ԱՄԵՆ ՀԱՅԻ ՊԱՐՏՔԸ
Սիրելի՛ զինվորներ, մենք ձեզ ենք պարտական, որ ազատ հայրենիք ունենք, ու մենք ձեր կողքին կլինենք մշտապես:
Ամերիկահայ բարերար Քեթի Քասսարդջյանը հայրենիքում է. նա եկել է «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի» հետ համատեղ մշակելու հայրենիքի սահմանները պաշտպանելիս վիրավորված զինծառայողների սոցիալական և բժշկական աջակցություն ցուցաբերելու ծրագիրը:
-Տիկին Քեթի, յուրաքանչյուր սփյուռքահայ ընտանիք ունի պապերի բնօրրանից տեղահանվելու, օտար ափերում բնավորվելու իր սրտառուչ պատմությունը, որը ազգի հավաքական կենսագրության մի դրվագն է, հայի հավաքական պատմությունը: Ես կուզենայի լսել ևս մեկը՝ Քասսարդջյան ընտանիքի՝ Մուսալեռից Սան Դիեգո ձգվող դեգերումների պատմությունը:
-Մեծ հայրս՝ Գևորգ Քըլեդջյանը (Քասսարդջյան ամուսնուս ազգանունն է), Մուսալեռի հերոսներից էր, որը զենքը ձեռքին պաշտպանել է իր ծննդավայրը: Նրա անունը կա Մուսալեռան ինքնապաշտպանության մասին թանգարաններում, գրքերում: Հայրս ու մայրս նույնպես Մուսալեռում են ծնվել, նրանց մանկությունն անցել է սովի ու կարիքի մեջ, նույնիսկ չեն կարողացել գրաճանաչ դառնալ, որովհետև թուրքերը փակել էին հայկական դպրոցները: Ծնողներս ութ երեխա են ունեցել, ես կրտսերն եմ:
Դեգերումները նրանց բերել են Բեյրութ՝ Այնճար: Նրանք առավոտից իրիկուն աշխատել են, որ պահեն իրենց զավակներին, կրթության տան: Մի կիրակի մորս խնդրանքով հայրս, որ անհավատ էր, գնում է եկեղեցի, պատարագ է լսում ու այնտեղից դուրս է գալիս ամբողջովին կերպարանափոխված: Աստծո շնորհն է առնում ու որոշում է, որ մնացած կյանքը պիտի ծառայի Աստծուն: 30 տարեկանում Սուրբ Գրքի ընթերցանությամբ տառաճանաչ է դառնում, իսկ 45 տարեկանում ընդունվում է Բեյրութի համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետ, որ պատվելի դառնա: Եվ այսպես քահանաների գերդաստանից սերած հայրս նույնպես Պատվելի է դառնում: Հայրս պայծառ մարդ էր, ասում էր՝ ամեն բան սիրով արա, ասում էր՝ ունեցածդ տուր կարիքավորին, առանց հյուրի սեղան չէր նստում… Անչափ սիրում էր հայրենիքը: Մենք պիտի ապրենք Հայաստանը զորացնելու փափագով՝ ասում էր:
-Ենթադրում եմ, որ 8 երեխա ունեցող Ձեր հայրը չէր կարող մեծ կարողություն թողնել իր զավակներին: Բայց ես գիտեմ, որ Դուք որոշակի ֆինանսական կարողությունների եք հասել Սան Դիեգոյում: Ինչպե՞ս հաջողեցիք:
-Ազնվությամբ, աշխատասիրությամբ: Ես ու ամուսինս շատ երիտասարդ ենք ամուսնացել… Ոչինչ չունեինք: Սկզբում մենք փոքրիկ վաճառատուն բացեցինք Սան Դիեգոյում և սկսեցինք զբաղվել հագուստի դիզայնով: Ես կանացի զգեստների մոդելներ էի գծում, ամուսինս՝ տղամարդկանց վերնաշապիկների: Մեր գործընկերը խաբեց մեզ, օգտվեց մեր դյուրահավատությունից ու ամեն ինչ խլեց մեզնից: Բայց մենք չհուսահատվեցինք, սկսեցինք զրոյից: …Տարիներ անց արդեն Սան Դիեգոյում հսկա գործատուն ունեինք:
-Գիտեմ, որ Ձեր բիզնեսը միջազգային շրջանակներ է ընդգրկել:
-Այո՛: Իսկ մեր գործընկերը, որ թալանել էր մեզ, սնանկացավ: Մարդը պիտի աշխատի ու տեսնի իր ջանքի պտուղները, մարդը պետք է բարիք ստեղծի, այլապես՝ կխաթարվի նրա մտածելակերպը և կկորցնի իր առաքինությունները: Աղջիկս՝ Նորան, աշխատում էր իմ ձեռնարկությունում, ու մի օր ես նրան քնած գտա աշխատանքի ժամին: Ասաց՝ մա՛մ, կներես… Փորձեց արդարանալ: Ասացի՝ այստեղ ես քո մաման չեմ, քո «բոսն» եմ: Մի անգամ էլ քնած տեսա, գործից կհեռացնեմ: Լավ աշխատես, ավելին կվճարեմ: Դրանից հետո Նորան ամեն բան հասկացավ: Ու որոշ ժամանակ անց դարձավ մեր գործարանի ֆինանսական պատասխանատուն:
Կրտսեր աղջիկս՝ Ռիտան, մասնակցեց Ամերիկայի հայ գեղեցկուհիների մրցույթին և առաջին տեղը գրավեց: Երբ եզրափակիչ դուրս եկած երեք հայ աղջիկներին հարցրին, թե ինչ կանեին, եթե այս պահին 10 միլիոն դոլար ունենային, աղջիկներից մեկն ասաց՝ կտայի կենդանիների պաշտպանությանը, մյուսը ցանկանում էր ծնողներին օգնել, Ռիտան ասաց՝ ես ամբողջ գումարը կտանեի Հայաստան՝ իմ կարիքավոր հայրենակիցներին: 1996թ.-ին Ռիտայի խնդրանքով իր ծննդյան տարեդարձը նշեցինք մեծ շուքով, հանդիսավորությամբ և բոլոր նվիրատվությունները կրկնապատկեցինք ու բերեցինք Հայաստան, այցելեցինք 5 որբանոց և 5 հիվանդանոց…
Մենք ժամանակին 15 հազար բրդյա ժակետ ենք ուղարկել Սպիտակի երկրաշարժից տուժած կարիքավորներին, իսկ Ռիտան ստեղծեց իր հիմնադրամը՝ Հայաստանին օգնելու համար: Հայաստանը մեր տունն է, մենք հիմա մեր տան մեջ չենք ապրում, բայց մեր տունը պիտի կանգուն պահենք, որ անտուն չմնանք: Մենք Սան Դիեգոյում ենք ապրում, բայց մեր հայացքն ուղղված է հայրենիքին… Մեր սիրտը հայրենիքում է: Հաճախ ենք գալիս Հայաստան, ուզում ենք հասկանալ, թե հայրենիքն ինչի՞ կարիք ունի:
-Ինչո՞ւ այս անգամ որոշեցիք աջակցել ռազմաբժշկական կառույցին:
-Անկեղծ ասած՝ իմ ընտանիքը մեկ անգամ չէ, որ իր փոքրիկ օգնությունն է բերել բանակի բժշկությանը, նույնիսկ Ռիտայի անունը կա հոսպիտալի պատին՝ բարերարների շարքում: Այս անգամ ինձ ոգևորեց բարերար Մերի Նաջարյանը: Նա ասաց, որ Հայաստան է եկել «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի» նախագահ Ռուզաննա Խաչատրյանի հրավերով, տեղում ծանոթացել է իրավիճակին, խնդիրներին: Երբ նա ինձ մանրամասներ պատմեց, հասկացա, որ հայրենիքի պաշտպանության ժամանակ վիրավորված զինծառայողները մեր աջակցության կարիքն ունեն: Երբեմն անհրաժեշտ է նրանց բուժումը կազմակերպել արտերկրում: Մենք պիտի խոնարհվենք այն քաջ հայորդիների առաջ, որոնք զենքով, իրենց կյանքը վտանգած պաշտպանում են մեր հողը, պիտի գուրգուրենք նրանց և ոչինչ չխնայենք: Դա մեր բարոյական պարտքն է: Ես տիկին Ռուզաննայի ուղեկցությամբ եղա ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում, այցելեցինք մեր հերոս զինվորներին, որոնք վիրավորվել էին ադրբեջանցիների հրետակոծության ժամանակ: Բառեր չեմ գտնում արտահայտելու հուզմունքս ու հպարտությունս: Սան Դիեգո եմ վերադառնում ոգևորված, ուժեղ և մեր զինվորների համար մեծ գործ անելու վճռականությամբ: Մենք՝ արտասահմանում ապրող հայերս, պաշտում ենք մեր զինվորին:
Սիրելի՛ զինվորներ, մենք ձեզ ենք պարտական, որ ազատ հայրենիք ունենք, ու մենք ձեր կողքին կլինենք մշտապես:
Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #39 (1108) 08.10.2015 - 14.10.2015, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում