Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄՆ-Ը ԴԵՌ ՔՈՂԱՐԿՈՒՄ Է



ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ

Սպասվում է, որ այս շաբաթ Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Դենիս Հասթերթը մեղավոր կճանաչվի գաղտնի վճարումներ կատարելու համար՝ դպրոցում ըմբշամարտի մարզիչ եղած ժամանակ իր կողմից սեռական բռնության ենթարկված տղաների լռությունը գնելու համար: Դաշնային դատախազների հետ մեղքի ընդունման այս գործարքը կնիք կդնի նրա դատական արձանագրությունների վրա՝ այդպիսով հանրությունից թաքցնելով նրա դեմ վկայությունների մանրամասները:

2005 թվականից ի վեր, երբ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) նախկին թարգմանչուհի Սիբել Էդմոնդսը բացահայտեց ԱՄՆ կառավարության ամենաբարձր մակարդակներում տիրող կոռուպցիան, վրդովված քաղաքացիներն անհամբեր սպասում են, որ իրավապահ մարմինները կքննեն նրա ցնցող բացահայտումները:

Հաշվի առնելով, ցավոք, Վաշինգտոնի և ամերիկյան գլխավոր լրատվամիջոցների երկարատև լռությունը, ես կարծում եմ, որ ժամանակն է մեկ անգամ ևս բացահայտել թուրքական խմբերի կողմից խոսնակ Հասթերթին կաշառելու մասին պնդումների աղմկոտ քողարկումը:

Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նախկին աշխատակից և Ազգային շահերի խորհրդի գործադիր տնօրեն Ֆիլիպ Ջիրալդին, «Ամերիքըն կոնսերվատիվ» կայքէջում թողարկեց օտարերկրյա կառավարությունների կողմից խոսնակ Հասթերթին շանտաժի ենթարկելու չարաբաստիկ մանրամասները:

Էդմոնդսը ՀԴԲ-ի իր պաշտոնից հեռացվեց՝ իր վերադասներին ամերիկյան պետական կառույցներ թուրք գործակալների ներթափանցումը բացահայտելուց հետո, «որոնք ձգտում էին ազդել Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության վրա, իսկ երբեմն էլ զբաղվելով ապօրինի գործունեությամբ»՝ ըստ Ջիրալդիի: «Կոռուպցիայի ծավալներն ընդգրկում էին բարձրաստիճան պետական պաշտոնյաների և կոնգրեսականների կաշառակերությունը՝ էմբարգոյի ենթարկված երկրների համար արտահանման թույլտվություններ դասավորելու և գաղտնի տեղեկատվություն բացահայտելու համար»,- գրել է Ջիրալդին:

Վկայություն տալու ժամանակ Էդմոնդսին հարցրեցին. «Արդյոք հիմքեր ունե՞ք ենթադրելու, որ, օրինակ, պարոն Հասթերթը տապալել է Հայոց ցեղասպանության բանաձևերից մեկը՝ դրա դիմաց այս թուրքական կազմակերպություններից գումար ստանալու համար»: Նա պատասխանեց. «Այո՛, ունե՛մ…. Ճիշտ է… և ոչ միայն փող վերցնելու, նաև այլ գործողությունների համար»: Ներկայացուցիչների պալատից հեռանալուց հետո, Հասթերթն աշխատեց Դիկշտայն Շապիրո վաշինգտոնյան ընկերությունում՝ որպես գրանցված լոբբիստ Թուրքիայի համար:

Էդմոնդսը նաև բացահայտեց, որ Հասթերթը «օգտագործել է իր առանձնատունը (Չիկագոյում), որը նստավայր չէր որոշակի ոչ այնքան բարոյական համարվող գործողությունների համար: Արդյոք դա է օգտագործվել շանտաժի համար, չգիտեմ, բայց փաստ է, որ այդ մասին գիտեին օտարերկրյա կառույցները, ըստ էության, նրանք տվյալ առանձնատանը երբեմն մասնակցում էին այդ ոչ այնքան բարոյական գործողություններին: Նրանք տեղյակ էին»:

Էդմոնդսը ասաց Կոնգրեսի քննիչներին, որ ՀԴԲ-ի հեռախոսային ձայնագրություններում թուրք անձինք պարծենում էին Հասթերթի հետ ունեցած իրենց գաղտնի հարաբերություններով: «Նրանք քննարկում էին նրան տասնյակ հազարավոր դոլարների գաղտնի վարձատրությունների վճարումը՝ քաղաքական հովանավորության և տեղեկատվության դիմաց: Շատ սղագրություններում կասկածյալների թվում էին քաղաքի թուրքական հյուպատոսությունից մի կասկածելի անձ, ինչպես նաև Թուրք-ամերիկյան խորհրդի և Թուրք-ամերիկյան ասոցիացիաների համագումարի մի քանի անդամներ, գործարար կառույցներ, որոնք, ՀԴԲ որոշ գործակալների կարծիքով, երբեմն որպես ծածկ են ծառայել կազմակերպված հանցագործության համար»,- գրել է Ջիրալդին:

Էդմոնդսը նշել է, որ հեռախոսային գաղտնալսումները պարունակում էին Հասթերթի դիրքորոշման կտրուկ փոփոխության բազմակի վկայակոչումներ՝ 2000 թ. աշնանը Կոնգրեսի կողմից Թուրքիայում 1915-1923 թթ. հայերի կոտորածները ցեղասպանություն անվանելու քարոզարշավի վերաբերյալ: 2000թ. օգոստոսին խոսնակ Հասթերթը հայտարարեց, որ ինքը կսատարի բանաձևին և այն կուղարկի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստ՝ քվեարկության համար: Բանաձևը, որին կտրականապես դեմ էին թուրքերը, իրականում ճնշող մեծամասնությամբ ընդունվեց Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից: Այնուհետև, հոկտեմբերի 9-ին, լիագումար նիստի քվեարկությունից քիչ առաջ, Հասթերթը այն հանեց…. Թուրքիայի հյուպատոսության մի բարձրաստիճան պաշտոնյա արձանագրված խոսակցության մեջ նշել է, որ «Հասթերթին համոզելու գինը, որ ցեղասպանության բանաձևը հանի, կարժենա առնվազն 500 հազար դոլար»,- հաղորդում է Ջիրալդին իր հոդվածում:

Տասնհինգ տարի անց ամերիկյան հասարակությունը դեռ սպասում է, որ ԱՄՆ կառավարությունը կհետաքննի խոսնակ Հասթերթի դեմ առաջադրված լուրջ մեղադրանքները թուրքական կաշառակերության և շանտաժի վերաբերյալ…

Թարգմանությունը՝ Ռուզաննա ԱՎԱԳՅԱՆԻ

Խորագիր՝ #42 (1111) 29.10.2015 - 4.11.2015, Պատմության էջերից, Տարածաշրջան


29/10/2015