ՊԱՏՎՈՎ ԾԱՌԱՅԵ՛Ք ԵՎ ՊԱՏՎՈՎ ԷԼ ՏՈՒՆ ՎԵՐԱԴԱՐՁԵ՛Ք
Ժամանակը չի սպասում, այն այնքան արագ է թռչում …
Հավատս չի գալիս` ո՞նց մեծացաք …
Մեր որդիները` Ռուբիկ և Ռուդիկ Սողոմոնյանները, զինվոր են, ծառայում են հայոց բանակում. պաշտպանում են հայրենիքի խաղաղությունը և տղամարդու պես հաղթահարում դժվարությունները: Նրանք ծնունդով Սյունիքից են, և երկուսն էլ ընդհատել են ուսումը բարձրագույն ուսումնական հաստատություններում, որպեսզի պաշտպանեն հայրենի հողը:
Հոկտեմբերի 6-ին մեր ավագ որդու` Ռուբիկի ծննդյան օրն է, որը ծառայում է ԶՈՒ զորամասերից մեկում:
-Ռուբո՛ ջան, որդի՛ս, շնորհավորում ենք քո 20-ամյա հոբելյանը:
Այսօր դու այն նշում ես դիրքերում` մարտական ընկերներիդ հետ: Մաղթում ենք քեզ և քո ընկերներին խաղաղ, անփորձանք ծառայություն:
Որդի՛ս, դու սերժանտ ես, կատարում ես պատասխանատու գործ ու սրբազան պարտք հայրենիքի հանդեպ:
Մենք հպարտանում ենք քո տղամարդկային ոգով և վարքագծով, դու լավ օրինակ ես եղբորդ՝ Ռուդիկի համար, որը ծառայում է քեզնից հեռու՝ մեկ այլ զորամասում:
-Ռուդի՛կ ջան, Սյունյաց չքնաղ երկրից ջերմ-ջերմ բարևներ քեզ և քո զինվոր ընկերներին:
Վայրկյաններն ենք հաշվում, որ ամուր գրկենք ձեզ:
Պատվով ծառայե՛ք և պատվով էլ վերադարձե՛ք հայրենի օջախ` իրականացնելու ձեր նվիրական իղձերը:
Իմ զավակներ, ձեզ զինվորական համազգեստով տեսնելիս հոգումս հպարտության ալիք է բարձրանում, սիրտս լցվում է կարոտով, անսահման երջանիկ եմ և հպարտ, որ ունեմ երկու քաջ զավակ:
Իմ սիրելի որդիներ և սիրելի հայ զինվորներ, դուք եք պաշտպանը մեր հայրենիքի, վեհ ու բարձր պահեք հայ ազգի անունը և ձեր մարտական պատրաստվածությամբ օգտակար եղեք, ամուր կանգնեք մեր սահմանին, եղեք աչալուրջ:
Հիշե՛ք, թշնամին անզոր է մեր միասնական ուժի դեմ:
Օգտվելով առիթից՝ շնորհակալություն եմ հայտնում հայկական բանակի հրամանատարությանը, որ մեր որդիներին դաստիարակում, քաջարի մարտիկ է դարձնում:
Եվ թող մեր սպաները զինվորի մեջ տեսնեն իրենց հարազատ որդուն:
Թող հայոց առավոտները խաղաղ բացվեն:
Թող հավերժ խաղաղություն լինի մեր հողում:
Մեր բարեմաղթանքներին միանում են նաև մեր բոլոր հարազատները:
Մայրական ջերմ օրհնանքով`
Լուսինե Աբրահամյան