ԱՆԿԱՏԱՐ ԻՂՁ…
Տիկին Լուսյան Էրեբունու տարածքի զոհված ազատամարտիկների մայրերի կոմիտեում է աշխատում: Բարի դեմքով այս կնոջ հոգում մեծ վիշտ կա անթեղված` զինվոր որդին` Արմենը զոհվել է 1994 թվականին` Բռնակոթում: Հիմա խմբագրությունում մի առանձնակի խնամքով, հոգատարությամբ հանում եւ սեղանիս է շարում տղայի մասին պատմող թղթերը, լուսանկարները, աշակերտական տետրերը: Ուշադրությունս է գրավում տետրերից մեկը՝ պարսկական գրեր են՝ գեղեցիկ, վարժ գրված… Զարմանքս նկատելով, տիկին Լուսյան ասում է.
-Որդիս Հակոբ Պարոնյանի անվան դպրոցում էր սովորում, որտեղ այդ տարիներին պարսկերեն էին դասավանդում: Շատ էր սիրում այդ լեզուն, այնքան, որ շուտով դարձավ պարսկերենի ուսուցչուհու` Նվարդ Առաքելյանի սիրելին: Նա տղայիս հաճախ էր տանում մասնակցելու պարսկերեն հեռարձակվող ռադիոժամերին, հպարտանում որդուս պարսկերենի իմացությամբ եւ միշտ շեշտում էր` Արմենը դեսպան կամ հայտնի թարգմանիչ կդառնա: «Ահա այս նկարում տղաս է իր ուսուցչուհու հետ,- լուսանկարն ինձ պարզելով՝ ասում է տիկին Լուսյան:- Այնքան կուզենայի հանդիպել պարսկերենի ուսուցչուհուն, զրուցել նրա հետ Արմենիս մասին ու հին ու բարի օրերի պես նրանից որդուս մասին գովեստի խոսքեր լսեի…»:
Տիկին Լուսյան մենակ է մեծացրել իր երկու զավակներին` Արմենին ու Աննային: Թե ինչ դժվարությունների միջով է անցել, միայն իրեն է հայտնի եւ մեկ էլ Աստծուն. աշխատանքից հետո երեխաների հետ էր զբաղվում` ջանալով անել հնարավորն ու անհնարինը, որ երեխաները ծնողական գուրգուրանքի, ջերմության պակաս չզգային: Իսկ գիշերը լուսացնում էր կարուձեւ անելով, որ երեխաները նյութական որեւէ կարիք չունենային:
-Դժվար էր, բայց այդ դժվարությունների մեջ անգամ երջանիկ էի: Երջանկությունը կաթում էր մեր տան ամեն անկյունից: Երջանկությունը մեր ընտանիքի համերաշխության ու հաշտության մեջ էր: Միայն մի անգամ տղաս հակաճառեց ինձ: Ես լաց եղա, իսկ ինքը գլխիկոր գնաց իր սենյակը: Հետո գիշերը, երբ կար էի անում, մոտեցավ եւ սուսուփուս մի նամակ դրեց կողքիս. «Մա՛մ ջան, այս արարքը առաջինն ու վերջինը կլինի: Քո արցունքը տեսնելիս կարծես սրտիցս մի կտոր է պոկվում: Աշխարհում քեզ նման մայրիկ չկա»…Նամակն ավարտել էր «Ների՛ր ինձ, մայրի՛կ» տողով, որը գրել էր երեք լեզվով` հայերեն, ռուսերեն ու պարսկերեն: Վերջում էլ ավելացրել էր իրենց ընտանիքի նշանաբանը. «Արմեն+Աննա+մայրիկ =համերաշխ ընտանիք»…
…Ժամանակը գնում էր առաջ: Արմենը հաճախում էր ջութակի, կարատեի պարապմունքների, միաժամանակ ավելի կատարելագործում պարսկերենը: Դպրոցի ավարտական հանդեսին ներկա է լինում նաեւ Հայաստանում Իրանի Հանրապետության դեսպան Սոբհանին: Լսելով Արմենի հստակ ու մաքուր պարսկերենը` դեսպանը խոստանում է, որ կմիջնորդի, որ Արմենը ուսումը շարունակի Իրանի առաջնակարգ համալսարաններից մեկում: Եվ առաջարկում է նախապատրաստել անհրաժեշտ փաստաթղթերը: Արմենն առանց դժվարության պատրաստում, լրացնում է բոլոր փաստաթղթերը եւ սպասում պատասխանի: Իսկ մինչ այդ պետք է ծառայության մեկներ՝ պաշտպանելու հայրենիքը:
-Հրադադարը նոր էր ստորագրվել: Ժողովուրդը ուրախ էր: Ամենից շատ ուրախ էինք ճակատում զինվոր ունեցող ծնողներս, բայց,- հուզմունքը չի կարողանում թաքցնել տիկին Լուսյան:- Մայրս զանգեց` «Ա՛յ բալա, ռադիոյով ասում են` Բռնակոթը գնդակոծվում է, կան զոհեր…»: Աշխարհը փուլ եկավ գլխիս…
Բռնակոթում երեք ժամ տեւած կատաղի մարտերից հետո մեր տղերքը հետ էին շպրտել թշնամու զինվորներին… իրենց կյանքի գնով: Այդ հերոսներից մեկն էլ Արմենն էր…
Արմեն Վարդանյանի զոհվելուց շատ չանցած՝ Իրանից գալիս է Արմենի՝ համալսարան ընդունվելու մասին փաստաթուղթը … Դեսպանը չէր մոռացել իր խոստումը, չէր մոռացել Արմենին…
Հ.Գ.
Տիկին Լուսյայի աղջկա որդին կրում է Հայաստանի պաշտպանության համար մղված մարտերում հերոսաբար զոհված քեռու անունը: Արմենն այսօր զինվոր է…
Ալիս ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Խորագիր՝ #39 (1108) 08.10.2015 - 14.10.2015, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում