Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԴԻՊՈՒԿԱՀԱՐՆԵՐԻ ՊԱՏԵՐԱԶՄ. ՄԵՆՔ ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ



Դիպուկահարների պատերազմ՝ շատերն այսպես են բնորոշում վերջին շրջանում Ադրբեջանի հետ շփման գծում տիրող իրավիճակը: Երկուստեք զոհերի եւ վիրավորների մի մասը հենց դիպուկահարների կրակի արդյունք է: Հայկական կողմը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով ընթացող բանակցություններում բազմիցս բարձրացրել է դիպուկահարներին առաջին գծից հետ քաշելու հարցը, սակայն Ադրբեջանը համառորեն հրաժարվում է այդ գաղափարի իրագործումից:

Հաշվի առնելով հարցի կարևորությունը՝ արդեն հինգ տարի է՝ ՀՀ զինված ուժերի կազմում գործում է մի առանձնահատուկ զորամաս՝ դիպուկահարների պատրաստության դպրոցը: Այս տարիների ընթացքում զորամասում ՀՀ զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների համար պատրաստել են մի քանի հարյուր բարձրակարգ մասնագետներ, որոնք ունակ են ամենածանր պայմաններում կատարելու իրենց առջև դրված մարտական խնդիրը: Մասնագիտական դասընթացներն ավարտած զինծառայողների բարձր մարտական պատրաստության ամենավառ օրինակը թերևս այն փաստն է, որ նրանցից որևէ մեկը չի հայտնաբերվել թշնամու կողմից: Փոխարենը գրեթե բոլորն էլ մասնակցել են առաջնագծում մարտական խնդիրների կատարմանը, խոցել հակառակորդի համապատասխան թիրախները, որոնց շարքում քիչ չեն նրանց իսկ դիպուկահարները:

Օրերս զորամասի կազմավորման հինգերորդ տարեդարձի կապակցությամբ զորային հրաձգարաններից մեկում կազմակերպվել էր հանդիսավոր միջոցառում, որի ընթացքում դպրոցի զինծառայողները գործնականում ցուցադրեցին իրենց կարողությունները: Ամենից առաջ դիպուկահարների զույգը ներկայացրեց հակադիպուկահարային գործողության դասական կարգը: Այն է՝ զույգի 2-րդ համարը կատարեց հրաձգության ելակետային տվյալների հաշվարկում: Պահպանելով քողարկման կանոնները՝ զույգն իրարից որոշակի հեռավորության վրա գործեց: Թշնամու թիրախը հայտնաբերվեց, ապա առաջին դիպուկահարը կրակի քարտով տվյալները ճշգրտելուց հետո խոցեց այն:

Այնուհետև կրակային զույգը ներկայացրեց արգելագոտիների հաղթահարման «ՎԱՀԱԳՆ» վարժությունը, որը ենթադրում է ՎԱՐՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ԱՆՁՆՈՒՐԱՑՈՒԹՅՈՒՆ, ՀԱՆԴԳՆՈՒԹՅՈՒՆ, ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆ, ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅՈՒՆ, ՆՊԱՏԱԿԱՍԼԱՑՈՒԹՅՈՒՆ: Նրանք հաղթահարեցին մի շարք արգելքներ, նաև ականապատ դաշտը, ապա կրակային դիրք զբաղեցրին: Առաջին կրակոցից հետո զույգը չհայտնաբերվելու համար արագ և աննկատ փոխեց կրակային դիրքը:

Ներկայացվեցին նաև հետախուզական խմբի կազմում գործող դիպուկահարների գործողությունների առանձնահատկությունները. խումբը, հակառակորդի ինժեներական արգելափակոցները հաղթահարելով, հնարավորինս մոտենում է հակառակորդի օբյեկտին, իսկ դիպուկահարները ոչնչացնում են տվյալ օբյեկտի պահպանությունն իրականացնող անձնակազմը, նաև հետագայում ապահովում մեր տղաների անվտանգ նահանջը: Տպավորիչ և ազդեցիկ էր հատկապես պայմանական հակառակորդի հարձակման ժամանակ դիպուկահարների խմբի կրակի ցուցադրությունը: Տարբեր տրամաչափի զենքերից ոչնչացվեցին հակառակորդի թեթև զրահապատ տեխնիկան և ստորաբաժանումների անձնակազմը:

Զինծառայողները ցուցադրեցին նաև ձեռնամարտի հնարքներին տիրապետելու իրենց վարպետությունը: Չէ՞ որ պատերազմում հնարավոր են ամենատարբեր իրավիճակներ, երբ դիպուկահարը, կրակային դիրքի ճիշտ ընտրությունից, հեռավորություն չափելուց, դիպուկ կրակելուց զատ, պարտավոր է նաև հաղթել հավանական մերձամարտում:

Միջոցառման ավարտին դպրոցի առավել աչքի ընկած զինծառայողները պարգևատրվեցին: Շնորհավորելով բոլորին՝ ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ, գնդապետ Տիրան Խաչատրյանը նշեց, որ դիպուկահարներ պատրաստող դպրոցը շատ մեծ դերակատարում ունի զինված ուժերի համար որակյալ մասնագետներ կրթելու գործում: Նա նշեց նաեւ, որ ոչ մեկի համար գաղտնիք չէ դիպուկահարի մասնագիտության կարևորությունը, քանի որ վաղուց ապացուցված է՝ մեկ կամ մի քանի դիպուկահարը կարող է անել այն, ինչ չի կարող մի քանի խոշոր ստորաբաժանում, ընդհուպ մինչև գումարտակի, գնդի հարձակման կասեցումը: Մեր դիպուկահարներն ի զորու են կատարելու ամենաբարդ և պատասխանատու առաջադրանքները:

Իհարկե, մասնագիտական հմտությունների ցուցադրությունը գեղեցիկ էր, տպավորիչ, սակայն արտաքուստ հեշտ ու սովորական թվացող գործողությունները իրականում երկարատև ու տքնաջան աշխատանքի արդյունք են:

Ուսումնական գործընթացի մասին որոշակի մանրամասներ ներկայացրեց զորամասի հրամանատարի տեղակալ, մայոր Դուրյանը: Նա նշեց, որ իրենց մոտ զինծառայողները պատրաստության տարբեր աստիճաններ են անցնում: Կան զրոյից մասնագիտությունը սովորողներ, կան նաև արդեն իսկ որոշակի հմտություններ ունեցող մասնագետներ, եւ դեռ պետք է ավելի խոշոր տրամաչափի զենքերին տիրապետեն: Կատարվում է նախնական խիստ ընտրություն: Պատահում է, որ թեկնածուները տարբեր պատճառներով չեն համապատասխանում սահմանված չափորոշիչներին: Նրանք միանգամից ուղարկվում են իրենց մշտական տեղակայման վայրեր՝ այլ բնույթի ծառայություն իրականացնելու համար:

Ուսումնառության սկզբնական շրջանը մեղմ է: Ապագա դիպուկահարները ծանոթանում են զենքերի կառուցվածքին, դրանց կիրառման կարգին, նշանակությանը: Շատ մեծ տեղ է հատկացվում հոգեբանական պատրաստությանը, ինչը դիպուկահարի հաջողության գլխավոր գրավականներից է: Պատրաստության ընթացքում դիպուկահարները նվազագույնը 400 մարտական փամփուշտ են կրակում: Կարելի է ասել, որ առաջին հարյուրը հոգեբանական բարդույթներից ձերբազատվելու նպատակ ունի: Զինծառայողը վստահություն է ձեռք բերում իր իսկ ուժերի նկատմամբ, վարժվում է զենքին, «մտերմանում»՝ կազմելով մի միասնություն: Ապա սկսվում է պարապմունքների առավել հագեցած ու ծանր շրջանը: Ֆիզիկական պատրաստության վարժանքներ, կրակային բարդագույն խնդիրներ և այլն: Բոլորը գերազանց կատարելուց հետո միայն զինծառայողին տրվում է դիպուկահարի «կոչում»: Դժվար է ուսուցումը, բայց միայն այդ ճանապարհով կարելի է պատրաստել բարձրակարգ, որակյալ դիպուկահարներ, որոնք կկարողանան պատերազմական իրավիճակում մարտական խնդիրներ կատարել:

Բնականաբար, շատ մանրամասներ չենք կարող ներկայացնել դիպուկահարների պատրաստման դպրոցի գործունեության մասին: Բայց մի բան պարզ է. դիպուկահարների պատերազմում մենք հաղթում ենք:

Արսեն ԱՂԵԿՅԱՆ
Լուսանկարները՝ Արեգ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #40 (1109) 15.10.2015 - 21.10.2015, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


15/10/2015