Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՈՍԿԵՂՋՅՈՒՐԻ ՏԻՐԱԿԱԼՆԵՐԸ»



Հատվածներ

Գիրքը տպագրվել է Թեհրանում՝ Անի և Արմինե Մանուկյանների մեկենասությամբ: Թարգմանիչ՝ Հարություն Եղնազարյան:

Սկզիբը՝ նախորդ համարներում

Լայն ու հանգստավետ չուստի փոխարեն հագնում էին լաքած կաշվե կոշիկներ: Գործածական էր Եվրոպայի մայրաքաղաքներից երկիր ներկրված շքեղ կահույք, որի վրա դրվում էին արհեստական ծաղիկներ, ինչը շատ մոդայիկ էր:

Կ. Պոլսի տեսքը օրըստօրե փոխվում էր եւ գնալով նմանվում էր 20-րդ դարի քաղաքի, փողոցներում առանց պահակի հսկողության անց ու դարձ չէր լինում, բայց և այնպես, որոշ փողոցներում ձիակառքերի չխկչխկոց էր լսվում: Նորակառույց հյուրանոցները փայլում էին շողշողացող լույսերի մեջ, քանզի սուլթանը զբոսաշրջիկների ծախսած դրամների կարիքն ուներ: Նա վճռականորեն արգելեց հեռախոսային ցանցի օգտագործումը, քանի որ նախարարները նրան համոզել էին, թե այդ ցանցի միջոցով թշնամիները կունկնդրեն իր կարևոր ու երկարատև խոսքերն ու բանակցությունները:

Աբդուլ Համիդը արդեն կենդանի լեգենդ էր դարձել, մանավանդ որ նոր դարի սկիզբը զուգադիպել էր իր գահակալության քսանհինգամյա հոբելյանին: Այդ ընթացքում սուլթանը երկու անգամ բախտի բերմամբ խույս էր տվել ահավոր մահափորձից: Առաջինը պատահեց 1904 թվականին, երբ մի երիտասարդ սպա փորձեց դաշունահարել նրան ի սեփական թատերասրահում` Ելդըզում: Մի տարի անց դինամիտով լցված մի կառք պայթեց սուլթանի ուրբաթօրյա աղոթքի ժամանակ, մզկիթի դռան առջև: Դեպքից հետո հարյուրավոր անմեղ մարդիկ անտեղի չարչարանքի ենթարկվեցին, քանզի սուլթանին հետաքրքրում էր, թե ինչպես է այդքան մեծ չափով դինամիտն իրեն հավատարիմ պահակազորի ուշադիր հսկողությունից վրիպել և անցկացվել նրանց խիտ շարքերի միջով: Փաստորեն ռումբով հարձակումը առաջին նշանն էր հետզհետե զարգացող ու հաճախակի խափանարարությունների, որոնք պետք է դեռ կատարվեին հեղափոխականների ձեռքով: Նրանք բոլորն էլ անշեղ հավատարիմներն էին երիտթուրքերի, որոնք արդեն իրենց իթթիհատականներ («Միություն և առաջադիմություն» կոմիտե) էին կոչում:

1906 թվականին կոմիտեի կենտրոն ընտրվեց Մակեդոնիայի մայրաքաղաք Սալոնիկը, որը երկար ժամանակ սուլթանի ատած խմբավորումների օրրանն էր համարվում, որովհետև Մակեդոնիան, Թուրքիայի մյուս նահանգների համեմատությամբ, ավելի շատ ազգերից էր բաղկացած: Այնտեղ ապրում էին թուրքեր, հույներ, սերբեր, բուլղարացիներ, ալբանացիներ, բոսնիացիներ և կայսրության հրեաների ամենամեծ խմբաքանակը: Մի խոսքով` Մակեդոնիան կատարյալ ու լավագույն վայրն էր, որտեղից կարելի էր հեղափոխություն սկսել ու ղեկավարել£ Նիազի բեյը մի հրաշալի սպայի` Էնվեր բեյի հետ (որը Թուրքիայի զինվորական քոլեջի շրջանավարտ էր) միասնաբար կազմեցին հեղափոխության գործողությունների ծրագիր: Հարմարատեսորեն սուլթանը ներում էր շնորհել Նիազի բեյին և նրան մայորի աստիճան պարգևել, ինչից նա հրաշալիորեն օգտվում էր, որպեսզի հեղափոխական աշխատանքները առաջ մղի առավել շրջահայացությամբ և ուշադրությամբ, քան երբևիցե անցյալում: Երբեմն պատահական պոռթկումներ էին տեղի ունենում երկրում, և թվում էր, թե հեղափոխականների աշխատանքները այնքան էլ կազմակերպված չեն: Աբդուլ Համիդը դրանք համարում էր սովորական դեպքեր, որովհետև երկար ժամանակ լրտեսները սխալ տեղեկություններ էին փոխանցել բանակի իրավիճակի վերաբերյալ և իբր ի պահանջյալ հարկի կտրուկ գործողություն էր պահանջվում, լրտեսները «սուտասան հովվի գայլականչի» վիճակին էին մատնվում, և այդպիսով կարգապահական ուժերի կողմից օգնության ոչ մի անդրադարձ չէր կատարվում:

Հունիսի 11-ին Սալոնիկում ահաբեկվեց մի սպա, երբ նա մայրաքաղաք էր մեկնում իր զեկույցը ներկայացնելու: Այս առնչությամբ 1908թ.-ի մայիսին Աբդուլ Համիդը մի հանձնախումբ գործուղեց հետազոտելու խնդրո առարկայի պատճառը և անմիջապես սպային փոխարինեց մեկ ուրիշով: Հեղափոխական կոմիտեն կռահեց, որ սուլթանի ուշադրությունը կենտրոնացած է իրենց վրա, ուստի օր առաջ հարկավոր էր նոր գործողության դիմել: Վեց օր հետո կրկին ահաբեկվեց ոստիկանության մի ավագ սպա, և ձերբակալվեցին մի շարք բանակայիններ:

1908 թվականի հուլիսի 2-ին Նիազին և Էնվերը սկսեցին բացահայտ գործողությունները: Նիազին կոտրելով դրամարկղը՝ իր հետ վերցրեց գումարտակի ամբողջ հարստությունը և իր հավատարիմ խմբով Օխրիդա լճի հետևում գտնվող լեռները մեկնեց:

Միաժամանակ Էնվերը փախավ Ռեզնայից 150 ընկերներով: Հինգ դարերից հետո սա առաջին անգամն էր, որ ապստամբության դրոշ բարձրացվեց ինքնուրույն մահմեդականների ձեռքով:

Թերևս Աբդուլ Համիդը չէր զգում, թե ինչ վտանգավոր դրության մեջ է: Նրա կարծիքով՝ Մակեդոնիան միշտ ընդդիմադիրների կենտրոն է եղել և թերևս մի զինված գումարտակի միջոցով կարող էր նրանց խնդիրը ընդմիշտ լուծել: Նիազին դավաճան և հանցագործ պիտակավորվեց, բայց Էնվերին սուլթանը որոշեց շողոքորթելով վերադարձնել ու բանտարկել իր մոտ, ուստի նրան մեծ խոստումներով Կ. Պոլիս հրավիրեց: Էնվերը գիտակցաբար նույնիսկ չպատասխանեց նրա հրավերին: Այնուհետև սուլթանը 800-անոց զորք շարժեց դեպի Մակեդոնիայի հյուսիսում գտնվող Մոնաստիր քաղաք: Զինվորները հրաժարվեցին իրենց բանակային ընկերների հետ կռվի բռնվելուց ու դեռ հակազդելով սպանեցին իրենց գլխավոր երկու սպաներին, որոնցից մեկին հենց փողոցի մեջ:

Լուրը կրակի պես տարածվեց, երկրի բոլոր շրջաններից զորքեր շտապեցին միանալու Էնվեր բեյին: Երկրի երրորդ բանակը միանգամայն ապստամբեց, այդ թվում մի տաքարյուն հեղափոխական սպա` Մուստաֆա Քեմալ անունով: Նրանց միացավ նաև երկրորդ բանակը: Դեպքերը մեկը մյուսին հաջորդում էին ապշեցուցիչ արագությամբ: Հուլիսի 23-ին երիտթուրքերը պաշտոնական վերջնագրով տեղեկացրին սուլթանին, որ եթե քսանչորս ժամում Միդհաթ փաշայի կազմած սահմանադրությունը չվերականգնվի, երկրորդ և երրորդ բանակները կշարժվեն դեպի Կ. Պոլիս:

Սուլթանի տեսակետով վերջնագրի ընդունումը կնշանակեր հրաժարվել իր ճնշման քաղաքականությունից, որ Միդհաթին աքսորելուց հետո վճռականորեն գործադրվել էր: Սակայն վերջնագրի մերժումը հավանաբար ներքին խռովությունների պատճառ կդառնար: Ի զարմանս բոլորի` առաջին անգամ լինելով, սուլթանը հիշեց նախարարության խորհրդի գոյությունը և պահանջեց քննարկել կարևոր հարցը:

Գրեթե բոլորը համաձայն էին երիտթուրքերի առաջարկին, սակայն տեղյակ լինելով սուլթանի քինոտ բնավորությանը` ոչ մի նախարար հանձն չառավ որոշումը անձնապես ներկայացնելու սուլթանին: Բոլորը քաջ գիտակցում էին, որ եթե սուլթանը կատաղեր, ամեն բան կավարտվեր նրա ատրճանակի կրակոցով:

Ի վերջո «առաքյալը» ընտրվեց, դա աստղագուշակ Աբդուլ Հյուբան էր, որ պատճառ էր դարձել Եգիպտոսի կորստին, բայց և այնպես, դեռ հարգված էր սնահավատ սուլթանի կողմից£ Աբդուլ Հյուբան սրամիտ էր, ուշիմ և անվախ, հետևաբար, նախարարների խորհուրդը նրբանկատորեն նրան ընտրեց` այն գիտակցումով, որ սուլթանը բարյացակամորեն կընդունի նրան, եթե գուշակը հավաստիացնի, որ այդ առաջարկը «ոգեշնչված հաղորդագրություն է երկնային մարմինների կողմից»: Զգուշացնելու և փաստարկելու համար Աբդուլ Հյուբային, թե ինչքան մոտ էր ներքին պատերազմը, նրան թույլատրեցին քննել սպառնալից մեծաքանակ հեռագրերի հոսքը, որոնք հասնում էին ամեն ժամ կայսրության բոլոր նահանգներից։

Շարունակելի

ՆՈԵԼ ԲԱՐԲԸՐ

Խորագիր՝ #40 (1109) 15.10.2015 - 21.10.2015, Հոգևոր-մշակութային


15/10/2015