ԿԱՅԱՑՄԱՆ ՔԱՌԱՄՅԱ ՈՒՂԻ
Օրերս հայոց բանակի նորաստեղծ հրթիռահրետանային զորամասերից մեկը տոնեց իր ծննդյան չորսամյա տարեդարձը: Միջոցառմանը ներկա էին 5-րդ բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանը, հրթիռային զորքերի և հրետանային վարչության բաժնի պետ, գնդապետ Հարություն Խաչատրյանը, բարձրաստիճան այլ հրամանատարներ, պետական, հասարակական, կրթական կառույցների ներկայացուցիչներ:
Հանդիսության ավարտից հետո առիթ ունեցա զրուցելու զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Բաղդասարյանի հետ:
-Զորամասը ստեղծվել է տարբեր զորամասերից ու զորամիավորումներից հավաքագրված սպայական ու ենթասպայական անձնակազմի ուժերով: Բոլորը մեծ նվիրումով են մասնակցել զորամասի ստեղծման գործընթացին: Եվ կարճ ժամանակում զորամասը արդեն կարողանում էր կատարել մարտական խնդիրներ: 2012թ. զորամասի ենթակա ստորաբաժանումները անցկացրին մարտական կրակով մարտավարական զորավարժություն և ստացան «լավ» գնահատական,- պատմում է հրամանատարը:
Նշենք, որ այս կարճ ժամանակում զորամասը բազմաթիվ ձեռքբերումներ է արձանագրել. հենց վերջերս արժանացավ մարտական դրոշի, որը հանձնեց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը:
-Դա պարտավորեցնող է,- հպարտորեն ասում է գնդապետ Բաղդասարյանը և շարունակում:- Մենք սերտորեն համագործակցում ենք նաև հասարակական կազմակերպությունների, տարածքային կառավարման մարմինների, ԵԿՄ-ի և մեր զորամասին կցված դպրոցների հետ, ինչը նպաստում է բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը: Մեր ամենակարևոր խնդիրը համարում ենք զորմասի համալրումը: Նորակոչիկը սպայակազմի ուշադրության կենտրոնում է զորամաս մտնելու առաջին իսկ րոպեներից: Նրանց հետ անցկացվում են զրույցներ, որոնք օգնում են բացահայտելու զինծառայողի բարոյակամային հատկանիշները, ընդունակությունները և կարողությունները, ինչի հիման վրա էլ պլանավորվում է, թե նա ինչ պաշտոնում է շարունակելու իր հետագա ծառայությունը: Մենք ամեն ինչ անում ենք, որ նորակոչիկը շուտ ընտելանա զորանոցային կյանքին. ինչքան շուտ, այնքան արագ ու հեշտ կստանձնի իր զինվորական պարտականությունները: Ծառայական խնդիրը լիարժեք կատարելու համար ամեն մի զինվոր պետք է լինի ուսուցանված և տիրապետի իր պարտականություններին:
Զորամասը մի կարգախոս ունի՝ «Փոքր ուժերով՝ մեծ խնդրի կատարում»: Եվ այս ոսկե կանոնը կյանքի կոչելու համար հրամանատարը զինվորների հետ տարվող աշխատանքներում կարևորում է երեք հիմնական գործոն՝ ամենօրյա հոգատարություն, մանկավարժական մոտեցում, կանխարգելիչ զրույցներ:
Թեև տոնական մթնոլորտ է, բայց զորամասը պատրաստ է մարտական առաջադրանքի կատարմանը: Նրանց ձեռք բերած քառամյա մասնագիտական փորձն ու հմտությունները լիովին բավարար են՝ ամենաբարդ խնդիրները իրականացնելու համար:
Բարի երթ և անփորձանք ծառայություն…
Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #38 (1107) 1.10.2015 - 7.10.2015, Ազգային բանակ