ԼՈՒՍԻՆ, ԼՈՒՍԻՆ, ԼՈՒՍԵՐԵՍ…
ԳԻՇԵՐԱՅԻՆ ԳԵՂԵՑԿՈՒՀՈՒ ԱՐՅՈՒՆՈՏ ՀՄԱՅՔԸ
…Դեռ հին ժամանակներից խավարումները` թե՛ Արևի, թե՛ Լուսնի, առավել ևս՝ արյունոտ և արնաներկ, ահուսարսափ են առաջացրել, ընկալվել որպես դժբախտության գույժ, արյունահեղության նշան: Մարդկանց թվում էր, թե ինչ-որ հրեշ, չար ոգի կրծոտում, խժռում է Լուսնի կտորները, և Լուսինն արյունլվա է լինում չարքերի հասցրած վերքերից…
Լուսնի խավարման ժամանակ Երկիրը ստվերում է արբանյակը, և թեև խավարումն ամբողջական է համարվում, այնուամենայնիվ, Լուսնի սկավառակը ամբողջովին չի կորչում տեսադաշտից, այլ միայն մթնում է ու գունափոխվում: Արևի ճառագայթները բեկվում են, ցրվում` անցնելով մթնոլորտի շերտերով:
Այսպիսով՝ Երկրի բնական արբանյակին հասնում են միայն սպեկտրի կարմիր մասի ճառագայթները, ինչի արդյունքում էլ Լուսինը բոսորագույն է դառնում: Սա գիտական բացատրությունն է:
♦♦♦
Նշանավոր ծովագնաց Քրիստափոր Կոլումբոսը մի անգամ նավաբեկության ենթարկվեց Յամայկա կղզու մոտակայքում: Նավաբեկյալները ափ իջան, բայց մնացին առանց ջրի ու սննդի: Բնիկները չէին ուզում օգնել նրանց: Մոտենում էր 1504 թվականի մարտի 1-ը, Կոլումբոսը գիտեր, որ այդ օրը տեղի է ունենալու Լուսնի խավարում, և նա այդ ժամանակ սպառնաց բնիկներին, որ նրանցից խլելու է Լուսինը: Բնիկների առաջնորդները սկզբում չէին հավատում, բայց երբ սկիզբ առավ խավարումը, և թխակարմիր ամպերը սկսեցին սողալ Լուսնի վրա, նրանք լրջացան և խուճապի մատնվեցին: Այդժամ հրամայեցին Կոլումբոսի մարդկանց անհապաղ ապահովել սննդով և ջրով, իսկ Կոլումբոսը կերպարանափոխվեց, այլ տեսք ընդունեց, իբր մեծահոգաբար ներում է բնիկներին` նրանց վերադարձնելով Լուսինը:
♦♦♦
…1877թ.-ի փետրվարի 15-ի Լուսնի խավարումը Թուրքիայի տարածքում առաջ բերեց աննկարագրելի խուճապ: Կիսալուսինը իսլամի խորհրդանիշն է, և նրա խավարումը դիտվում էր որպես սպասվող դժբախտության չարագուշակ կանխանշան: Դժվար չէ պատկերացնել մահմեդական ազգաբնակչության այն խառնաշփոթը, երբ սկսվեց Լուսնի աստիճանական խավարումը: Սնահավատ բնակչության շրջանում լուրեր էին պտտվում, որ վիթխարի մի հրեշ պատրաստվում է կուլ տալ Լուսինը, և եթե դա նրան հաջողվի, ապա առաջիկա պատերազմում կպարտվի թուրքական բանակը, կգա Օսմանյան կայսրության օրհասը:
Կոստանդնուպոլսի փողոցներում ու հրապարակներում ծովացավ երկյուղած մահմեդականների հոծ ամբոխը, ու սկսեցին դեպի Լուսինը կրակել ատրճանակներով, զարկել թմբուկներ: Մզկիթներում սկսեցին նամազ անել, ալլահին օգնության կանչել, բայց ապարդյուն: Լուսինը խավարեց ու անհետացավ: Թուրքերի հուսահատությունը ծայրահեղության հասավ: Նրանց սարսափն ու անհանգստությունը իզուր չէր, շուտով՝ 1877թ.-ին, Ռուսաստանը պատերազմ հայտարարեց Թուրքիային: Ավելին, զարմանալի զուգադիպությամբ Լուսնի խավարումից ուղիղ մեկ տարի անց ռուսական զորքը հայտնվեց Օսմանյան կայսրության մայրաքաղաքի մատույցներում:
ԼՈՒՍՆԻ ՏԱՐՕՐԻՆԱԿ «ՎԱՐՔԸ»
Երկրորդ հազարամյակի վերջին տարին սկսվել էր արտասովոր երևույթներով: Այդ տարվա հունվար ամսվա ընթացքում Լուսնի լրում դիտվեց երկու անգամ: 1985-1999թթ. ընթացքում նմանաբնույթ երևույթներ նկատվել էին երեք անգամ: Սակայն դա չէր այդքան հետաքրքիրը: Բոլորովին առանց լիալուսին ամիս լինում է շատ հազվադեպ: Հետաքրքիրն այն է, որ այդպիսի բացառիկ երևույթ դիտվեց նաև հենց այդ տարում` 1999թ.-ին: Նախորդ նման երևույթը դիտվել էր 1866 թ. փետրվարին: 1999 թվականը հետաքրքիր եղավ նաև նրանով, որ այդ տարվա մարտ ամսում մարդիկ ականատես եղան երկու լիալուսնի, փաստորեն՝ նույն տարվա մեջ երկու ամիս Լուսնի երկակի լրումով: Դա ևս հազվադեպ երևույթ էր: Այսպիսով` երկրորդ հազարամյակի առաջին երեք ամիսներն անցան աստղագիտական արտասովոր երևույթներով` հունվարին երկու լիալուսին, փետրվարը բոլորովին առանց լիալուսին, մարտին` երկու լիալուսին: Հարկ է նշել, որ Հայաստանում 1999 թվականին այնքան էլ ոչ սովորական տաք ձմեռը հիշյալ երևույթների գիտակ մարդիկ ինչ-որ չափով կապում էին Լուսնի այդ արտասովոր «վարքի» հետ:
Պատրաստեց Ա.ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ
Խորագիր՝ #39 (1108) 08.10.2015 - 14.10.2015, Հոգևոր-մշակութային