Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏԱՏԵԼԸ ՊԱՏԵՐԱԶՄԵԼՈՒՑ ԼԱՎ Է



Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 4-ը ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում անցկացվեց «Անխախտելի եղբայրություն-2015» խաղաղապահ զորավարժությունը: Զորավարժության թեման էր՝ «Խաղաղապահ գործողության նախապատրաստումը և անցկացումը ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի կողմից հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում»: Զորավարժությանը մասնակցում էին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական խաղաղապահ ուժերի կազմում ընդգրկված Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի, Ղրղըզստանի և Տաջիկստանի զինված ուժերի, ինչպես նաև ՀՀ ոստիկանության և ՏԿԱԻՆ ստորաբաժանումները: Ընդհանուր առմամբ, ներգրավված էին շուրջ 600 զինծառայողներ, ավելի քան 50 միավոր ռազմական տեխնիկա, ավիացիոն միջոցներ: Սահմանված օրերի ընթացքում մասնակիցներն անցկացրին զորավարժության սցենարով նախատեսված խաղաղապահ գործողությունների իրականացման գործնական վարժանքներ:

Սեպտեմբերի 30-ին տեղի ունեցավ զորավարժության հանդիսավոր բացումը: Ողջունելով զորավարժության մասնակիցներին՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը կարևորեց զորավարժության անցկացումը ՀՀ տարածքում և նշեց, որ ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում տարբեր տարածաշրջաններում հակամարտությունների առաջացման հավանականությունը չափազանց բարձր է, ընդ որում՝ հաճախ անհնար է դառնում դրանց խաղաղ կարգավորումը: Եվ նման իրավիճակում պարզապես անհրաժեշտ է ձևավորել խաղաղապահ առաքելությունների իրականացման հստակ մեխանիզմներ ու հետևողականորեն աշխատել դրանց կատարելագործման ուղղությամբ: ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հորդորեց թերահավատորեն չմոտենալ այն փաստին, որ զորավարժությանը ներգրավված է սահմանափակ զորախումբ՝ ընդամենը 600 զինծառայող. փոքր ուժերով հնարավոր է մեծ խնդիրներ լուծել: Հատկապես այն դեպքում, երբ ուզում ես խաղաղություն հաստատել: Խաղաղապահ գործողությամբ զբաղվելը միշտ էլ ավելի հաճելի է, քան պատերազմելը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովն իր հերթին նշեց, որ «Անխախտելի եղբայրություն-2015» զորավարժությամբ ավարտվում է միացյալ ուժերի համատեղ մարզումների հերթական ու շատ կարևոր փուլը: Նրա խոսքերով՝ ՀԱՊԿ Հավաքական ուժերը մարտունակ են, ի զորու են ապահովելու ՀԱՊԿ տարածքի, ինչպես նաև կառույցի անդամ պետություններից յուրաքանչյուրի անվտանգությունը: Ավելին, ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը հասել են զարգացման այնպիսի մակարդակի, որ կարող են ավելի լայնածավալ խնդիրներ լուծել, այդ թվում՝ ՄԱԿ-ի հովանու ներքո:

Բազմազգ զորախմբի ստորաբաժանումները շարվեցին հանդիսավոր տողանի: Բարձրացվեցին մասնակից պետությունների պետական և ՀԱՊԿ դրոշները: Զորավարժությունն սկսված է:

Առաջին օրը մասնակից ստորաբաժանումների և ՀԽՈՒ հրամանատարական կազմի համար պարզաբանվեցին խաղաղապահ գործողությունների անցկացման, հակամարտության գոտիներում խաղաղապահ ուժերի ձևավորման և վերախմբավորման, ինչպես նաև անհրաժեշտ փաստաթղթերի նախագծերի մշակման հարցերը: ՀԱՊԿ ՀԽՈՒ ազգային ստորաբաժանումների անձնակազմը ծանոթացավ զորավարժությանը ներգրավված սպառազինության և ռազմական տեխնիկայի բնութագրերին, դաշտային հոսպիտալի բացազատման, տեղանքի հումանիտար ականազերծման խնդիրների կատարման առանձնահատկություններին: Գործնական պարապմունքների ժամանակ պարզաբանվեցին խաղաղապահ գործողությունների անցկացման գոտում մարդասիրական բեռների ուղեկցման, անցակետերում և դիտակետերում պարեկային հերթապահության և ծառայության կազմակերպման հետ կապված որոշակի հարցեր: Գործնական պարապմունքներին մասնակցել են նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները, ովքեր ՀԱՊԿ ՀԽՈՒ ազգային ստորաբաժանումների անձնակազմին ծանոթացրել են խաղաղապահ գործողությունների անցկացման շրջանում միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կիրառման սկզբունքներին:

Զորավարժության հաջորդ փուլի ընթացքում ուսումնասիրվել են նաև խաղաղապահ գործողության կազմակերպման և ՀԱՊԿ ՀԽՈՒ ստորաբաժանումների կողմից պատասխանատվության տեղամասերի զբաղեցման հարցերը: Զորավարժության սցենարի համաձայն` ՀԱՊԿ ՀԽՈՒ Միացյալ հրամանատարությանն է հանձնվել խաղաղապահ գործողության անցկացման մանդատը, և գործողությունների ղեկավարումը ստանձնել է ձևավորված ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի Միացյալ շտաբը:

«Անխախտելի եղբայրություն-2015» զորավարժության ծրագիրը հագեցած էր նաև մշակութային միջոցառումներով: Հոկտեմբերի 2-ին զորավարժության մասնակից ազգային ստորաբաժանումների անձնակազմը եղել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում, Հայաստանի պատմության թանգարանում: Խաղաղապահներն այցելել են նաև Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Զորավարժությունների պաշտոնական մեկնարկի առաջին օրվանից «Բաղրամյան» զորավարժարանի վրանային ավանում անցկացվել են նաև սպորտային և մշակութային միջոցառումներ: Ամեն երեկո նվիրված է եղել զորավարժության մասնակից ՀԱՊԿ անդամ պետություններից մեկին: Խաղաղապահների բազմազգ զորախումբը հավաքվել է խարույկի շուրջ, իսկ ՀՀ ՊՆ Սպայի տան «Զորական» համույթը, մասնակից պետությունների զինծառայողները հանդես են եկել հայրենասիրական և ազգային երգերի կատարմամբ:

Հոկտեմբերի 30-ին անցկացվեց զորավարժության եզրափակիչ փուլը, որին հետևեցին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ ոստիկանության բարձրաստիճան սպաներ, ԱԺ պատգամավորներ, ՀԱՊԿ քարտուղարության և ՀԱՊԿ Միացյալ շտաբի, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ՄԱԿ-ի և ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, ռազմական կցորդներ: Սցենարի համաձայն՝ անօրինական զինված խմբավորումները անկարգություններ են կազմակերպել ՀԱՊԿ խաղաղապահ գումարտակի պատասխանատվության գոտում գտնվող բնակավայրերում: Բնակչության հետապնդումից զատ, նրանք թունավորել են խմելու ջրի աղբյուրները, ոչնչացրել սննդի պաշարները: Տվյալ անօրինական գործողությունները կատարելիս հանցավոր խմբի անդամներն օգտագործել են խաղաղապահների համազգեստ, ինչը խաղաղ բնակչության շրջանում որոշակի թշնամանք է առաջացրել խաղաղապահ ստորաբաժանման հանդեպ: Իրավիճակը շտկելու նպատակով գյուղերի ավագանու և հոգևոր առաջնորդների հետ բանակցություններ են վարում համապատասխան փորձառություն ունեցող սպաները: Նրանք կարողանում են բացատրել, որ խաղաղապահ ստորաբաժանման զինծառայողները կապ չունեն կատարված հանցագործությունների հետ: Արդյունքում՝ պայմանավորվածություն է ձեռք բերվում հումանիտար բեռներ բնակավայրեր հասցնելու վերաբերյալ: Դրա տեղափոխումն ու բաշխումը վերահսկում են ԿԽՄԿ դիտորդները: Վերականգնելով խաղաղ բնակչության վստահությունը՝ խաղաղապահները կարողանում են նաև տեղեկություններ ստանալ հանցագործների մոտավոր տեղակայման մասին: Կատարվում է հետախուզություն անօդաչու թռչող սարքի միջոցով: Ահաբեկիչների մի խումբ հայտնաբերվում է լքված շինություններից մեկում: Անմիջապես տվյալ տարածքը մեկուսացվում է, և ոստիկանության հատուկ նշանակության ստորաբաժանումը գրոհում է շենքը՝ դեսանտ իջեցնելով ուղղաթիռից: Վայրկյաններ անց հանցագործները իրավապահների ձեռքերում են: Չեզոքացվում է նաև օգնության շտապող երկրորդ զինված խմբավորումը:

Աստիճանաբար խնդիրներն ավելի են բարդանում: Պարեկություն կատարող խաղաղապահները հայտնաբերում են ՄԱԿ տարբերանշանով պայթեցված մեքենա, կան վիրավորներ: Գործի են անցնում սակրավորները՝ տարածքը մաքրելով ականներից: Կազմակերպվում է վիրավորներին առաջին բուժօգնության տրամադրումը և տարհանումը: Քիչ անց արդեն պարեկների մեքենաներից մեկն է պայթեցվում և հայտնվում ահաբեկիչների ուղիղ կրակի տակ: Կրկին կան վիրավորներ: Պարեկային խմբի հրամանատարը որոշում է ընդունում անցնել շրջանաձև պաշտպանության: Օգնության է հասնում արագ արձագանքման խումբը, և հակառակորդը, կորցնելով առավելությունը, ջախջախվում է: Տվյալ դրվագում կիրառվում են ՄԻ-24 և ՄԻ-8 ուղղաթիռներ:

Վարժանքների հաջորդ փուլում թշնամաբար տրամադրված ամբոխը մոտենում է խաղաղապահ գումարտակի հսկիչ-անցագրային կետին: Շատերն ունեն երկաթյա ձողեր եւ քարեր, դատարկ շշեր են նետում զինծառայողների ուղղությամբ: Իրավիճակը գնալով թեժանում է: Բանակցությունները արդյունք չեն տալիս, դժգոհ ամբոխը պահանջում է անհապաղ վերացնել տվյալ անցակետը: Նման բարդ իրավիճակում զինծառայողների երկշարք խումբը վահաններով փորձում է հետ շպրտել անկարգություն հրահրողներին, սակայն փոխարենը խաղաղապահներին առևանգելու փորձեր են կատարվում: Արդյունքում՝ կիրառվում է ջրցան մեքենա, խմբավորման առաջնորդներից մեկը ձերբակալվում է, և ամբոխը ցրվում է:

Եվ վերջապես սկսվում է զորավարժության վերջնական և ամենակարևոր դրվագի խաղարկումը: Հայտնաբերվում է ահաբեկիչների ճամբարը: Այն շրջապատվում է: Հետախուզական տվյալներ ստանալուց հետո առաջինը կրակ են բացում ականանետային հաշվարկները, ապա ահաբեկիչների դիրքերին հարվածներ են հասցնում ուղղաթիռները: Հանկարծակի գրոհը անակնկալի է բերում զինյալներին, և քիչ անց նրանք արդեն ոչնչացված են: Ուղղաթիռներից իջեցված դեսանտը փակում է նրանց նահանջի ճանապարհը և վնասազերծում դիմադրողներին: Հատկանշական է, որ բոլոր գործողություններն իրականացվում են՝ հաշվի առնելով շրջակայքում խաղաղ բնակչության առկայությունը և ուժի կիրառման անհրաժեշտությունը:

Զորավարժության մեջ ներգրավված ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի ազգային ստորաբաժանումները խաղարկեցին սցենարով նախատեսված մի շարք ակտիվ գործողություններ՝ խաղաղապահ գործողությունների անցկացման գոտում մարդասիրական բեռների ուղեկցում, անցակետերում և դիտակետերում պարեկային հերթապահություն և ծառայության կազմակերպում, հակամարտող կողմերի տարանջատում և չեզոք գոտու ստեղծում, զինյալների կողմից զավթված շենքերի և պատանդների ազատագրում, պայմանական բնակավայրի վրա ահաբեկիչների հարձակման հետմղում, զինյալների ճամբարի հայտնաբերում և այլն: Ստորաբաժանման գործողություններից հրամանատարությունն ընդհանուր առմամբ գոհ էր:

ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆ
ՀՀ պաշտպանության նախարար

Զորավարժությունը հասավ իր նպատակին, այն է՝ ամրապնդել փոխըմբռնումը և համագործակցությունը զորավարժություններում ներգրավված ՀԱՊԿ անդամ երկրների խաղաղապահ զորախմբերի միջև, խաղաղապահ գործողության նախապատրաստման փուլում և խաղաղապահ խնդիրների լուծման ընթացքում ՀԱՊԿ ՀԽՈՒ զորախմբերի (ստորաբաժանումների) կառավարման բոլոր մակարդակների հրամանատարների և շտաբների գործնական հմտությունների բարելավումը, հակամարտության դադարեցման և մեկուսացման խնդիրների լուծման միասնական մտահղացման մշակումը:

Խաղաղապահ ստորաբաժանումների զորավարժություններ Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացվում էին առաջին անգամ, ստորաբաժանումները գործեցին ներդաշնակ և զորավարժության սցենարով նախատեսված ու առաջադրված խնդիրները հաջողությամբ կատարեցին: «Անխախտելի եղբայրություն-2015» զորավարժությանը ներկա էր ՄԱԿ-ի դիտորդական պատվիրակությունը, ապահովված էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների մասնակցությունը: Կառույցներ, որոնք պատասխանատու են խաղաղապահ գործողությունների կազմակերպման և ապահովման համար:

Վստահ եմ, որ անհրաժեշտության դեպքում ՀՀ ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանումները կկարողանան պատվով կատարել առաջադրված խնդիրները, եթե ՀԱՊԿ-ն որևէ վայրում խաղաղապահ առաքելություն իրականացնելու որոշում կայացնի: Մեզ համար շատ կարևոր է ոչ միայն պահպանել մեր երկրի սահմանները և ապահովել մեր ժողովրդի խաղաղ արարումը, այլև նպաստել այլ վայրերում խաղաղության հաստատմանը:

ՆԻԿՈԼԱՅ ԲՈՐԴՅՈՒԺԱ
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերը զորավարժության ընթացքում ցուցադրեցին պատրաստվածության բարձր մակարդակ և պատրաստ են խաղաղության աջակցման խնդիրների ու գործողությունների կատարմանը: Նման զորավարժությունների անցկացումը կարևոր է, և, հաշվի առնելով աշխարհում տիրող իրավիճակը, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը հատուկ նշանակություն է տալիս կազմակերպության ուժային բաղադրիչի զարգացմանն ու արդյունավետության բարձրացմանը:

ԱՐԹՈՒՐ ՍԻՄՈՆՅԱՆ
ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր

Զորավարժությունը մեզ՝ հայերիս համար նորություն չէր: Մենք բազմիցս մասնակցել ենք նմանատիպ վարժանքների: Պարզապես ցանկացած զորավարժություն ինքն իրենով փորձի փոխանակում է, նաև նոր ծանոթություն, ընկերություն: Այսինքն՝ տարբեր ազգերի ներկայացուցիչներ ճանաչում են իրար, փոխադարձ վստահություն է առաջանում: Դա համատեղ բազմազգ գործողությունների ժամանակ չափազանց մեծ դեր է խաղում: Այս զորավարժությունը մեր մարտական պատրաստությամբ ձեռք բերված գիտելիքների և փորձի ստուգում էր, հաստատում էր, նաև կատարելագործում: Ես մեր ստորաբաժանման գործողությունները բարձր եմ գնահատում:

Արսեն ԱՂԵԿՅԱՆ
Լուսանկարները՝ Արեգ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #39 (1108) 08.10.2015 - 14.10.2015, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում, Ռազմաքաղաքական


08/10/2015