Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՐ ԶԱՎԱԿՆԵՐԻ ԵՐԱԶԱԾ ԲԱՆԱԿԸ



Ամենակարող Տեր, թող խաղաղությամբ,
լույսով բացվի զինվորի համար ամեն օրը…

2015թ. օգոստոսին պաշտպանության նախարարության աջակցությամբ ԵՊՀ-ի «Վարդանանք» ռազմահայրենասիրական ակումբի 75 անդամներ շրջագայության մեկնեցին Արցախ աշխարհ, այցելեցին հոգեւոր կենտրոններ, սրբավայրեր, հանդիպեցին նաեւ մեր այդ գողտրիկ ու չքնաղ աշխարհի խաղաղությունն ու անդորրը պաշտպանող ու պահող զինվորներին:

Ես՝ որպես զոհված ազատամարտիկի մայր, առաջին անգամ էի վարդանանքցիների հետ մեկնում Արցախ: Ինձ ոգեւորողը «Վարդանանք» ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանն էր, որն արդեն երկար տարիներ համալսարանական ազատամարտիկների ծնողներին, հարազատներին միավորում է ակումբի կազմում՝ դարձնելով մի ընտանիքի անդամ:

Ինձ համար ուխտավայր է Արցախը. որդիս՝ Զաքարը, համալսարանի պատմության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող, հայրենիքի ազատագրումը ամեն ինչից վեր դասելով՝ մեկնել էր Արցախ, բազմաթիվ մարտերի մասնակցել ու իր երիտասարդ կյանքը զոհել հայրենիքի խաղաղության եւ ապահովության համար:

Մեծ հուզումով միացա խմբին, ուզում էի անձամբ տեսնել այն վայրերը, որտեղ կռվել էր որդիս: Թե հոգումս ինչ էր կատարվում, ինձ կհասկանա միայն զավակ կորցրած մայրը® Ամեն քայլափոխի մտքերս փոթորկվում էին, ամեն քար ու թփի կողքով անցնելիս մտածում էի՝ տեսնես Զաքարս այստեղով չի՞ անցել® Հաստատ անցել է՝ հուշում էր ներքին ձայնս®.

Տղաս այդ տարիներին ամենուր էր. մասնակցում էր պատերազմական գործողություններին, միշտ ամենաթեժ կետերում էր, նրան մեկ կտեսնեիր զինվորների հետ Թարթառի կամրջի մոտ՝ ջրամբարը հսկելիս (որ հանկարծ թշնամին չպայթեցնի), մեկ՝ հետախուզության գնալիս, մեկ էլ՝ քարտեզ գծելիս ու նորակոչիկներին զենքին վարժեցնելիս: Հագուստի, զենքի ու սննդի, դեղորայքի հարցերն էր կարգավորում, զուգահեռ հասցնում էր մասնակցել նաեւ խորհրդարանի նիստերին®

Այս ամենը Զաքարիս մասին հետագայում մարտական ընկերներից եմ իմացել՝ «Ցեղակրոն» ջոկատի մարտիկներից` Վահրամից, Սամվել Մանուկյանից, Ժիրայր Գաբրիելյանից, Արթուր Առստամյանից®

Վարդանանքցիների ակումբի նախագահ Սաթենիկի, Քեյթի, Կոմանդոսի, զոհված ազատամարտիկների հարազատների ուղեկցությամբ շրջում էինք Արցախի զորամասերով: Մեծ տպավորություն թողեց N զորամասի զինվորների եւ հրամկազմի հետ հանդիպումը: Ինձ համար, անկեղծ ասած, միաժամանակ ե՛ւ շատ հուզիչ էր, ե՛ւ շատ ցավալի լինել այդ վայրում. Թալիշում զոհվել էր քրոջս որդին` Մխիթարը… Նա տանկիստ էր…

Զինվորները մեծ խանդավառությամբ շփվեցին ակումբի անդամների հետ, միասին երգեցին, պարեցին: Զինվորները շատ էին ոգեւորվել մեր այցից:

Հրամկազմի աջակցությամբ զինվորները մեզ ուղեկցեցին դարերի պատմություն ունեցող Երեք Մանկունք եկեղեցի: Եկեղեցում ամեն մեկս իր սրտի խոսքն ուղղեց առ Աստված, բայց երեւի այդ պահին բոլորիս ցանկությունը, աղոթքը մեկն էր՝ Ամենակարող Տեր, թող խաղաղությամբ, լույսով բացվի զինվորի համար ամեն օրը…

Հանդիպեցինք նաեւ տարբեր զորամասերի զինվորներին եւ հրամկազմին: Բոլոր զորամասերում վարդանանքցիներին դիմավորում էին մեծ ուրախությամբ ու խանդավառությամբ: Ես այդ հանդիպումների ժամանակ մեծ ուշադրությամբ զննում էի, թե ինչ վիճակում են, ինչ պայմաններում են ծառայում մեր հայրենիքի սահմանները պաշտպանող տղաները: Ամենակարեւորը՝ զինվորների տրամադրությունը բարձր էր, ոգին՝ մարտական, ամուր, վճռական ®

Ինձ անասելի ուրախություն պարգեւեց մեր զորամասերի կազմակերպվածությունը, մաքուր ու կոկ վիճակը, մեր զինվորների՝ մեկը մյուսի հետ շփվելու բարձր կուլտուրան: Իմ որդին` Զաքարը, դեռ 1988-89 թվականներին երազում էր նման բանակ ունենալու մասին:

Հպարտությամբ եմ բարձրաձայնում՝ իմ որդու` Զաքարի երազած հզոր բանակը իրողություն է: Այն կայացել է մեր որդիների նվիրվածության, անձնվիրության, մեծագույն ջանքերի շնորհիվ:

Մեր զոհված որդիների երազած բանակը իրականություն է®

Կարինե ԱՎԱՆԵՍՅԱՆ
զոհված ազատամարտիկի մայր

Խորագիր՝ #40 (1109) 15.10.2015 - 21.10.2015, Բանակ և հասարակություն


15/10/2015