտական հերթապահության ժամանակ ողջ անձնակազմը լինում է տեղում: Վերջերս ռազմերթով մեկնել ենք պահեստային դիրք և կատարել բոլոր նախատեսված միջոցառումները: Առաջադրանքը կատարվել է ժամանակին և անթերի, ինչի մասին զեկուցվել է ԶՈւ ԳՇ պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովին:

-Սովորաբար լավագույնի կոչումը պահպանելը նվաճելուց ավելի դժվար է լինում, անձնակազմն ինչպե՞ս է տրամադրված այդ հարցում:

-Համոզված եմ, որ և՛ սպաները, և՛ պայմանագրայինները ձգտում են առավելագույնին, իսկ ամենակարևորն այն է, որ դիվիզիոնը պատրաստ է ցանկացած պահի կատարելու մարտական խնդիրը:

♦♦♦

Հրամանատարական կետում բոլոր պատասխանատուներն իրենց տեղերում էին: Անընդհատ ստացվում էին հաղորդագրություններ, կատարվում էին հարցումներ, տրվում պատասխաններ: Պլանշետավարները գրում էին, ջնջում, նորից նշում տարածքով անցնող ինքնաթիռների տեղերը: Այստեղ էին սպա կապիտան Գևորգ Ներսիսյանը, հայտնաբերման և նշացուցման սպան, ռադիոհեռախոսավար-պլանշետավարները:

Ռադիոկողմնորոշիչ հանգույցում էլ կրճատ մարտական հաշվարկով շուրջօրյա հերթապահություն էր կատարվում: Այդ պահին հաշվարկի պետը ավագ լեյտենանտ Էդուարդ Կարապետյանն էր, նրա օգնականներն էին սերժանտ Լիլիթ Միրզոյանը և շարքային Վարդուհի Հարությունյանը:

Կապիտան Արթուր Առաքելյանի մեկնարկային մարտկոցը լավագույնն է ՀՕՊ զորքերում: Երիտասարդ սպան չորս տարի առաջ է ավարտել Խանփերյանցի անվան ավիացիոն ինստիտուտը և ծառայության անցել: Այդ պահին մեկնարկային դիրքում հերթապահում էր լեյտենանտ Գ. Այվազյանի դասակի հաշվարկներից մեկը, որի կազմում էին կրտսեր սերժանտներ Գ. Ղազարյանը, Մ. Վոնեսյանը, շարքայիններ Օ. Զաքարյանը և Ա. Առաքելյանը: Մենք տղաների հետ քննարկեցինք հրթիռը մեկնարկային վիճակի բերելու ժամանակի հարցը, որից հետո նրանք մարտկոցի հրամանատարի հրամանով կրկնեցին գործողությունը և մեզ համոզեցին, որ կարող են առաջադրանքը կատարել նորմատիվային լավագույն ժամանակից էլ շուտ:

Սերժանտ Արայիկ Մարտիրոսյանը պայմանագրային զինծառայող է: Արայիկը յուրաքանչյուր ուսումնական փուլ ավարտում է «գերազանց» գնահատականով:

-Սովորում էի տնտեսագիտական ֆակուլտետում, որոշ հանգամանքներից ելնելով՝ ընդհատեցի ուսումս և անցա ծառայության: Այստեղ ամեն ինչ ինձ դուր է գալիս: Ամենակարևորը՝ հրամանատարությունը վստահում է ինձ, ընկերներս հարգում են, միջավայրը հոգեհարազատ է: Մենք գիտենք, որ շատ պատասխանատու առաքելություն ենք կատարում: Եթե թշնամին մի օր սխալվի ու հարձակվի, իսկ մենք դրան ենք սպասում, ապա մենք մեկընդմիշտ հօդս կցնդեցնենք Արցախին տիրելու՝ ադրբեջանցիների բոլոր հույսերը:

Ա. ՆԵՐՍԻՍՅԱՆ

Խորագիր՝ #38 (1107) 1.10.2015 - 7.10.2015, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


01/10/2015