ՖԻԱՆՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ԿՀԱՆԳԵՑՆԻ՟ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ
Ռուսաստանի Աշխարհաքաղաքական խնդիրների ակադեմիայի նախագահ, պաշտոնաթող գեներալ-գնդապետ Լեոնիդ Իվաշովի և նույն ակադեմիայի վերլուծաբան Կոնստանտին Սիվկովի կարծիքով, համաշխարհային ցանկացած ֆինանսատնտեսական ճգնաժամ հանգեցնում է սոցիալ-քաղաքական ճգնաժամի և, ի վերջո, համաշխարհային պատերազմի: Բացառություն չէ 2009-2010թթ. ֆինանսատնտեսական ճգնաժամը:
Որոշ վերլուծաբանների կարծիքով, ապագա պատերազմում հիմնական ճակատներն անցնելու են ոչ թե Եվրոպայով, այլ Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանով ու մահմեդական աշխարհի երկրներով: Միգուցե դա է պատճառը, որ եվրոպական երկրները կրճատում են ցամաքային զորքերը, ծանր սպառազինությունը` տանկերը, զրահատեխնիկան, հրետանին, և ուշադրությունը կենտրոնացնում են անօդաչու թռչող սարքերի նման մարտական համակարգերի վրա:
Ի տարբերություն Եվրոպայի, Ռուսաստանը չի կարող նույն կերպ վարվել, քանի որ սահմանակցում է և՜ Մահմեդական աշխարհի երկրների, և՜ Ճապոնիայի ու Չինաստանի հետ, որոնք բացահայտ կամ քողարկված տարածքային պահանջներ ունեն նրանից: Ռուսաստանին պետք են և՜ բարձրտեխնոլոգիական ՌՕՈՒ, ՈԾՈՒ, և՜ ցամաքային զորքեր:
Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի տվյալներով` 2002-2009թթ. աշխարհում ռազմական ծախսերը համարյա կրկնապատկվել են` 770 մլրդ դոլարից հասնելով 1336 մլրդ դոլարի: