ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԱԼԱՎԻՆԵՐԸ
Հարգելի խմբագրություն, վերջին ժամանակներս ավելի շատ ենք լսում Սիրայում ապրող ալավիների մասին: Կուզեի իմանալ՝ ովքե՞ր են ալավիները՝ մահմեդակա՞ն, եթե՝ այո՛, ապա ինչո՞վ են նրանք տարբերվում մյուս մահմեդականներից:
Հակոբ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
կրտսեր սերժանտ
Ալավիները ալավիզմի հետեւորդներն են, որ լայնորեն տարածվել են Մերձավոր Արեւելքում մոտավորապես IX դարում: Չնայած բազմադարյա պատմությանը` ալավիզմի մասին քիչ բան է հայտնի: Պատճառն այն է, որ այս կրոնական ուսմունքի հետեւորդներին արգելվում է բացահայտել ալավիզմի հիմնադրույթները: Ենթադրվում է, որ ալավիզմը ձեւավորվել է շիաականության՝ մահմեդական գլխավոր ուղղություններից մեկի հիման վրա: Սակայն այն զգալիորեն տարբերվում է նրանից, մանավանդ՝ սուննիզմից: Տեսեք` ալավիները տոնում են որոշ քրիստոնեական տոներ, ինչպիսիք են Զատիկն ու Սուրբ Ծնունդը, եւ օրվա ընթացքում միայն երկու անգամ են աղոթում (նամազ անում)` թեեւ իսլամը նախատեսում է հինգ նամազ: Ալավիները չեն այցելում մզկիթներ եւ մերժում են Շարիաթը (մահմեդական կարգադրությունների ու արգելքների ամբողջություն): Բացի այդ, նրանց թույլատրվում է ալկոհոլ օգտագործել:
Ելնելով վերոնշյալից, պարզ է դառնում, թե ինչու են (հաշվի առնելով նաեւ քաղաքական ենթատեքստը) Մերձավոր Արեւելքի սուննիական երկրները բացասաբար վերաբերվում սիրիական վարչակարգին, որում իշխանություն է ալավիական փոքրամասնությունը՝ Բաշար Ալ-Ասադի գլխավորությամբ: Դամասկոսը տարածաշրջանում կարողանում է բարիդրացիական հարաբերություններ պահպանել միայն շիական Իրանի եւ լիբանանյան Հեզբոլլահ շարժման հետ: Սուննիական պետություններն էլ Ասադին եւ մյուս ալավիներին համարում են հերետիկոսներ, որոնք, ըստ նրանց, վիրավորում են իսլամը իրենց իսկ գոյությամբ:
ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՄԵՆԱՏԱՐԱԾՎԱԾ ԿՐՈՆԸ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆՆ Է
Քրիստոնյաներից և մահմեդականներից հետո աշխարհում ամենաբազմամարդ խումբը կազմում են աթեիստները` ավելի քան մեկ միլիարդ մարդ: Նման եզրակացություն է պարունակում «Համաշխարհային կրոնները և նրանց տարածումը» զեկույցը:
Փորձագետների տվյալներով` ամենատարածված կրոնն աշխարհում քրիստոնեությունն է` այն ունի 2,2 միլիարդ հետևորդ, կամ Երկրի բնակչության 31,5 տոկոսը: Նրանց մոտավորապես կեսը Հռոմի կաթոլիկ եկեղեցու հետևորդներ են, բողոքականները կազմում են 37 տոկոսը, ուղղափառները` 12 տոկոսը:
Տարածվածությամբ երկրորդ կրոնն աշխարհում իսլամն է: 2010թ. նրա հետևորդների թիվը կազմել է 1,6 միլիարդ մարդ` երկրագնդի բնակչության 23 տոկոսը: Նրանց մեծ մասը սուննիզմի հետևորդներ են, շիա մահմեդականներն ընդհանուր թվի 10-13 տոկոսն են կազմում:
Ոչ մի կրոնի չհետևողների թիվը, ըստ վերլուծաբանների հաշվարկների, 1,1 միլիարդ է, որից 700 միլիոնն ապրում է Չինաստանում, 72 միլիոնը` Ճապոնիայում, և ավելի քան 50 միլիոնը` ԱՄՆ-ում:
Խորագիր՝ #40 (1109) 15.10.2015 - 21.10.2015, Բանակ և հասարակություն, Ռազմաքաղաքական