ՎԱՐՁԿԱՆՈՒՀԻՆ ԵՎ ԳԵՆԵՐԱԼԸ
18
Այդ օրը` բախտորոշ այդ ժամին, ես ինքս ինձ համար անսպասելի-արտասովոր (առաջին հայացքից միայն աննշան թվացող) բացահայտում արեցի, որի նախադրյալները վաղուց աչքիս առաջ էին, սակայն մի կողմ ընկած` անջատ-անջատ: Եվ երբևէ չէի մտածել դրանք իրար կապակցելու կամ համադրելու մասին, որպեսզի կարելի լիներ թերևս խելքին մոտ հետևություն անել: Երբ հոգեկան ու հոգեբանական դժվարին անդրադարձի շնորհիվ մեկ առ մեկ վերհիշում էի իմ կյանքում՝ ինձ հետ կատարված իրադարձությունների տխուր վիճակագրությունը, մտաբերում էի զանազան «ավելորդություններ», զարմանալի մի զուգադիպությամբ տեսնում էի, որ շարունակ դեմ եմ առնում անժխտելի մի իրողության, անհերքելի փաստի, որի գոյությունն այլևս անհնար էր ուշադրության չառնել… Հենց նա` այդ անհանգիստ, դեգերող հոգին` Մարգուշա կոչվածը, ով իր ամբարիշտ-բռնկուն խառնվածքի պատճառով ոչ մի ընկերախմբի չէր պատկանում («չեղած բանից» կարող էր շատ հանգիստ լեզվակռիվ սարքել և գործը հասցնել իրար երես ճանկռելուն, մինչև անգամ տղայական քաշքշուկ հրահրել տարբեր թևերի միջև), որոշ ժամանակից սկսած` կասկածելի-տարօրինակ մի հաջորդականությամբ կողքիս էր հայտնվում ինձ համար այնպիսի ծայրահեղ` դրամատիկ (ողբերգական) դեպքերի ընթացքին, երբ, մեղմ ասած, նրա կարիքը չէր զգացվում, նրա լինել-չլինելը ինձ՝ իմ միտքը ամենից քիչն էր զբաղեցնում:
Նա էր, որ «վտարանդի» ծնողիս անհետանալու երկրորդ օրը թաղային տեսուչին հայտնել էր, թե պատահմամբ նկատել է` ինչպես է հանգուցյալ հայրս ինքնաշեն փայտյա սանդուղքով մեր տան տանիք բարձրանում… Դեռ սգո արարողությանը հաջորդող օրերին էլ գալիս էր ինձ սփոփելու: Եվ դարձյալ միստիկ հետևողականությամբ շարունակում էր բուսնել այն տեղերում, որտեղ նրա ի հայտ գալը առնվազն տարակուսանք էր հարուցում: Գուցե պատահականորեն, գուցե զավեշտալի մի համընկնումով Մարգուշան մոտերքում էր եղել հենց այն միջոցին, երբ ես նվաղել-կորցրել էի գիտակցությունս ու վայր ընկել անօգնական…Հետո նա ինձ հիվանդատես եկավ` դեղձի ջեմով բլիթներ հետը վերցրած (ամեն ինչ շատ արագ էլ ավարտվում էր մեր միջև. մի քանի կցկտուր մտքերի փոխանակում` հիմնականում մորս ներկայությամբ և վերջ): Եվ եթե նույնիսկ Մարգուշայի հոգատար-կարեկցական վերաբերմունքը վերագրելու լինեի պարզագույն քաղաքավարությանն ու մարդկային խղճմտանքին` որպես պարտքի -պարտավորվածության արգասիք, քանի որ քիչ չէին «դատարկ տեղում» նրա շուրջ ծագած միջադեպերը, որոնց ականատեսն ու ակամա մասնակիցն էի նաև ես (չէի կարող չտեսնելու տալ և չպաշտպանել թեկուզ և «չսիրած աղջկա» ոտնահարված պատիվն ու արժանապատվությունը թաղի լոթիների սանձարձակությունից. հաճախ անհավասար պայմաններում` միանգամից երկու-երեք հոգու դեմ, և իհարկե` ինձ համար ոչ շահեկան վերջաբանով, բայց առանց լացուկոծի, ինչը, հնարավոր է, շարժել էր պաշտպանյալիս եթե ոչ սիրտը, ապա գոնե խիղճը), միևնույն է, Մարգուշայի նկարագիրն ինձ համար՝ իմ աչքին ոչ մի կերպ չէր ամբողջանում, չէր տեղավորվում ոչ մի հավանական պատկերի մեջ` այդպես էլ մնալով մինչև վերջ չհասկացված ու թերի…Մինչև որ ինքն իր ձեռքով դիմակազերծ չեղավ իմ առաջ` Մարիայի խնդրանք-հանձնարարականով անհասցե ծրարն ու ընծան հանձնելիս (թե ոնց էր հաջողացրել սրա նման պահպանողական-ռեակցիոն հայացքների տեր անձնավորությանը իր ճանկը գցել, ապշել կարելի է), որով էլ կարծես իր գոյության փաստի հետ հաշվի նստելու հայտ էր ներկայացնում: Ցանկանում էի, թե ոչ: Սրտովս էր, թե ոչ:
-Գիտեմ վաղուց` չես ուզում երեսս տեսնել, խուսափում ես իմ ընկերությունից, որովհետև տհաճ է քեզ իմ ներկայությունը:-Թվաց` ծծմբաթթու ցփնեցին դեմքիս, այնպես բզկտող, այնքան անազնիվ ու անհիմն էր «մեղադրանքը», որն արտահայտելու համար ընտրվել էր ամենաազդեցիկ-ամենաանգութ միջոցը` կամավոր ինքնանվաստացումը, բայց որը քողարկված «դատավճռի» նշանակությամբ էր մատուցվում, միայն թե «մեղքի գիտակցումը» իսպառ բացակայում էր ինձանում. չէ որ ոչ մի անպարկեշտ պահվածք, ոչ մի բռի արարք, որ կարող էր խոցել-վիրավորել նրա աղջկական ինքնասիրությունը, ես ինձ երբևէ թույլ չէի տվել: Ընդհակառակը` սատարել, օգնել էի, ինչպես կարողացել էի, թեկուզ և մորս չվշտացնելու համար: Մայրս բարեկամական կապեր էր պահպանում Մարգուշայի ընտանիքի հետ դեռևս այն օրից, երբ մեզ երկուսիս մկրտել էին միևնույն եկեղեցում` նույն ավազանի մեջ, շատ հարգարժան մարդու քավորությամբ (հին երևանցիները, քաղաքի որ ծայրում էլ ապրելիս լինեին, ուր էլ գնային, չէին մոռանում իրար և միշտ մի տան պես էին իրենց բոլոր առանձնահատկություններով ու սովորություններով հանդերձ` լիներ մանկան ծնունդ, հարսանիք, թե թաղում): Ես էլ միշտ ինձ չափի ու կշռի մեջ էի պահում, ինչ Մարգուշան սովորելու տեղափոխվեց մեր դպրոց…Ոչ ոք դեռ երբեք չէր դիմել ինձ այդպիսի հանդուգն-անպատկառ հանդիմանությամբ, որի անմիջական և սրտաճմլիկ եղանակն ինձ ստիպեց մի պահ իսկապես էլ մեղավոր զգալ, թեպետ չէի կարող հստակ գիտակցել` ինչի համար:-Բայց, մեկ է, պետք է հիացմունքս հայտնեմ քեզ, Սողոմո՛ն, քանի որ շատ խելամիտ վարվեցիր և չգնացիր նրա հետևից, չլքեցիր մորդ, քրոջդ` Սոֆիկին…Առանց քեզ, քո ներկայության կյանքն անտանելի կլիներ… նրանք քո կարիքը ունեն ամեն քայլափոխի:-Ընտանեկան արժեքներին «նվիրված» Մարգուշայի դատողությունները կարելի կլիներ տեղին և մինչև իսկ նրբանկատ համարել, եթե միայն զերծ լինեին, ինչպես ինձ թվաց, բանսարկության ակնհայտ տարրերից, որոնք նա բանեցնում էր ոսկերչական ճշգրտությամբ (զգուշավոր)՝ արյունակցական կապվածության մտերմիկ ֆոնին` իր խոսքին խառնելով անկեղծ սրտակցություն և թախիծ, ինչը, սակայն, չէր կարող շեղել ուշադրությունս մեկ այլ արատավոր երևույթից, որը նա ամբարտավանորեն էլ ի ցույց էր դնում: Հավատացած եմ` դիտմամբ:
Ինձ համար այլևս գաղտնիք չէր. Մարգուշան տիրապետում էր իմ և Մարիայի միջև կայացած «սրբազան զրույցի» այնպիսի մանրամասնության, որը որոշակի լույս էր սփռում «Մ+Մ» դաշինքի որդեգրած հավանական մարտավարության վրա, ինչն էլ ինձ հունից հանեց.
-Քեզ ո՞վ ասաց, գրողի տարած,- վրա պրծա փրփուրը բերանիս:
-Ուղտը,- տեղի տվեց վախեցած:
-Ո՞նց հաջողացրիր, հը՞, կեղծավորի մեկը…
-Ասա, ինչ ուզում ես, ասա՛, ինչ խելքիդ կփչի…հայհոյիր, անպատվիր, ինչքան սիրտդ կուզի…Ես ուրիշ ոչինչ չէի էլ սպասում քեզնից, որովհետև միշտ իմացել եմ, որ զզվում ես ինձնից, որ թքած ունես ինձ վրա,- նորից փայտ խրեց խղճիս լարերի արանքը և շատ ցավագին,- ես չեմ նեղանում քեզնից, որովհետև հոյակապ հասկանում եմ քեզ` քո մեծ ու բարի սիրտը: Դու մեղավոր չես, Սողոմո՛ն, մեզնից ոչ ոք մեծ հաշվով մեղավոր չէ, քանի որ բոլորս էլ, մեր կամքից անկախ, տարբեր ուղղություններով ձգտում ենք միեւնույն նվիրական կետին, նույն գերագույն նպատակին, մենակ թե ոչ ոք երբեք էլ չի իմանա, թե մեզնից ով առաջինը վերջնագիծը կհատի…Դրա համար էլ անչափ շատ եմ ուզում, որ հենց դու չսխալվես. գիտեմ, համոզված եմ, որ մտքումդ ծիծաղում ես ինձ վրա, արհամարհում, հիմարի տեղ ես դնում…Թող որ այդպես լինի, թող որ իսկապես էլ աչքիդ փուշը դառնամ, միայն թե, խնդրում եմ, հանուն մեր բարեկամության, հանուն ծնողիդ` սիրելի մորդ…մոռացիր նրան…Մոռացիր Մարիային, բաց թող, թող գնա, հեռու վանիր, ինչքան էլ ցավալի լինի…Եթե անգամ բոլոր սրբերի անունով երդվի քեզ, թե մինչև մահ ու գերեզման հավատարիմ կմնա, կսպասի…մեկ է, վռնդիր, մոռացիր…Թե չէ՝ մի օր կկործանի իրեն էլ, քեզ էլ…Իսկ դու արժանի չես դրան…Դու ինքդ էլ չգիտես, թե ինչի ես արժանի…
Տանել չեմ կարող, երբ կանայք` աղջիկները, «առանց պատճառի» արտասվում են, փսլնքոտվում անտեղի… Մանավանդ անմիջապես էլ կողքից նայողի համար այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե` «նեղում ես ծիտիկին», մինչդեռ չես էլ հասցրել «թռչնակի կտուցից թիթեռը թռցնել»£ Գործն ավելի է բարդանում, եթե մազաչափ պատկերացում չունես` ինչպես, ինչ հարմար խոսքերով թեթևացնես «չսիրած աղջկա» վիշտը, ինչի մասին գաղափար չունես: Մխիթարեցի… մի կերպ, և կարծեմ թե` բանվորագյուղացիական ժանրի տափակություն պետք է եղած լինի, որը ես թխել էի Կոմայգու շատրվանների մոտ հավաքվող «բանասեր» պրոլետարիատի բերանից` «Մարգո՜-Մարգո՛, Մարգարիտա՜-Մարգո՜…»: Մի խոսքով, էժանագին –ցինիկ ֆոլկլյոր, որ սատանան էր հուշել, ինչպես նաև` ֆանֆարոնական ձեռքի մի շարժում, որը ես նույնպես ընդօրինակել էի այգու մութ ծառուղիների մշտական հաճախորդներից (որը անպայման պետք է հաջորդեր երգի բառերին):
«Ապերոյավարի կսմթեցի աղջկա թուշը» և շրթունքներս ուռցնելով էլ սաստկացրի պահի խորհրդավորությունը` «Չարիկդ տանեմ, պստլո»: Խոսքը մեր մեջ` հաջողության հասնելու հույս չունեի, լրիվ հակառակը` սպասելիքս մի շառաչուն ապտակ էր կամ դեռատի կույսին հատուկ կատաղի լուտանք: Մի բան, որ նա սովորաբար անում էր ուրիշների հետ նման իրավիճակներում: Աչքովս եմ տեսել: Այնինչ Մարգուշան հաճելի անակնկալ մատուցեց ինձ և նույնիսկ կարճատև հրճվանք պատճառեց` ի հեճուկս իմ հոռի տրամադրվածության: Նա հիացմունքով հանկարծ շողացրեց այծյամի իր խոշոր, սիրուն աչքերը և արցունքների միջից ժպտաց մի տեսակ հիստերիկ-ջղային…(Կանայք` ոնց որ աշնան միջօրեն` մեկ արև է, մեկ էլ` ամպրոպ, մեկ լալիս են, մեկ` խնդում՝ իրենք իրենց ներսի տաք ու պաղից գլուխ չհանելով, որ դուրս է մարդկային մտքի ամեն տեսակ տրամաբանությունից: Էլ չեմ ասում, որ ես վարժվել էի տեսնելու նրան վրեժխնդիր-հակամարտ ոգիների կերպարում, ինչպես որ ժամանակ առ ժամանակ հայտնվում էր ինձ երազում, բայց ոչ երբեք արցունքն աչքերին):
ԳԱԳԻԿ ՄԱԽՍՈՒԴՅԱՆ
Խորագիր՝ #40 (1109) 15.10.2015 - 21.10.2015, Հոգևոր-մշակութային