Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱՆԱԿԸ` ԹԻՎ 1 ԴՅՈՒՑԱԶՈՒՆ



Զրույց «Դյուցազունների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ, «Դյուցազնագրքի» հեղինակ ՎԱՐԴԱՆ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ հետ:

-Պարոն Թովմասյան, Դուք ստեղծել եք մի կազմակերպություն, որը արձանագրում, «օրինականացնում» է հայ արտասովոր մարդկանց սխրանքները տարբեր բնագավառներում: Դա մոտավորապես նման է «Գինեսի ռեկորդների գրքին»: Նախ` ուզում եմ իմանալ` Դուք ի՞նչ կապ ունեք այդ բնագավառի հետ, եւ ինչպե՞ս ծնվեց հայոց «Դյուցազնագիրք» ստեղծելու մտահղացումը։

-Զարմանալի զուգադիպությամբ` ես ու «Գինեսի ռեկորդների գիրքը» տարեկիցներ ենք: Ու մեզ մի կրտսեր եղբայր էր հարկավոր` հայոց «Դյուցազնագիրքը»։

-Այդ դեպքում՝ ես փոքրիկ տեղեկագիր ներկայացնեմ Ձեր կենսագրությունից։ Ավարտել եք Երեւանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը: Տարբեր պաշտոններ եք զբաղեցրել «Սեւան» մարզական խորհրդում: Այժմ Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի փոխտնօրենն եք:

-Հայոց «Դյուցազնագրքի» հանձնաժողովի ստեղծումը կապված է Սեյրան անունով 6-ամյա փոքրիկի «քաջագործության» հետ: Հայրը երեխային բերում է «Սպորտ կոմիտե» ու ներկայացնում հայտնի ջրացատկորդ Դավիթ Համբարձումյանին. փոքրիկը մեկ ժամում 3 հազար կքանիստ է կատարում: Եվ հենց այդ ժամանակ էլ ծնվում է հայ դյուցազունների հաղթանակներն արձանագրելու, հայոց բազկի եւ մտքի թռիչքները ներկայացնելու մտահղացումը:

-Ի՞նչ բաժիններ կան «Դյուցազնագրքում», ո՞ր բնագավառների ռեկորդները կարող են տեղ գտնել այնտեղ:

– Ունենք «Ընտանիք» վերտառությամբ բաժին, որում ներկայացվում են դյուցազնական ընտանիքները: Հայաստանում նման ընտանիքներ շատ կան. ընտանիքի բոլոր անդամներն օժտված են արտառոց ունակություններով: «Մանուկ դյուցազուններ» խորագիրը ներկայացնում է փոքրիկ «Սասունցի Դավիթներին»: Զարմանալի հզոր` ֆիզիկապես ուժեղ եւ սուր մտքով սերունդ է բարձրանում Հայաստանում: Անհավանական ունակություններով երեխաներ կան մեր շուրջը£ Մենք առանձին բաժին ենք նվիրել բանակին, որովհետեւ բանակը մեր երկրի թիվ 1 դյուցազունն է եւ մարզական ռեկորդների քանակով գերազանցում է նույնիսկ սպորտային կառույցներին:

«Դյուցազնագրքում» ընդգրկել ենք նաեւ «Փրկարար» բաժինը: Պարզվում է, որ մենք վեհանձն-խիզախ ժողովուրդ ենք: Ոչ մի ազգի մեջ այսքան ինքնաբուխ փրկարար չկա, որքան հայերիս մեջ: Միայն մենք կարող ենք այսպես անձնազոհ ու քաջաբար մեզ վտանգի ենթարկել՝ ուրիշին փրկելու համար: Ու սխրանք գործել:

«Դյուցազնագրքում» կան նաեւ մշակութային ռեկորդներ, ինչպես նաեւ մտավոր, մարմնամարզական, ֆիզիկական ուժի եւ այլն:

-Իսկ չունե՞նք «ամենա-ամենա» բաժին, որից կիմանայինք, թե ով է ամենաբարձրահասակ, ամենագեր, ամենածեր կամ ամենագեղեցիկ հայը:

-Ունենք «Զարմանազան» բաժին, որը ներկայացնում է նմանատիպ ռեկորդները: Բայց մենք գիրքը կոչել ենք «Դյուցազնագիրք» եւ շեշտադրում ենք ոչ թե արտառոց փաստերը, այլ դյուցազնական` մարդու ֆիզիկական եւ մտավոր ուժի թռիչքները, այն ամենը, ինչը ձեռք է բերվել կամքի ուժով: Հայաստանի ամենաբարձրահասակ մարդը 2.30 հասակ ունի: Սա մենք արձանագրել ենք «Դյուցազնագրքում»: Բայց մեզ համար բարոյական հնչերանգ ունի եւ հպարտանալու առիթ է, որ դյուցազունների թվով Հայաստանն առաջին տեղում է աշխարհում: Այսքան օժտված, այսքան վառ, ուժեղ ու տաղանդավոր:

-Չգիտեի: Դուք ասացիք, որ մեր «Դյուցազնագրքում» արձանագրվում են նաեւ մշակութային նվաճումները: Պիտի խնդրեմ, որ մեկ օրինակ նշեք, որպեսզի հասկանալի լինի, թե ինչպիսի նվաճումների մասին է խոսքը:

-Օրինակ` աշխարհահռչակ ջութակահար Նիկոլայ Մադոյանը մեկ համերգի ընթացքում անգիր նվագեց Պագանինիի բոլոր 6 կոնցերտները, իսկ նկարչուհի Վերա Հարությունյանը նկարում է 10 մատներով: Մատները թաթախում է ներկի մեջ ու կտավի վրա 10 մատները միաժամանակ շարժելով` ստանում է հրաշալի գեղանկարներ:

– Վերա Հարությունյանը արտերկրում է ապրում, մենք պայմանավորվել ենք հարցազրույց անել, երբ գա Հայաստան։

-Իսկ Կարապետ Գեւորգյանի մասին լսե՞լ եք, որը ջայլամի ձվի վրա նկարել է 198 հայտնի քաղաքական եւ մշակութային գործիչների դիմանկարները: Ընդ որում` հայոց 132 կաթողիկոսներին: Այդ ձվերից մեկը Օբամայի աշխատասենյակում է դրված:

-Հավանաբար, Օբամայի պատկերով:

-Այո:

-Իսկ ովքե՞ր են մեր ամենատարեց եւ ամենափոքրիկ դյուցազունները:

-Ամենատարեցը Միլիտոս Մելքոնյանն է: Ըմբշամարտի գյումրեցի մարզիչ է: 9 կիլոգրամանոց մուրճը 500 անգամ խփում է սալին: Իսկ ամենափոքրիկը 6 ամսական Աղասի Աղասյանն է, որը 6 լիտրանոց ջրով լի դույլը կտրեց գետնից եւ 1 րոպե պահեց օդում: «Դյուցազնագրքում» ընդգրկել եմ նաեւ մի կնոջ, որը 96 տարեկան է, բայց 36 տարեկանի արտաքին ունի. Չայկովսկու դպրոցի ուսուցչուհի Մարիամ Տոնյանը շարունակում է երիտասարդական եռանդով աշխատել, դասավանդել: Կարծում եմ` այս ռեկորդը շատ ավելի մեծ դաստիարակչական ենթատեքստ ունի, քան, ասենք, ինչ-որ մեկի մազերի կամ լեզվի երկարությունը: Ես ցանկանում եմ, որ մեր «Դյուցազնագրքում» իր պատվավոր տեղն ունենա նաեւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի անունը, որի ամեն օրը, ամեն ժամը սխրանք է, որը ոտքով չափում է Հայաստանի սահմանները, երբեք որեւէ սահմանափակում չի մտցնում պաշտպանության նախարարի իր ծանրաբեռնված առօրյայում: Ամեն օր մարզվում է: Բայց մենք հո գիտե՞նք, թե ինչ գերմարդկային ջանքերի գնով է նա պահպանում իր մարզավիճակը եւ ապրում շատ ավելի լիարյուն ու ակտիվ, քան միլիոնավոր կատարյալ առողջ տղամարդիկ: Մեր նախարարը մեր դյուցազնական բանակին արժանի նախարար է:

-Իսկ հիմա «դյուցազնական» բանակին անդրադառնանք: Ասում եք` բանակն աչքի է ընկնում ռեկորդների քանակով:

-Այո՛, բանակը ֆիզիկական ուժի հետ կապված գրեթե բոլոր ռեկորդները իրենով է արել: Խնդրեմ: Ալեքսանդր Բայանդուրյան` սպա, պատերազմի մասնակից: Մեկ ոտքով Արարատ սարն է բարձրացել: Շուտով մենք կանդրադառնանք նաեւ սպա Սարգիս Ստեփանյանի սխրանքներին` նա մեկ վերջույթ ունի միայն, մարտական առաջադրանքը կատարելիս վնասվել է ականի պայթյունից, բայց չի հանձնվել, այսօր մարզվում է եւ մեկ ձեռքով ահռելի ծանրություն է բարձրացնում: Ռուբեն Միքայելյան: Զինվոր է: 7 հազար 707 «պրես» վարժություն է անում:

-Դա անհավանական է:

– Նույնը կրկնում են Մանվել Մամոյանը, Ալբերտ Ջամալյանը, իսկ Կարեն Ավագյանը 10000 «պրես» վարժություն է կատարում: Երեքն էլ զինծառայող են: Սեւակ Շուշանյանը ֆուտբոլի գնդակը խաղարկելով անցել է Արմավիր-Երեւան ճանապարհի 5 կիլոմետրը: Սերգեյ Թեւոսյանը բութ մատների վրա մարմինը պահում է օդում հորիզոնական դիրքում: Վլադիմիր Եպիսկոպոսյանը ռեկորդներ է սահմանում պտտաձողի վրա: Սպա Միքայել Սումբուլյանը կցագնդերով տարբեր ռեկորդներ է սահմանում: Գրիգոր Թեւոսյանը 3 րոպեում 99 դեպի վեր ձգում է անում պտտաձողի վրա: Ահարոն Վիրաբյանը 11 ռեկորդ է սահմանել մատների վրա հենում-ծալում վարժությունից: Արտավազդ Հակոբյանը կամուրջ դրությունից 104 կգ ծանրությունը պահել է որովայնի վրա 17 վայրկյան, որի համար դարձել է Գինեսի ռեկորդակիր:

-Իսկ ե՞րբ լույս կտեսնի «Դյուցազնագրքի» երկրորդ հատորը:

-Շուտով: Ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ հատորի հովանավորը «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամն է: Շատ կուզենայի, որ մեր դյուցազուններին ներկայացնող գիրքը հասնի բոլոր հայերին, հպարտություն ու ինքնավստահություն ներշնչի մեզ:

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #40 (1109) 15.10.2015 - 21.10.2015, Բանակ և հասարակություն, Հոգևոր-մշակութային


15/10/2015