Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԻՆՏԵԼԵԿՏԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎՍ ՄԵԿ ՔԱՅԼ ԿԱՏԱՐՎԱԾ Է



«Միացյալ գործիքաշինարարական ընկերությունը» (ОПК, ընդգրկված է «Ռոստեխ» պետձեռնարկությունում) ավարտել է տարբեր նպատակների համար նախատեսված ռոբոտների խմբավորումների ավտոմատացված կառավարման համակարգի փորձարկումը և այն հանձնել պատվիրատուին: Այս մասին հայտնել է ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Սերգեյ Սկոկովը:

««Ունիկում» ծրագրային համալիրը մեքենաները օժտում է մտավոր կարողություններով՝ հնարավորություն տալով նրանց առանց մարդկային միջամտության լուծելու մարտական և առօրեական խնդիրներ անհատապես կամ խմբավորման կազմում: Սա Ռուսաստանում նման առաջին համակարգն է, որն հաջողությամբ անցել է փորձարկումն ու ճանաչվել պիտանի, ընդունվել պետպատվիրատուի կողմից»,- ասել է Սկոկովը:

Ըստ նրա՝ ծրագրային համալիրը հնարավորություն է տալիս կառավարելու ռոբոտատեխնիկական վերգետնյա, օդային, ծովային ցանկացած միջոց օպերատորի նվազագույն միջամտությամբ:

«Դրա օգնությամբ ռոբոտները կարող են ինքնուրույն իրականացնել առաջադրված խնդիրները, տեսնել իրավիճակը, գնահատել այն, նախանշել ուղղությունները, համագործակցել մյուսների հետ: Ըստ էության, սա լիարժեք արհեստական ինտելեկտի ստեղծմանն ուղղված ևս մեկ քայլ է, որն օժտում է համակարգերը գրեթե մարդկային հնարավորություններով»,- ավելացրել է ընկերության գլխավոր տնօրենի տեղակալը:

«Ունիկում» համակարգը թույլ է տալիս ավտոմատ ռեժիմում միաժամանակ կառավարել մինչեւ 10 ռոբոտային համակարգ, գործել ռազմի դաշտում միայնակ կամ խմբերով: Ռոբոտացված համակարգերը կարող են իրականացնել դերաբաշխում, ընտրել ավագին իրենց շարքերում, փոխարինել անարդյունավետներին, գրավել նպաստավոր դիրքեր, կատարել թիրախի ընտրություն, թույլտվություն խնդրել դրանց խոցման համար եւ խոցել ավտոմատ ռեժիմում:

Պատրաստեց Հրանուշ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Խորագիր՝ #42 (1111) 29.10.2015 - 4.11.2015, Ռազմական


29/10/2015