Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԾՆՈՒՆԴԴ, ՈՐԴԻ՛Ս



Սիրելի՛ Լեւոն, երկու օրից ծննդյանդ օրն է: Դու արդեն հասուն տղամարդ ես, այնքան հասուն, որ նաեւ քեզ են վստահել հայրենիքի պաշտպանի բարդ ու պատասխանատու, միաժամանակ հպարտություն ու վստահություն ներշնչող նվիրական գործը: Այս տարի առավել արժեւորվում է քո ծննդյան օրը նաեւ այն իմաստով, որ դու այն դիմավորում ես հայոց բանակում, մարտական ընկերներիդ հետ՝ դպրոցում ու հայրենի օջախներում նախնյաց ոգեղեն դասերը սերտած քաջազուն այն տղաների, ովքեր քեզ պես սիրով ու պատասխանատվությամբ ամիսներ առաջ են զինվորագրվել հայրենիքի պաշտպանությանը:

Հիմա, երբ դու Արցախ աշխարհում ես ու ավելի հստակ ես պատկերացնում խաղաղության արժեքը, մենք` հայրդ, փոքրիկ քույրդ` Ջուլին, ու ես, մի քիչ անհանգիստ ենք, որ սարերի այն կողմում դարավոր ոսոխն է, միաժամանակ՝ հանգիստ, որ այդ անառիկ լեռների ու սարերի թիկունքում դուք եք` նորօրյա հերոսներդ, եւ անսահման հպարտ ենք:

Կանցնեն ծառայության օրերը, կվերադառնաս տուն ու կշարունակես ուսումդ Երեւանի պետական համալսարանի մեխանիկական մաթեմատիկայի ֆակուլտետում` քո նախընտրած սիրելի մասնագիտությամբ: Նաեւ սիրով ու անսահման հպարտությամբ կհիշես զինվորական ծառայությունդ: Անշուշտ, պատեհ առիթ կլինի համալսարանի «Վարդանանց ակումբում» անթարթ հայացքով նայելու ու հպարտորեն պատվի առնելու Արցախյան ազատամարտում հայրենիքի զոհասեղանին իրենց կյանքը մատաղած համալսարանական հայ հերոս որդիների հիշատակի առջեւ:

Շնորհավոր ծնունդդ, որդի՛ս, անփորձանք ծառայություն:

Սիրով` քո մայր Արփինե

Խորագիր՝ #40 (1109) 15.10.2015 - 21.10.2015, Ազգային բանակ


15/10/2015