ՁԳԱՆԻՆ ՊԱՀԱԾ ՔՈ ՄԱՏԸ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԱՏՆ Է, ՆԱ ԻՐ ԶԵՆՔԸ ՎՍՏԱՀԵԼ Է ՔԵԶ, ԵՎ ԴՈՒ ԱՐԴԱՐԱՑՐԵԼ ԵՍ ԱՅԴ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ, ԶԻՆՎՈ՛Ր
Անցած շաբաթ «Հայ զինվոր» թերթի ֆեյսբուքյան էջի օգտատերերի ուշադրության կենտրոնում էր մայոր Արսեն Աղեկյանի հեղինակած` «Ձեռքս չէր դողում…» վերնագրով նյութը, որը պատմում էր հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման փորձը վիժեցրած շարքային Հայկ Հակոբյանի սխրանքի մասին:
«…Ձեռքս չէր դողում, բայց ինձ ավելի վստահ զգացի, երբ տեսա, որ հենց առաջին կրակոցիցս մեկն ընկավ: Մյուս երկուսը միանգամից հետ քաշվեցին, վիրավոր էին, թե ոչ, չգիտեմ: Շարունակում էի կրակել ու նոր թիրախ փնտրել: Ուշքումիտքս մի բան էր՝ թույլ չտամ ինձ շրջանցել, կարողանամ պաշտպանել ընկերներիս: Հանգիստ շունչ քաշեցի միայն այն ժամանակ, երբ տղաները օգնության հասան»:
Ժամկետային զինծառայողի աննախադեպ քաջությունը, արհեստավարժ մոտեցումը, ինքնուրույն կողմնորոշվելու, արագ եւ վստահ գործելու կարողությունը ոգեւորել էր հազարավոր ընթերցողների: Քաջարի զինվորի լուսանկարը մտել է համարյա ամեն հայի օջախ, և նրա «Ձեռքս չէր դողում…» խոսքերը դարձել են թևավոր խոսք ու շրջել մեկնաբանությունից մեկնաբանություն: «Հալալ է կերածդ կաթը». ահա և ամենատարածված օրհնանքը: Ապա և՝ «Աստված քեզ պահապան, որդի՛ս»: Նաև՝ «Ձեռքերիդ ուժ ու ղվաթ, տղե՛ս…Քեզ փառք ու պատիվ, ցավդ տանեմ: Օրհնվի ծնունդդ»: Նաև՝ «Ազգովի խոնարհվում ենք քո և մայրիկիդ առջև»: «Թող ձեռքդ երբե՛ք չդողա»:
Եվ երիցս ճշմարիտ է մեր հետեւորդներից Մարատ Հակոբյանի՝ զինվորի սխրանքին տված գնահատականը՝ «Ձգանին պահած քո մատը ժողովրդի մատն է, նա իր զենքը վստահել է քեզ, եւ դու արդարացրել ես այդ վստահությունը»:
Զինվոր Հայկ Հակոբյանի ցուցաբերած քաջության մասին պատմող «Հայ զինվորի» նյութը ֆեյսբուքյան մեր էջում հրապարակվելուց հետո այն արտատպեցին նաեւ բազում կայքեր: Այստեղ եւս նյութի դիտումների քանակը աննախադեպ էր՝ յուրահատուկ ռեկորդ մեր թերթի համար: Բերենք միայն մեկ օրինակ` www.1in.am-ի բլոգում նյութը ունեցել է 13 հազար հարյուր միայն կիսում…
Այս օրերին, երբ հակառակորդը հերթական անգամ արկածախնդիր գործողությունների է դիմում սահմանին և չարաչար պատժվում, զինվորի այս խիզախումը քաջալերում ու թեւավորում է մեր ժողովրդին:
«Հայ զինվոր»
Խորագիր՝ #38 (1107) 1.10.2015 - 7.10.2015, Բանակ և հասարակություն