Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՆՈՐ ՀԱՆՁՆԱՌՈՒԹՅԱՆ



ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԸ Panorama.am-իխնդրանքով մեկնաբանել է ՄԱԿ-ի առաքելություններին մասնագիտացված ստորաբաժանումներ տրամադրելու վերաբերյալ ՀՀ նախագահի հայտարարությունը:

Միջազգային խաղաղապահության բնագավառում վերջին 10-11 տարիների ընթացքում մեր ձեռք բերած փորձը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների և գործընկեր երկրների մոտ մեր խաղաղապահների` որպես վստահելի և պրոֆեսիոնալ զինակցի վաստակած հարգանքը, հիմք են հանդիսացել, որ ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությունները համակարգող կառույցները դիմեն Հայաստանին՝ ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններում պահանջվող մասնագիտացված կարողություններ պատրաստելու և տրամադրելու խնդրանքով: Սա է նաև պատճառը, որ Հայաստանն ընդգրկվել է մոտ չորս տասնյակ երկրների ցանկում, որոնք հրավիրվել են գագաթաժողովին: Նշեմ, որ այս պահին աշխարհի տարբեր մասերում ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններում ներգրավված են մոտ 120 երկրներից 100.000 ավելի խաղաղապահներ, որոշ երկրներ տրամադրում են մի քանի հազար խաղաղապահների, սակայն շատ քիչ երկրներ են կարող տրամադրել մասնագիտացված ստորաբաժանումներ: ՀՀ ՊՆ առաջարկվող առաջին ստորաբաժանումը միջազգային չափորոշիչներով ԴԵՐ 2 (Role 2) մակարդակի դաշտային հոսպիտալ է, որն իրենից ներկայացնում է շարժական արագ տեղափոխվող հոսպիտալային համակարգ եւ տեղակայվում է վտանգավոր գոտու անմիջական հարևանությամբ, ունի առաջին մասնագիտական բժշկական օժանդակություն տրամադրելու կարողություն, որի խնդիրն է հիվանդ կամ մարտի դաշտից դուրս բերված վիրավոր անձնակազմի վիճակը կայունացնելը` անհրաժեշտության դեպքում նաեւ իրականացնել անհետաձգելի վիրահատական միջամտություն և ապահովել նրա ապահով տարհանումը դեպի հոսպիտալներ` հետագա բուժման նպատակով: Համակարգն ունի վիրահատական և կարճատև հոսպիտալացման հնարավորություններ: Մեր այս ստորաբաժանումը ստեղծվելու է ԱՄՆ-ի՝ 2007 թվականին տրամադրած ԻՄԵԴՍ դաշտային հոսպիտալի հիման վրա: Երկրորդ ստորաբաժանումը ՀՀ ՊՆ խաղաղապահ ինժեներասակրավորային գումարտակն է, որը այժմ Հայաստանի տարածքում իրականացնում է հումանիտար ականազերծում: Գումարտակը համալրվելու է վերջին տարիներին ահաբեկչական խմբավորումների կողմից լայնորեն կիրառվող ինքնաշեն պայթուցիկ սարքերի հայտնաբերման և վնասազերծման տեխնիկայով, անձնակազմն անցնելու է միջազգային չափորոշիչներին համապատասխան վերապատրաստում և տեղակայման դեպքում ապահովելու է միջազգային ուժերի կամ տարածաշրջանի բնակչության անվտանգ տեղաշարժը:

Ստորաբաժանումների պատրաստման համար մենք պլանավորել ենք բավականին հավակնոտ ծրագիր, նախատեսում ենք աշխատանքներն ավարտել 2-3 տարվա ընթացքում: Սակայն ոչ բոլոր հարցերն են կախված հայկական կողմից: Անձնակազմի պատրաստումը պետք է իրականացվի մեր միջազգային գործընկերների աջակցությամբ, ունենք նաև տեխնիկական վերազինման խնդիր, որի լուծման հարցում նույնպես ակնկալում ենք մեր գործընկերների աջակցությունը: Առաջին փուլում նախատեսում ենք վերապատրաստել գնահատող անձնակազմին, այնուհետև, մինչև հիմնական գնահատման զորավարժությունը, ստորաբաժանումները կմասնակցեն մի քանի միջազգային զորավարժությունների: Նշված երկու ստորաբաժանումներն էլ զուգահեռ հավաստագրում են անցնելու թե՛ ՆԱՏՕ-ի, թե՛ ՄԱԿ-ի կողմից: Ստորաբաժանումների պատրաստումից և հավաստագրումից հետո դրանք կհամալրեն ՄԱԿ-ի, այսպես կոչված, «Խաղաղապահ կարողությունների պահեստային ուժերը», այսինքն` ՄԱԿ-ը նման ստորաբաժանումների անհրաժեշտության դեպքում կդիմի Հայաստանին՝ դրանք այս կամ այն առաքելության շրջանակներում տեղակայելու խնդրանքով, ինչին Հայաստանը կարձագանքի՝ համաձայն ներպետական ընթացակարգերի: Ստորաբաժանումները կլինեն ճկուն և պատրաստ կլինեն տարածաշրջանային յուրահատկությունների առկայության դեպքում հատուկ նախատեղակայման վարժանք անցնելուց հետո` տեղակայվել ցանկացած տարածաշրջանում:

Խորագիր՝ #38 (1107) 1.10.2015 - 7.10.2015, Ռազմաքաղաքական


01/10/2015